ՀՀ Կառավարությունը չկարողացավ անհրաժեշտ մասշտաբով և արագությամբ մեկնարկել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման գործընթացը։
2021թ. Կառավարության ընդունած մինչև 2026թ. միջոցառումների ծրագիրը [1] նախատեսում էր բավականին հավակնոտ ներդրումներ անել գիտության մեջ։ Սակայն բյուջեի կատարողականների, եկող տարիների բյուջեի պլանների և պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի բյուջեի ուսումնասիրությունը, հիմք է տալիս եզրակացնել, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծրագրերով նախատեսված հատկացումներն ամբողջությամբ չեն իրագործվելու, և Կառավարությունը վերջնականապես տապալելու է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման, ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերի զարգացման գործընթացը։
Վերոնշյալի մասին են վկայում հետևյալ փաստարկները.
1.Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործում և այս պահի դրությամբ չի պլանավորում իրագործել գիտության և ԳՀՓԿ աշխատանքների համար իր իսկ հաստատած միջոցառումների ծրագիրը։
Կարդացեք նաև
Ըստ Կառավարության մինչև 2026թ. միջոցառումների ծրագրի [1, էջ 274-287] նախատեսվում էր ամեն տարի ավելացող ներդրումներ անել գիտության մեջ։
Համադրելով այդ ներդրումների թվերը 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառած պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված հատկացումների [3] հետ (Կառավարության միջոցառումների ծրագրում բացակայում է պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների պատվերի չափերը [1, էջ 159-161]) երևում է Կառավարության այդ պահին գիտության և ԳՀՓԿ աշխատանքների մեջ ներդրման ծրագրերի ծավալը (գծապատկերում կապույտ սյուներ)։ Սակայն վերլուծելով այս տարվա բյուջեն [4], դրա կատարման սպասումը (տես կետեր 2 և 3), 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը [5] և 2023թ. բյուջեի նախագիծը [6] երևում է՝ գիտության/ԳՀՓԿ աշխատանքների համար Կառավարության ծրագրով հաստատած գումարային հատկացումներն ամեն տարի ամբողջությամբ չեն կատարվում (գծապատկերում նարնջագույն սյուներ)։
2.Այս պահին մեր կանխատեսումով Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործելու այս տարվա գիտության բյուջեի «83% ավելացման» զգալի մասը։
Այս տարվա բյուջեի մեջ նախատեսված «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում» միջոցառման համար նախատեսված էր 2.5 մլրդ դրամ [2]։ Մեր ունեցած տեղեկությամբ այս ծրագիրը դեռ չի մեկնարկվել, չնայած որ տարին արդեն ավարտվում է։ Հատկանշական է, որ այս տողը պետական պաշտոնյաների կողմից հաճախ «գովազդվող» գիտության համար հատկացումների «83%-ով ավելացման» մոտ 1/4 մասն է կազմում։
Գերազանցության կենտրոնների ստեղծումը հանդիսանում է Հայաստանում գիտահետազոտական ներուժի զարգացան, գիտության երիտասարդացման, միջավայրի բարելավման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր նախագիծ։ Եթե որևէ պատճառով այդ միջոցները հնարավոր չի եղել ստանալ ԵՄ-ից, այս հարցով շահագրգռված Կառավարությունը, որն ամեն առիթով գովազդում է «83%-ով ավելացումը», պետք է իրագործեր այդ ծրագիրը ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
3. Արդեն քանի տարի է Կառավարության քայլերը վկայում են, որ վերջինս անունակ է ամբողջությամբ իրագործել նույնիսկ պետական բյուջեով հատկացվող փոքրածավալ պաշտպանական ԳՀՓԿ ծրագրերը։
Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության թիվ 1703-Ն որոշմամբ 395 մլն դրամի վերաբաշխում է արվել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից [10]։ Նույն ծրագրից ևս 295 մլն դրամի վերաբաշվում էր արվել սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ Կառավարության թիվ 465-Ն որոշմամբ [9]։ Բացի այդ, 2021թ. Կառավարությունը նույն ծրագրի համար նախատեսած 4.7մլրդ դրամից ընդամենը 1.17 մլրդ դրամն է կարողացել ծախսել համապատասխան ծրագրերի համար [7]։
Այս պատկերը տեսնելուց հետո «Գիտուժ» նախաձեռնության համայնքի համար առնվազն զարմանալի է սույն թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության ղեկավարի հետևյալ միտքը. «…եթե որևէ մեկը ձեզ կասի, որ էսօրվա ընկերությունները ռազմաարդյունաբերական պատրաստ են կլանել ավելին քան Կառավարությունը հատկացնում է, լուրջ չվերաբերվեք…» [8, 2:38:49]։ Պաշտպանական ԳՀՓԿԱ պատվեր ձևավորելը ու այդ պատվերի կատարման համար ունակ էկոհամակարգ զարգացնելը, այդ թվում ռազմաարդյունաբերական ընկերությունների աշխատանքի համար բարենպաստ միջավայր ստեղծելը և պետության հետ համագործակցության համար գործող ընթացակարգեր մշակելը ժողովրդի կողմից ընտրած Կառավարության անմիջական պատասխանատվությունն է։
4.Սեպտեմբերի 30-ին e-draft.am հարթակում քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը [11]։
Հատկանշական է հետևյալը.
Ծրագրում բացակայում է ԳՀՓԿ աշխատանքների համար հատկացումների հանձնառությունը՝ թե՛ մեր պահանջի [2] հիման վրա (ՀՆԱ-ի կամ բյուջեի նվազագույն մասնաբաժնի ամրագրմամբ, համապատասխանաբար 1% և 4%), թե՛ ներկայում գործող օրենքում ամրագրված ձևով (ԳՀՓԿԱ-ին հատկացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունն իր իսկ ընդունած ծրագրերը հեշտությամբ անտեսում է և լիարժեք չի իրականացնում, օրենքում այս կետի ամրագրումն էլ ավելի կարևոր է դառնում։
Օրենքի նախագծում առկա են այլ մտահոգիչ կետեր ևս։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում։
* ԳՀՓԿԱ — Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ
Հղումներ.
[1] ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիր; ՀՀ Կառավարության որոշում N 1902-Լ (18.11.2021), Հավելված 1, www.e-gov.am/gov-decrees/item/37300/
[2] Գիտուժի պահանջ (14.02.2021), gituzh.am/պահանջ
[3] Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիր 2022-2024թթ.; ՀՀ Կառավարության որոշում N 1171-Ն (12.07.2021), www.e-gov.am/gov-decrees/item/36575/
[4] ՀՀ 2022թ պետական բյուջեի մասին օրենք (09.12.2021), http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=7850&lang=arm
[5] Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիր 2023-2025թթ.; ՀՀ Կառավարության որոշում N 1010-Ն (30.06.2022), www.e-gov.am/gov-decrees/item/38599/
[6] ՀՀ 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ; ՀՀ Կառավարության որոշում N 1531-Ա (29.09.2022), www.e-gov.am/gov-decrees/item/39109/
[7] ՀՀ պետական բյուջեի 2021-2023թթ. բյուջետային ծախսերի համեմատություն; ՀՀ կառավարության 2023 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրի հավելվածներ, Աղյուսակ N 7, www.minfin.am/hy/page/petakan_byuje_2023t-nakhagits
[8] ՀՀ Վարչապետի ելույթը ԱԺ-ում (13.09.2022), https://youtu.be/6p7nl4bfZ8c?t=9338, 2:35:38-2:40:13
[9] ՀՀ Կառավարության որոշում N 465-Ն (07.04.2022), Հավելված 1, www.e-gov.am/gov-decrees/item/38041/
[10] ՀՀ Կառավարության որոշում N 1703-Ն (03.11.2022), Հավելվածներ 3 և 4, www.e-gov.am/gov-decrees/item/39277/
[11] «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ (30.09.2022), www.e-draft.am/projects/4788
«Գիտուժ» նախաձեռնություն