Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան․ «Անձամբ եմ հանդիպել Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի հետ, որպեսզի հրավիրեմ գագաթնաժողովին»

Նոյեմբեր 10,2022 14:55

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ անձամբ է հանդիպել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա կաթողիկոսի հետ եւ հրավիրել մասնակցելու համաշխարհային հայկական գագաթնաժողովին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարեհ Սինանյանը։

Հիշեցնենք, որ նախքան գագաթնաժողովը, Մայր Աթոռից հայտնել էին․ «Հաստատում ենք, որ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանավոր հրավեր է ուղղվել տարվույս հոկտեմբեր 28-ից 31-ը գումարվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու համար»:

Օրերս էլ Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել էր․«Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձնավորություն է՝ իր տրամաչափով, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Պետք է ավելի պատշաճ հրավիրվի, այն էլ վերջին պահի»։

Մինչ այս հարցազրույցը, Զարեհ Սինանյանը գագաթնաժողովի օրերին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր՝ երկու վեհափառների հետ էլ հանդիպել է ամիսներ առաջ։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սինանյանն անդրադառնալով Հանրային հեռուստատեսության եթերում հնչած հայտարարությանն, ասաց․ «Գագաթնաժողովից երեք ամիս առաջ անձամբ եմ գնացել՝ ի հարգանս Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, ի հարգանս ինստիտուտի, գնացել եմ՝ Վեհափառին հրավիրել եմ։ Երկու ժամ փորձել եմ համոզել, որ ճիշտ է ներկա լինել, եւ չի ստացվել։ Ծիծաղելի է հնչում, որ նամակով հրավիրելն ավելի լավ կլիներ։ Կներեք, չոր նամակ ուղարկեի՞, առանց առերեսվելու, դա ավելի լա՞վ կլիներ։ Իրենց արձագանքում նման առաջարկ կա, որ ճիշտ ձեւով չեն հրավիրել։ Լավ, սրանից հետո մենակ նամակներով կաշխատենք, որը ճիշտ չէ, նորմալ մոտեցում չէ։ Նորմալ մարդիկ, մանավանդ, երբ գործ ունեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին ինստիտուտի հետ, որպես երեւույթ, իհարկե, պետք է անձնական լինի մոտեցումը , որը ես ցույց եմ տվել»։

Սինանյանի խոսքով՝ Արամ Ա կաթողիկոսին եւս անձամբ է հրավիրել․«Գնացել եմ Բեյրութ, Սիրիա էի գնացել, բայց Բեյրութով եմ անցել, որպեսզի հատուկ Արամ կաթողիկոսին եւս հրավեր անեմ, եւ ոչ թե անեմ հեռախոսով, նամակով, այլ՝ անձամբ, որպես հարգանքի նշան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930