Ես կարծում եմ, որ մենք պետք է Հայաստանում կիբեռբանակ ստեղծենք, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունում, այնպես էլ գուցե ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից: Այդ կիբեռբանակը պետք է նպատակաուղղված պայքարի այդ կիբեռհանցագործությունների դեմ: Այս մասին հայտարարեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանն այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացած Ինտերնետ կառավարման ArmIGF-2022 հայաստանյան 7-րդ համաժողովում։
Նրա խոսքով, այսօր ինտերնետ տիրույթում շատ լուրջ վտանգ են ներկայացնում կիբեռհանցագործությունները և անհրաժեշտություն է առաջացել լուրջ պայքար տանել դրանց դեմ: Իգոր Մկրտումյանը հիշեցրեց, որ վերջերս մարզերում մի քանի երեխաներ ինքնասպանություն են գործել ինտերնետային խաղերի ազդեցության տակ և այս խնդիրը գնալով շատ անհանգստացնող է դառնում: Խնդրով մտահոգ մասնագետները մեդիագրագիտության, կիբեռհանցագործությունների վտանգների մասին դասախոսություններով կարողանում են հանդես գալ ընդամենը մի քանի հարյուր անչափահասների մոտ, սակայն խնդիրը գլոբալ է և անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի 1400 դպրոցների սովորողներին տեղեկացնել, կրթել կիբեռհանցագործության վտանգների մասին: «Դրա համար անհրաժեշտ է լայնաշերտ ինտերնետ, որպեսզի կարողանանք առցանց դասախոսությունների միջոցով բոլոր երեխաներին հասցնենք կիբեռհանցագործության վտանգների և դրանց դեմ պայքարելու միջոցների մասին»:
Մկրտումյանը կարծում է, որ պետությունը պարտավոր է լայնաշերտ ինտերնետը հասցնել ամենուր, Հայաստանի ամենահեռավոր վայրեր, քանի որ Հայաստանի զարգացման ներուժը մեր փոքր համայնքների և գյուղական վայրերի երիտասարդներն են, որոնք կարող են խթան հանդիսանալ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: «Մենք չենք կարող հիմնվել միայն արտասահմանյան դրամաշնորհների վրա, քանի որ դա բավարար չէ, որպեսզի այդ հարցը լիարժեք լուծվի: Ես կարծում եմ կառավարության դերն այստեղ շատ մեծ է, եթե ՀՀ կառավարությունը ներդրումներ չանի այստեղ, հնարավոր չի լինի լայնաշերտ ինտերնետը հասցնել հեռավոր բոլոր վայրեր»,-նշեց Մկրտումյանը:
Կարդացեք նաև
Նրա ներկայացրած հաջորդ խնդիրը վերաբերում էր դոմեյներին, համաձայն որի՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն է կառավարում հայկական դոմեյները /.am .hay/, որոնք ընդամենը 41 հազարն են, համեմատության համար Էստոնիայում ՝ 240 հազար դոմեյն, Լատվիայում, Լիտվայում 130 հազար դոմեյն: Մկրտումյանի կարծիքով, պատճառն այն է, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ չկա, «այլապես ինչպե՞ս բացատրել, որ Հայաստանում այդքան քիչ են դոմեյները»: Իգոր Մկրտումյանը մի փաստ մատնանշեց. գյուղական համայնքներում կազմակերպած իրենց դասընթացներին վերջին մեկ տարում միայն կանայք են մասնակցում, այս փաստը զարմացնում է իրենց վերադաս միջազգային կազմակերպություններին:
Համաժողովում քննարկվում են համացանցում տեղեկատվության կարգավորմանը, հասանելիությանը, ենթակառուցվածքների և արբանյակային ինտերնետի ծառայություններին վերաբերող հարցեր։ Համաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության , «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ