Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ նոյեմբերի 8-ին արված հայտարարություններին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ:
Օրակարգի չզեկուցվող հարցերի շրջանակում Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ:
Գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և համապատասխան որոշման մեջ և 1,449,852.0 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Որոշման նպատակը Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումն է. հատկացվող գումարը կուղղվի շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը:
Կարդացեք նաև
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով բյուջետային աջակցության Ծրագրի ներքո Հայաստանին կտրամադրվեն 100 մլն եվրո վարկային միջոցներ, որոնք կուղղվեն «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրի շրջանակը ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը և այլն:
Գործադիրի որոշումներով, «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Դրիմի դոմս», «Բեստպակ», «Բարսիս», «Ալեքս Սոկս» ՍՊԸ-ները և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից: Նշված արտոնության կիրառումը կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը և համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Փոփոխությունները պայմանավորված են դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «ԵԱՏՄ մասին» պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչը թույլ կտա ապահովել ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում։
Կառավարությունը որոշում է ընդունել Ժնևի ազգագրության թանգարանին, ցուցադրության համար, երկու հայկական դուդուկ նվիրաբերելու մասին: Որոշումն ուղղված է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքները չեզոքացմանը:
Գործադիրի որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը, որով հստակ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կացարանով ապահովման մեխանիզմները և միջոցները:
Նիստում որոշումներ են ընդունվել մի շարք գերատեսչությունների ծրագրերի և միջոցառումների գծով տնտեսված գումարները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ