Նախօրեին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցի 6-րդ «գ» դասարանում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Արցախի պահեստազորի սպա, արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Նելսոն Հակոբջանյանի ծննդյան օրվան: Ներկա էին Նելսոն Հակոբջանյանի հարազատներն ու մարտական ընկերները։
«Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունն ու բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանն իրենց աջակցությունն ունեցան միջոցառման կայացմանը։
Կարդացեք նաև
«Այս միջոցառումը յուրօրինակ դաս է։ Մենք հիշելով ու մեծարելով ազատամարտիկների հիշատակը, զորացնում ենք հայ ժողովրդի արմատները, որոնք լավագույն երաշխավորն են ամուր բուն, լայն սաղարթներ ունենալու։ Հայ ժողովուրդն ունենալով բարդ ու արյունալի ճակատագիր, մշտապես բարիք ստեղծող և բարին սիրող է եղել, պատերազմների մեջ չի դադարել ստեղծագործել։ Այսօր մեր երեխաները պետք է այդ բարին կրեն իրենց մեջ, քրիստոնեական կուռ հավատքով և արդի կրթությամբ պետք է ապրեն և Արցախի Հանրապետություն ապրեցնեն։ Թող ոչ մի զոհ չպահանջվի…»,-մեզ հետ զրույցում ասաց Սոնա Համբարձումյանը։
Բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը դասարանի ծնողների անունից շնորհակալագիր հանձնեց «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությանը` աշակերտներին աջակցելու համար։