Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջերմուկի անմիջական հարևանությամբ, մեր երկրի օկուպացված տարածքներում, ադրբեջանական զինուժը ճանապարհ է կառուցում․ պատրաստվում են ձմռան»․ Արման Թաթոյան

Նոյեմբեր 10,2022 12:42

«Ամբողջ ուսումնասիրության ընթացքը, մեր աշխատանքը վկայում է, որ ադրբեջանական զինված ուժերը չեն էլ պատրաստվում հեռանալ մեր գյուղերի ճանապարհներից, նաև օկուպացված տարածքներից»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Նա ահազանգեց, ավելին, ադրբեջանցիներն իրականացնում են ամրացման աշխատանքներ, շինարարություն, կառուցում են ճանապարհներ, բունկերներ, տարբեր շինություններ՝ մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ իրենց հանցագործ գործունեության իրականացման համար։

Արման Թաթոյանը շեշտեց․ «Խոսքը ոչ միայն մեր բնակիչների անվտանգությանն է վերաբերվում, զուտ մարդու իրավունքների խնդիրներին, այլ առավել մեծամասշտաբ, ազգային անվտանգության իրականացման խնդիրներին։ Ադրբեջանական զինվորները գտնվում են այնպիսի վայրերում, որ իրենց թիրախի տակ են պահում Տաթև ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ նման ռազմավարական բնույթի անվտանգության օբյեկտներ»։

Արման Թաթոյանը տեղեկացրեց՝ անցյալ շաբաթ այցելություններ են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ Նա ահազանգեց․ «Ջերմուկի անմիջական հարևանությամբ մեր երկրի օկուպացված տարածքներում ադրբեջանական զինուժի կողմից կառուցվում է բետոնե ճանապարհ։ Նրանք, մասնավորապես հանքերից, տարբեր տեղերից բերում են քարեր, մանրացնում, լցնում ճանապարհին, հետո ցեմենտի կամ այլ նյութերով միախառնում են։ Ակնհայտորեն ձմռան համար պատրաստվում են։ Այս ճանապարհները 10-12 մետր լայնություն ունեն։ Սրանք այն նույն ճանապարհն են, որ մենք անցյալ տարի հայտարարում էինք, որ ադրբեջանական զինուժը կառուցում է անօրինական ճանապարհներ Գեղարքունիքի մարզում։ Այս ճանապարհը բացարձակ նույն սկզբունքով կառուցվում է Ջերմուկի օկուպացված տարածքներում»։

Արման Թաթոյանը ցուցադրեց այս փաստերը վկայող լուսանկարներ․ Ջերմուկի Արջի սարի ուղիղ տեսանելիությունը, թե ադրբեջանական դիրքերից ինչպես է Ջերմուկը գտնվում ուղիղ ադրբեջանական տեսանելիության ներքո։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ Արման Թաթոյանն ասաց․ «Երեկվա ելույթը հատկապես է ցույց տալիս, թե որքան մեծ է վտանգը այս զինված զինծառայողների վտանգը, որ կանգնած են մեր բնակավայրերի ուղղությամբ։ Այդ տարածքների բնակիչները չեն կարողանում օգտագործել ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլև նրանք, որոնք ադրբեջանական նշանառության տակ են»։

Արման Թաթոսյանի կարծիքով՝ եթե այս իրավիճակում կնքվի խաղաղության պայմանագիր, այն չի գործելու։ Նա մանրամասնեց․ «Լինելու է մի հատ թղթի վրա կազմված, մի հատ էլ այն, ինչ տեղի է ունենում։ Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը և օգտագործում այդ պայմանագիրը՝ որպես կեղծ շղարշ։ Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա ո՞ր կողմն է ուզում խաղաղություն։ Ադրբեջանական զինված ծառայողները, որ այսքան դիրքեր են դրել մեր տարածքում՝ միայն փոքր Ներքին Հանդում մինչև 10 զինված դիրք կա, ամեն մի դիրքում էլ շուրջ 20 զինծառայող, էլ չասեմ՝ մանավանդ օկուպացված տարածքներում արդեն վառելափայտ էլ են տարել, չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ, իսկ դուք միամտորեն կարծում եք, որ նրանք խաղաղությա՞ն են պատրաստվում։ Նրանք մեր քաղաքացիների կյանքը վերածել են անհնարինության, ընտանիքի եկամուտը չեն կարողանում վաստակել։ Ուրվական գյուղեր ու քաղաքներ ունենք, օրինակ՝ Ներքին Հանդը։ Հիմա այնտեղ մարդ չկա, մինչդեռ նախկինում ակտիվ համայնք էր։ Պնդում եմ՝ ունենք հիմքերը, կա միջազգային իրավաբանություն նրանց հեռացնելու տեսանկյունից։ Մենք պետք է կարողանանք սովորել աշխատել փաստերի հետ, դիմենք ճիշտ թիրախների»։

Ըստ Արման Թաթոյանի՝ առաջնահերթ հարցերից մեկը Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումն է։ Ըստ նրա՝ դա կունենա նաև կանխարգելիչ նշանակություն։ Այնուհետև ահազանգեց՝ երբ կա զինված հարձակման վտանգ քաղաքացիների նկատմամբ, հրատապ պետք է այդտեղից չեզոքացնել այդ վտանգը, որպեսզի ապահովվեն մարդկանց իրավունքները։ Նա վստահեցրեց՝ գտել են ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումներն այս առիթով, որոնք կիրառելի են նաև մեր նկատմամբ։

Մյուս կարևոր ու հրատապ հարցը անվտանգության գոտու հարցն է։ Այս առիթով Արման Թաթոյանն ասաց․ «Անվտանգության գոտու հարցը միանշանակ է։ Դրա համար ոչ թե պետությունը պետք է իր առանցքային պաշտոնյաների միջոցով ասի՝ դրանք ադրբեջանական տարածքներ են, այլընտրանքային ճանապարհներ կառուցի, այլ պետք է այս ամենն օգտագործի ի բարօրություն իր ժողովրդի, որ խախտումները կարողանա ճիշտ ժամանակին և ճիշտ թիրախների ներկայացնել։ Դեռ այդ հիմքերը կան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից լուսանկարում՝ Փաստահավաք հատուկ առաքելությամբ նոյեմբերի 1-ին եռօրյա այցով Սյունիքի մարզում էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի («Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation) խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930