Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն»

Նոյեմբեր 10,2022 12:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս Շուշիում ունեցած ելույթին։

Փաշինյանի խոսքով՝ Ալիեւի արած հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի եւ ավելի լայն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե եւ ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձում է պայմանավորվածություններն ու պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանի Հանրապետությանը եւ մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում, Ալիեւի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման եւ հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»։

Փաշինյանն ասաց, որ տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։

Փաշինյանը նշեց՝ ի հեճուկս Սոչիի եւ Պրահայի հայտարարության, Ալիեւը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։

Ադրբեջանի՝ մի շարք պայմանավորվածությունների եւ հայտարարությունների խախտումներն արտահայտվում են, ինչպես նշեց վարչապետը, ԼՂ Խծաբերդ եւ Հին Թաղերի եւ հարակից տարածքների ապօրինի օկուպացնելով, ինչպես նաեւ այս տարի մարտին ներխուժելով ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, որը հիմա անվանում է օպերացիա Փառուխ։

Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ շփման գծում՝զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, ինչը, Փաշինյանի խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նա նշեց, որ այդ հայտնի փաստաթուղթը Ադրբեջանը ստորագրել է, որտեղ չորս անգամ հիշատակվում Լեռնային Ղարաբաղ անվանումը։

«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում, եւ զուգահեռաբար փորձում է կառուցողական երեւալ, հայտարարում է, թե ԼՂ հայերը իրենց քաղաքացիներն են եւ նրանց իրավունքներն ու անվտանգություն երաշխավորված են։ Թե այս պնդումը որքանով է համապատասխանում իրականությանը, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել եւ ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի եւ ԼՂ այլ հայաբնակ բնակավայրերի հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել էն 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Ադրբեջանն այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը ԼՂ։

Այս եւ նմանատիպ մի շարք գործողություններ եւ հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիեւը ոչ միայն սպառնում է, այլեւ նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն։ Այս մտադրությունն արտահայտված է նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ալիեւի մեկնաբանություններում, որոնք կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, եւ փարատված չեն ԼՂ հայության անվտանգության բոլոր մտահոգությունները»,-ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի, 2021 նոյեմբերի 26-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ալիեւն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում կայունության եւ անվտանգության ապահովման գործում․ «Ավելին, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը»։

Առանց ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների, խաղաղապահների դուրս բերման խոսույթ զարգացնելն, ըստ Փաշինյանի, ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլեւ ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930