JAMnews. Որքանո՞վ է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պայմանագրի ստորագրումը Թբիլիսիում, և եթե դա իսկապես տեղի ունենա, ի՞նչ նշանակություն կունենա թե՛ տարածաշրջանի, թե՛ միջազգային քաղաքականության համար։ Այս հարցը JAMnews-ն ուղղեց միջազգային հարաբերությունների դոկտոր, GIPA-ի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեին.
«Ակնհայտ է, որ կա հնարավորություն, և շրջապատում բոլորը խոսում են այդ մասին: Պայմանագրի ստորագրումն այսօր ամենաընդունելին է երկու կողմերի համար։ Հայաստանում հասկացել են, որ իրենց պաշտպանող չկա, և պետք է Ադրբեջանի հետ փոխզիջում գտնել։ Ռուսաստանը նրանց չի պաշտպանում, և նրանք դա հրաշալի հասկացան։
Մյուս կողմից, Ադրբեջանում նույնպես կարծես թե հասկանում են, որ ավելի բարեկամական և կառուցողական իշխանություն, քան այսօր Հայաստանում է, չի գա, և հիմա կա խաղաղության հասնելու հնարավորություն։ Բացի այդ, Ադրբեջանում գիտակցում են, որ եթե հիմա նոր պատերազմ սկսեն և ուղղակիորեն դիպչեն Հայաստանի տարածքին, ապա Ռուսաստանը կարող է միջամտել։
Երկու կողմերն էլ քաջատեղյակ են այս ամենին, և այն, որ Վրաստանը չեզոք կարգավիճակ է պահպանում Ղարաբաղում պատերազմի սկզբից ի վեր, ձեռնտու է թե՛ իրեն, թե՛ տարածաշրջանին։
Կարդացեք նաև
Վրաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ և ընդունելի գործընկեր է երկուսի համար էլ, ոչ միայն այն պատճառով, որ պահպանում է բարեկամական հարաբերություններ, այլև այն պատճառով, որ որևէ շահագրգռվածություն չունի այս հակամարտությունում։
Մենք Ռուսաստան չենք, մեզ միայն խաղաղություն է պետք տարածաշրջանում, ոչ մի նյութական շահ։ Մյուսները դա լավ գիտեն, և, հետևաբար, մենք ընդունելի գործընկեր ենք երկուսի համար:
Այդ համաձայնագրի ստորագրումը Թբիլիսիում, անկասկած, կընդգծի, որ նախ՝ Ռուսաստանի դերը տարածաշրջանում լրջորեն թուլացել է, երկրորդ՝ մեծացել է մեր դերը։ Հետևաբար, եթե դա իսկապես տեղի ունենա, ապա դա շատ լավ կլինի բոլորի համար։
Թուրքիան անընդունելի գործընկեր է Հայաստանի համար, Մոսկվան անընդունելի գործընկեր է Ադրբեջանի համար և, հավանաբար, արդեն անընդունելի է նաև հայերի համար, քանի որ նրանց հարաբերությունները վատթարացել են։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից առաջ Ռուսաստանը շատ էր լոբբինգ անում 3+3 ձևաչափի համար, մենք, իհարկե, այնտեղ չէինք մասնակցում, բայց պատերազմը լրջորեն փոխեց իրավիճակը և մեզ, տարածաշրջանին, հնարավորություն տվեց խոսելու եռակողմ ձևաչափի մասին՝ առանց Ռուսաստանի։ Իհարկե, նման ձևաչափը մեզ համար անընդունելի էր, քանի որ, նախ, այն բացառում էր Արևմուտքը, իսկ առանց Արևմուտքի Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունում դու շատ խոցելի ես։
Բայց տարածաշրջանի երեք պետությունները, իհարկե, ընդունելի են մեզ համար։ Այստեղ մենք որևէ մեկի հետ կիսելու բան չունենք։ Եվ սա ձեռնտու է նաև Արևմուտքին, ակնհայտ է, որ նա է կանգնած սրա հետևում։ Թբիլիսիի դերի ուժեղացումն այս տարածաշրջանում, իհարկե, անուղղակիորեն նշանակում է Արևմուտքի դերի ուժեղացում․ մենք կլինենք Արևմուտքի առաջին դաշնակիցը տարածաշրջանում։ Հետևաբար, եթե գործընթացն իսկապես այդպես ընթանա, կրկնում եմ՝ բոլորի համար շատ լավ կլինի»։
Ռուսուդան ՄԱՉԱԻՁԵ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: