Խաղաղության «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի, բացի Արցախի կորստի վտանգից, այլ խնդիրներ էլ է առաջ բերում. «Հայաստանի Հանրապետության խախտված սահմանների վերականգնման մասին այնտեղ որևէ արձանագրում չկար: Այնտեղ խոսվում էր տարածքային անկախության մասին, որն ինձ համար առնվազն անհասկանալի է: Հատկապես վերջին 30 տարում Ադրբեջանում գերակտիվ հակահայկական մթնոլորտ կա: Մեծ հաշվով, այդ խաղաղության պայմանագիր ասվածն իր ամբողջ էությամբ և բնույթով փուչիկ է և որևէ ձևով կապ չունի խաղաղության հետ: Այն ավելի շատ նման է «Նիկոլի ջարդի դարաշրջանին», քանի որ Հայաստանին սպառնացող մարտահրավերները վերացված չեն: Այս պայմաններում կուրորեն խաղաղության պայմանագրի հետևից գնալը քեզ կոտորելու հնարավորություն տալ է նշանակում: Այս մոտեցումը նաև նշանակում է իր «պատմական արդարության» համատեքստում Ադրբեջանին նոր ագրեսիայի ու Հայաստանին նոր կորուստներ պատճառելու հնարավորություն տալ»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ամեն դեպքում, «խաղաղության փաստաթղթի» հստակ ժամկետներ են նշվում, և այդ տեսանկյունից առկա հնարավորություններին՝ Գառնիկ Դավթյանը նշեց. «Այս իշխանությունների օրոք ես հնարավորություններ չեմ տեսնում, որովհետև դրանք հատկապես պատերազմից հետո որևէ կերպ չեն օգտագործվել: Կարող եմ շեշտել մասնավորապես Սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորելու և դրանից բխող հնարավորությունների մասին, որի հետ կապված աշխատանքներ չիրականացվեցին: Ադրբեջանին ճնշելու հարցում Սփյուռքի մեծ ներուժը ճիշտ չօգտագործվեց: Ադրբեջանը բազմապիսի պատերազմական հանցագործություններ է կատարել, եղել է ագրեսոր պետություն, այս ընթացքում գերիների հանդեպ ընդգծված դաժան վերաբերմունք է ցուցաբերում, նաև ունենք օկուպացված նոր տարածքներ: Ամեն տեսակ վատ իրավիճակի ու սցենարի դեպքում հայկական կողմը ոչ մի կերպ չի դիմագրավում Ադրբեջանին: Տարատեսակ պատճառաբանություններ են բերվում, խնդիրը նետում են նախկինների, Ռուսաստանի, Արևմուտքի, անգամ այլմոլորակայինների գրպանը, բայց չեն փորձում հասկանալ իրենց սխալները, թե ինչում են թերացել: Իսկ յուրաքանչյուրը, ով փորձում է հստակ փաստարկներով այս իշխանությանը պատին դեմ տալ, կա՛մ կալանավորվում է, կա՛մ ճնշումների ենթարկվում տարատեսակ այլ մեթոդներով: Իրենք, մեծ հաշվով, ոչինչ չեն անում Հայաստանի շահերն ու անվտանգությունը պահելու հարցում»:
Գառնիկ Դավթյանը շեշտեց՝ դեռ 2020-ից առաջ այնպես «բանակցեցին», որ գործընթացը պատերազմի հանգեցրեց. «Կապիտուլյացիայից հետո եկան իշխանության՝ ևս մեկ անգամ հնարավորություն տալով թշնամուն նոր պահանջներով ու պարտադրանքներով խոսել արդեն իսկ պարտված իշխանության հետ: Բացի այդ, իրենց ամբողջ ներուժով իրենք անկարող են: Չունեն ձևավորված պետական որևէ ներուժ, որով կարող են հստակ դիմագրավել, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագիր մատնանշել: Մենք տնտեսական, անվտանգային լուրջ խնդիրներ ունենք: Արտաքին դաշտում դաշնակիցների հետ լուրջ տարաձայնություններ ևս կան: Անգամ իրանական մեսիջները ճիշտ չեն ընկալվում, ու այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք չի տարվում: Իրենց դեպքում ամբողջ թերացումները մեկ ամբողջ փաթեթով են տեսանելի»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում