Իմ կողմից շատ հարգված «Նովայա գազետան» ռուսաստանյան լրատվամիջոց է, որը պուտինյան վայրագ գրաքննության պատճառով այժմ տեղափոխվել է Եվրոպա: «Ինչո՞ւ է Ռուսաստանը կորցնում իր վերջին դաշնակցին»՝ այդպես է կոչվում այդ լրատվամիջոցի ռեպորտաժը, որը նվիրված է Հայաստանում հասարակական տրամադրություններին: Այդ ռեպորտաժի հետ կապված՝ ես վերապահումներ ունեմ՝ սկսած վերնագրից, իսկ ավելի ճիշտ՝ «դաշնակից» բառից: Ինձ թվում, է այդ բառը հնացել է եւ նկարագրում է անցած դարի իրողությունները:
«Սառը պատերազմի» ժամանակ կային երկու դաշինքներ, որոնք իրար հետ մրցում էին ռազմական, տնտեսական եւ գաղափարական ոլորտներում: 1990-ականներին այդ մրցակցությունն ավարտվեց, դրա երեք բաղադրիչներն էլ վերաիմաստավորվեցին:
Միացյալ Նահանգները Ռամշտայնում եւ, ասենք, Օկինավայում ունի ռազմաբազաներ, բայց ես կդժվարանայի ասել, որ այդ երկիրը Գերմանիայի կամ, առավել եւս՝ Ճապոնիայի դաշնակիցն է: Եթե համապատասխան իրավիճակ ստեղծվի, ԱՄՆ-ն կգերադասի ի՛ր, սեփական պետական շահերը որեւէ այլ երկրի շահերից՝ հակառակ բոլոր պայմանագրերի, սիրո խոստովանությունների եւ «արժեքային նմանությունների» մասին խոսակցությունների: Ավելի դժվար է պնդել, որ Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան ունեն ընդհանուր գաղափարական արժեքներ, բայց Մերձավոր Արեւելքում այս պահին, այս ժամանակահատվածում նրանց շահերը համընկնում են: Սակայն բացառված չէ, որ 20 տարի հետո այդ թերակղզում «արաբական նոր գարուն» տեղի ունենա, եւ բռնապետությունը փոխարինվի քաոսով:
Այսօր ոչ ոք «դաշնակիցներ» չունի՝ ոչ մշտական, ոչ էլ ժամանակավոր: Խնդրո առարկա ռեպորտաժի բոլոր մասնակիցները «դաշնակից» բառը հասկանում են որպես ամուսնական մի խոստում, որը Ռուսաստանը դրժել է: Ի դեպ, այլընտրանքային կարծիքներ այդ նյութում գրեթե չեն հնչել, ինչը, կարծում եմ, այնքան էլ հարիր չէ սոլիդ լրատվամիջոցին: Եթե իմ կարծիքը հարցնեին, ապա ես կասեի, որ Պուտինը, ղեկավարվելով չափազանց սխալ քաղաքական եւ ռազմական հաշվարկներով, հարձակվել է Ուկրաինայի վրա՝ ենթադրելով, որ 3 օրում կգրավի Կիեւը: Դա տեղի չունեցավ, եւ Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ՝ փաստացի աղետի առջեւ: Այդ պայմաններում ՌԴ նախագահը աջակցություն է փնտրում այլ տեղերում, եւ այստեղ նրան օգնության է գալիս Էրդողանը՝ առավել եւս, որ նրանք դավանում են նույն «բռնապետական» արժեքները: Այսպիսով, տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը ավելի շատ են համընկնում, քան Ռուսաստանի եւ Հայաստանի (այդպես բազմիցս եղել է պատմության ընթացքում): Նեղանալ, բողոքել, ասել՝ «բայց չէ՞ որ մենք դաշնակիցներ ենք», անիմաստ է:
Կարդացեք նաև
Գտնել շահերի համընկնման տեղեր՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի եւ մնացածների հետ: Եվ այդպես կողմնորոշել հասարակությանը: Ահա թե ինչ է, կարծում եմ, այսօր պետք անել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Գտնել շահերի համընկնման տեղեր՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի եւ մնացածների հետ:”
Առանց որևէ հեգնանքի
Իսկ ըստ Ձեզ ,այդ ամենի փոխարեն,ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները։
Իսկական ժողովրդավարությունը՝ դա իշխանության ու ընդդիմության իսկական ծնողաբար սրտացավ վերաբերմունքն է իր երեխա ժողովրդի հանդեպ, ինչպես իսկական հրամանատարն է վերաբերվում իր նորակոչիկ զինվորներին, իսկականները մեծագույն հարգանք ունեն ժողովրդի եւ նորակոչիկների շրջապատում, առանց այդ հարգանքի դժվար կլինի խիստ օրենքներ եւ վարժանքներ ու գիտելիքներ տարածել ժողովրդի ու նորակոչիկների մեջ: Ժողովուրդը կարող է արդար ընտրություններում հիտլեր ընտրել եւ դա ժողովրդավարություն չէ, ժողովուրդը քաղաքականության մեջ մասնագետ չէ եւ պարտավոր չէ լինել քաղտեխնոլոգի մակարդակի հմուտ քաղաքագետ, ինչպես պետք չի ավտոբուսի վարորդի հմտություն ունենալ, որ ավտոբուսից օգտվել:
Ինչպես կան սիրո եւ հարգանքի մեջ մեծացած երեխաներ եւ կան անսեր կյանք տեսած երեխաներ, բայց վատ երեխաներ եւ վատ ժողովուրդներ չեն լինում, բոլոր ժողովուրդները ԴԱՇՆԱԿԻՑ ԵՆ, իսկ այդ ժողովուրդներին թշնամացնում են անմակարդակ, սեր ու հարգանք մանկուց չտեսած մանր երեւույթները, որոնք իշխանության գալու մոլուցքով են տառապում: Դրա համար մենք բոլորս պետք է այլընտրանքային ճանապարհներ գտնենք մեր դաշնակիցների հետ եւ հույսներս չդնենք մեր ոչդաշնակից ոչիսկական կառավարությունների վրա: Ժողովուրդներ բոլոր երկրների, միացե՛ք: