Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անհեթեթություն. տնտեսագետի գնահատականը՝ էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը

Նոյեմբեր 10,2022 15:30

Անհեթեթություն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն այսպես մեկ բառով որակեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օրերս արված այն հայտարարությունը, թե միջին քաղաքացին 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում, միաժամանակ չժխտելով, որ տարվա վերջին կարող է աղքատության ցուցանիշն ավելի բարձրանալ, քանի որ գնաճը շատ բարձր է:

«Մեկ բառով, սա՝ անհեթեթություն է, նախ՝ 14,1 տոկոսը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն իր բնույթով, այսպես ասած՝ «կեղծ», ոչ իրատեսական ցուցանիշ է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը դա ոչինչ չասող, որեւէ կոնկրետություն չմատնանշող ցուցանիշ է, որն ընդամենը ցույց է տալիս տնտեսության ընդհանուր վիճակը: Այսօրվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, այո, հնարավոր է, որ կազմում է 14.1 տոկոս, այո, տնտեսությունն աճ է արձանագրել, բայց չի խոսվում, թե այդ աճն ինչի հաշվին է: Այդ աճն ուղիղ կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով բազմահազար ռուսաստանցիների՝ Հայաստան տեղափոխվելու փաստի հետ, այստեղ հիմնավորված մարդիկ գործունեություն են իրականացնում տարբեր ոլորտներում»:

Տնտեսագետը հիշեցրեց նաեւ նմանատիպ մի այլ հայտարարություն, երբ կառավարության ներկայացուցիչները խոսում էին 63 տոկոսից ավելի արձանագրված արտահանման աճի, մոտավորապես նույնքան էլ ներմուծման աճի մասին. «Դրանք հիմնականում այն ապրանքներն են, որոնք Հայաստան են տեղափոխվում որպես սանկցիոն ապրանքներ, ձեռք են բերում Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ, այնուհետեւ արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն: Այս շղթայում Հայաստանի Հանրապետության բյուջեին որեւէ օգուտ չկա, այսինքն, եթե նույնիսկ այդ ապրանքները միանգամից ներմուծվեին Ռուսաստան՝ Հայաստանը ստանալու էր այնքան մաքսատուրքի չափաբաժին, ինչքան որ ստանում է հիմա, քանի որ ԵԱՏՄ տարածքում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, այսինքն՝ ներմուծվող ապրանքներից ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետություն ունի իր մասնաբաժինը, հետեւաբար Հայաստանի միջոցով կտեղափոխվի Ռուսաստան, թե՝ միանգամից Ռուսաստան կմտնի՝ Հայաստանի մաքսային մասնաբաժինը նույնն է: Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկին, ապա դա արտահանվող ապրանքների դեպքում հետ է վերադառնում տնտեսվարող սուբյեկտներին, հետեւաբար բյուջեի մուտքերի մասով մենք փոփոխություն, օգուտ չունենք»:

Հայկ Ֆարմանյանը չի ժխտում, թե տնտեսությունն ակտիվացել է, առեւտուրն ու սպասարկումը ավելացել են, նրա խոսքով, Հայաստանի տնտեսական կառուցվածքում 51 տոկոսից ավելին բաժին է ընկնում առեւտրի եւ սպասարկման ոլորտին, «բնականաբար, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից այս պահին 49-50 հազար քաղաքացի է մշտական բնակություն հաստատել Հայաստանում, բնական է, որ այդ ակտիվությունը պետք է գրանցվեր: Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի ասածին, թե մարդկանց կյանքը 14,1 տոկոսով լավացել է, ապա կրկնում եմ՝ դա անհեթեթություն է, որովհետեւ գնաճը պետք է հաշվի առնվի, եթե կենսաթոշակը բարձրացվում է իքս դրամով, ասենք՝ 2-3 հազար դրամով, իսկ դրան զուգահեռ գնաճը կազմում է 20-30 տոկոս, հետեւաբար, պետք է այդ համատեքստում դիտարկվի, թե մարդկանց կյանքը ինչքանով կփոխվի դեպի լավը կամ վատը: Բնականաբար, մենք այսօր ունենք բացասական իրավիճակ, խոսել այն մասին, թե 14,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի դեպքում մարդիկ նույնքան էլ լավ են ապրում՝ անհեթեթություն է»:

«Մարդիկ, որոնք զբաղվում են կամ խաղամոլ են, վնասում են մեր տնտեսությանը»,- ասել էր Վահան Քերոբյանը, այն դեպքում, երբ ՀՀ-ում խոշոր հարկատուները վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններ են: Հայկ Ֆարմանյանին խնդրեցինք մեկնաբանել, եթե խաղամոլները վնասում են տնտեսությանը, ապա ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ: «Ես արդեն ասացի, որ Հայաստանի տնտեսության 51 տոկոսից ավելին բաժին է ընկնում առեւտրի եւ սպասարկման ոլորտին, հետեւաբար վիճակախաղերի ծառայությունը եւս ներառված է այդ 51 տոկոսում: Խոսել այն մասին, որ խաղամոլները կամ խաղադրույքներ անողները վնասում են մեր երկրի տնտեսությանը՝ անմիտ է: Այդ մարդիկ իրենք իրենց են վնասում, այլ ոչ թե տնտեսությանը: Սա բոլորովին այլ հարթության հարց է եւ որեւէ կապ չունի տնտեսությանը վնաս հասցնելու խնդրի հետ, հակառակ՝ որքան շատ խաղադրույքներ կատարվի, այնքան այդ ոլորտը կզարգանա ու կնպաստի տնտեսական ակտիվությանը»:

Հայկ Ֆարմանյանին խնդրեցինք պարզաբանել՝ արդյո՞ք հակասություն կա Կենտրոնական բանկի եւ կառավարության միջեւ, ինչպե՞ս կարող է կառավարության եւ ԿԲ-ի կանխատեսումները կրկնակի անգամ տարբերվեն, չէ՞ որ դա է վկայում Վահան Քերոբյանի այս հայտարարությունը՝ «Կենտրոնական բանկը չի կիսում կառավարության տեսակետը, որ 2023-ին կունենանք 7 տոկոս տնտեսական աճ, մոտ կրկնակի ավելի ցածր աճ է կանխատեսում: ԿԲ-ն տարվա սկզբից գնահատում էր, որ այս տարի տնտեսական աճը կլինի 4 տոկոս, հետո իջեցրեցին 1 տոկոս, հետո բարձրացրին 6 տոկոս, հիմա ասում են՝ 13 տոկոս»: Տնտեսագետը հիշեցրեց, որ առհասարակ կառավարություններն ու կենտրոնական բանկերը հակակշռող կառույցներ են, բայց այս դեպքում այլ է. «Փետրվարից այս բանավեճը կա, էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, թե դրամի գերարժեւորման պատճառով տուժում են մի շաք ընկերություններ, հիմնականում արտահանողները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ուստի ԿԲ-ն պետք է քայլեր ձեռնարկի դրամը աժեզրկելու ուղղությամբ: Սա աբսուրդ է, քանի որ ԿԲ-ի խնդիրը գների կայունության ապահովումն է, այն չի կարող միջամտել եւ արհեստականորեն արժեզրկել դրամը, այն պատկերը, ինչ ունենք այսօր՝ միջազգային տենդենցներով է պայմանավորված: Գոյություն ունի արտարժութային միջին զամբյուղ հասկացություն, որի մեջ մտնում է նաեւ ռուսական ռուբլին եւ բնականաբար, եթե ռուբլին արժեւորվել է, իսկ դոլարն ու եվրոն արժեզրկվել, պետք է որ այս ամենի համատեքստում եւ հենց դրա հաշվին արժեւորվեր դրամը: Կենտրոնական բանկը չի կարող միջամտել եւ արժեզրկել դրամը, բնականաբար, ԿԲ-ն կառավարությանն առաջարկում է սուբսիդավորել կամ փոխհատուցել այդ տնտեսվարող սուբյեկտների վնասները»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930