Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը երբ կարող է ապացույցների հիմքում դնել դեպոնացված ցուցմունքը

Նոյեմբեր 10,2022 15:00

Հարցազրույց «Ահարոնյան լո ֆիրմ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ

– Պարոն Ահարոնյան, քրեական դատավարության գործող օրենսգրքով թույլատրվել է ցուցմունքի դատական դեպոնացումը, ի՞նչ է դա նշանակում։

– Ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում պատշաճ ապացուցումն ապահովելու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։

Այլ կերպ ասած, պետությունը առաջին անգամ վարույթի մասնավոր մասնակցին հնարավորություն է տվել, որպեսզի անձի միջնորդությամբ, սակայն դատական կարգով դեպոնացվեն ցուցմունքները։ Այսինքն՝ վարույթի մասնավոր մասնակիցը կարող է միջնորդություն հարուցել անձի ցուցմունքը դեպոնացնելու համար, եթե հիմնավոր ենթադրություններով հավաստի, որ նույն վարույթի դատական քննության ժամանակ նույն անձը հնարավորություն չի ունենալու գալ դատարան։

Ավելի պարզ օրինակ բերեմ։ Օրինակ, զբոսաշրջիկը, որը տուժել է ենթադրյալ հանցագործությունից ու պետք է լքի ՀՀ սահմանները։ Այս դեպքում արդեն վարույթն իրականացնող մարմինը պետք է ներկայացնի համապատասխան միջնորդություն՝ այդ զբոսաշրջիկի ցուցմունքը դեպոնացնելու համար։

– Այսինքն, պաշտպանության կողմը տվյալ պարագայում զրկվա՞ծ է վկային կամ տուժողին հարցեր տալու հնարավորությունից։

– Ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվելու է դատարանում՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։ Քրեական վարույթով անցնող մեղադրյալը հնարավորություն ունենալու է ցուցմունքի դատական դեպոնացման ժամանակ՝ դատարանում, հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձին։ Դա մեղադրյալի ֆունդամենտալ, հիմնարար իրավունքն է, որից նա չի կարող զրկվել։ Իրավաբանական լեզվով ասած՝ դա մեղադրյալի հակընդդեմ հարցման՝ կոնֆրոնտացիայի, իրավունքն է, որը բավական հաջող կիրառվել է թե՛ գործի մինչդատական փուլում, թե՛ հենց դատարանում։ Կցանկանայի ընդգծել, որ Եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում է ձեւավորել առ այն, որ անձի դատապարտումը չի կարող ամբողջապես կամ վճռական չափով հիմնվել այնպիսի անձի հայտնած տվյալների վրա, որին հարցեր ուղղելու համարժեք հնարավորություն պաշտպանության կողմը չի ունեցել։ Սա մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի անբաժան բաղադրատարրերից մեկն է, ինչից վերջինս զրկված լինել չի կարող։

– Ցուցմունքի դատական դեպոնացումը նոր ընթացակարգ է եւ մինչ այս չի կիրառվել, ի՞նչ խնդիրներ, վտանգներ եք տեսնում։

– Ընդամենը մի քանի ամիս է, ինչ կիրառվում է նոր քրեական դատավարության օրենսգիրքը։ Այո, ճիշտ եք նկատել, քրեական դատավարությունում ցուցմունքի դատական դեպոնացման ինստիտուտը նոր է, եւ ինչ-որ տեղ խորթ է հայկական իրավունքին։ Սա նույն հարցաքննության մոդելն է, որը իրականացվելու է դատարանում։

Ցուցմունքի դատական դեպոնացման ընթացակարգերի վերաբերյալ խնդիրները կարող են ավելի շատ լինել, չնայած այն առայժմ, իմ ունեցած տեղեկություններով, չի կիրառվել վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությունների հիման վրա։ Պաշտպանության կողմի համար սա լավ հնարավորություն է՝ պաշտպանական մարտավարությունը, գործի հեռանկարները հասկանալու համար։ Մինչդեռ քննարկման առանձին առարկա կարող է դառնալ այն հանգամանքը, թե վարույթի հանրային մասնակիցը ե՞րբ, վարույթի ո՞ր փուլում է ներկայացնելու միջնորդություն՝ անձի ցուցմունքը դեպոնացնելու համար, քանի որ մի կողմից ցուցմունքի դատական դեպոնացումն է, մյուս կողմից՝ նաեւ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը։ Սա է նաեւ պատճառը, որ դատարանում ցուցմունքի դատական դեպոնացումն իրականացվելու է դռնփակ նիստով, իսկ վարույթի հանրային մասնակիցը հնարավորություն ունի վարույթի մասնավոր մասնակիցներին արգելելու նախաքննության տվյալների հրապարակումը։

Ասեմ նաեւ, որ օրերս Սլավոնական համալսարանում հենց այս թեմայի շուրջ դասախոսություն էր կարդում իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։ Նա եւս բազմաթիվ խնդիրներ ներկայացրեց լսարանում եւ ասաց, որ առաջիկայում պատրաստվում է հրապարակել ցուցմունքի դատական դեպոնացման վերաբերյալ գիտական աշխատանք, որը կարծում եմ՝ կլուսաբանի շատ խնդիրներ, որոնք այս պահին հայտնի չեն, քանի որ այս ինստիտուտը նոր-նոր է գործում։

– Այն անձը, որը ցուցմունք է տվել մեղադրյալի դեմ եւ այդ ցուցմունքը դատական կարգով դեպոնացվել է, հետագայում, երբ գործը քննվի դատարանում, կարո՞ղ է նորից ցուցմունք տալ։

– Վկան կամ տուժողը ցուցմունք պետք է տան նաեւ դատարանում՝ հիմնական դատալսումների ժամանակ։ Անկախ այն հանգամանքից՝ տուժողի կամ վկայի տված ցուցմունքը դատական կարգով դեպոնացվել է, դատարանը պետք է պարզի՝ տվյալ անձը հնարավորություն ունի՞ հիմնական դատալսումների ժամանակ ցուցմունք տալու, թե՝ ոչ։ Եթե դատարանը հանգում է հետեւության, որ գործով անցնող վկան կամ տուժողը ՀՀ-ում չեն եւ դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունեն, այդ դեպքում դատարանը կարող է ապացույցների հիմքում դնել դեպոնացված ցուցմունքը։

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930