Թուրքիայում «Այրընթը» հրատարակչությունը լույս է ընծայել Քազըմ Գյունդողանի «Ալեւիաց(վ)ած հայերը. մենք ենթակա ենք Քրիստոսին, պարտական՝ Ալիին» վերնագրով գիրքը։ Այդ մասին հայտնում է www.akunq.net/am-ը՝ հիմնվելով «Այրընթը» հրատարակչատան Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության վրա: Աղբյուրի համաձայն՝ 528 էջից բաղկացած սույն աշխատությունը կազմված է 3 հիմնական բաժիններից։
Առաջին բաժնում հեղինակը ներկայացնում է այն հարցազրույցները, որ ինքն իրականացրել է 72 ալեւիացված հայի հետ։
Երկրորդ բաժնում Քազըմ Գյունդողանը խնդրին անդրադառնում է ի սկզբանե ալեւի եղած մարդկանց դիտանկյունից՝ հիմնվելով նման 12 հոգու հետ իրականացված հանդիպումների արդյունքների վրա։
Երրորդ եւ վերջին բաժնում հեղինակը մանրամասն վեր է հանում 1915թ. Հայոց ցեղասպանությունից առաջ Դերսիմի շրջանում հայության բնակավայրերի եւ թվաքանակի հետ առնչվող հիմնահարցերը։
Հիշեցնենք, որ սույն գրքի հեղինակ Քազըմ Գյունդողանը հայտնի է նաեւ «Քահանայի թոռները» գրքով, որը եւս հրատարակվել էր «Այրընթը» հրատարակչատան կողմից։
Կարդացեք նաև
Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ
Akunq.net/am
«Առավոտ» օրաթերթ
09.11.2022