Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Պոլսի «Ժամանակ» թերթի թղթակիցը ժամանեց Խորհրդային Հայաստան՝ լուսաբանելու կաթողիկոսական ընտրությունները

Նոյեմբեր 10,2022 14:00

Թորոս Ազատեանի «Դէպի Էջմիածին երթուդարձի նօթեր»-ը ուշագրավ մանրամասներ է հաղորդում

«Ժամանակ-100» մատենաշարի հերթական գիրքը «Դէպի Էջմիածին երթուդարձի նօթեր» հատորն է։ Այն բովանդակում է պոլսահայության վառ ներկայացուցիչներից մեկի՝ բանասեր, բանաստեղծ, խմբագիր եւ հասարակական գործիչ Թորոս Ազատեանի հոդվածաշարը, որ ժամանակին հրապարակվել է «Ժամանակում»։ Նա որպես պոլսահայ պատգամավոր մասնակցել է Գեւորգ Զ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար գումարված Ազգային-պատգամավորական ժողովին։ Գիրքը հրատարակության է պատրաստել Սեւան Տէյիրմենճեանը՝ Տէրողորմեաճեան ընտանիքի մեկենասությամբ։

Սեւան Տէյիրմենճեանը ներկայացնելով Ազատեանին՝ նշում է, որ նա գրական ասպարեզ է եկել 1920-ականների սկզբին։ Տէյիրմենճեանը գրքի ներածականում վկայակոչելով Զաւէն Պիպեռեանի հետմահու հրատարակված իքնակենսագրությունը՝ նշում է, թե ինչպես է պատրիարքական տեղապահ տ. Գեւորգ արքեպիսկոպոս Արսլանեանը 1945-ին կայացած կաթողիկոսական ընտրություններին իր հետ Էջմիածին տարել պատրիարքարանի դիվանապետ եւ «Ժամանակի» աշխատակից Թորոս Ազատեանին։ Ստամբուլահայ օրաթերթն այդպիսով առաջին անգամ թղթակից էր ուղարկում Խորհրդային Հայաստան՝ լուսաբանելու այդ կարեւոր իրադարձությունը։ Ազատեանը Պոլիս վերադառնալով՝ «Ժամանակում» մի քանի ամիս շարունակ տպագրում է իր տպավորությունները Հայաստանից, Մայր Աթոռից, գրում ունեցած հանդիպումների մասին։ Պիպեռեանը նշում է, որ այդ հրապարակումները այնպիսի հետաքրքրությամբ էին ընթերցվում, որ «Ժամանակի» տպաքանակը 1000-1500-ից բարձրացել էր 3500-ի։

«Դէպի Էջմիածին երթուդարձի նօթեր» հատորը կազմած Տէյիրմենճեանն ընդգծում է, որ Ազատեանը անծանոթ մեկը չէր Հայաստանի մտավորական շրջանակներում, Հայաստան իր առաջին եւ միակ այցելությունից առաջ էլ նա լայն կապեր ուներ խորհրդահայ մի շարք գրողների հետ, որոնց թվում էր Վահրամ Ալազանը։ Ի դեպ, երբ վերջինս ստալինյան բռնաճնշումների ժամանակ ձերբակալվել եւ աքսորվել է, առգրավել են նաեւ Ալազանի հարուստ արխիվը, որտեղ եղել են նաեւ Ազատեանի նամակները։ Թորոս Ազատեանը եղել է Կոմիտասի առաջին կենսագիրներից մեկը, նա 1931-ին Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված մի բացառիկ հատոր է հրատարակել, պատրաստել է նաեւ երկրորդը, որը չի հրատարակվել։

Հավելենք, որ «Դէպի Էջմիածին երթուդարձի նօթեր»-ը հետաքրքիր հուշագրություն է։ Ազատեանը, ի թիվս այլնի, գրում է նաեւ տարբեր մշակութային միջոցառումների իր տպավորությունների մասին, մասնավորապես անդրադառնում է Շարա Տալյանի ելույթին՝ նրան որակելով որպես «արդի Շահմուրատեան», հիացմունքով է խոսում «Կոմիտաս» քառյակի, Հայկանուշ Դանիելյանի, Թաթուլ Ալթունյանի եւ այլոց մասին։

Անդրադարձ կա Ավետիք Իսահակյանի հետ հանդիպմանը, ում որակում է «տաղանդաւոր քերթող»։ Հիշում է, թե ինչպես է զրույցի ժամանակ Իսահակյանն ասել, որ պատերազմի ընթացքին լիրիկականը զորացել է, եւ սերն ու բնությունը դարձել են ներշնչման աղբյուր, մինչդեռ նախկինում դրանց փոխարեն աշխատանքին ու կոլտնտեսային նվաճումներին նվիրված բանաստեղծություններն էին գերակշռում։

Ազատեանը մեջբերում է Իսահակյանի կարծիքը հայ գրողների մասին. «Բանաստեղծական լեզուի գագաթը հաշւում ենք Վահան Տէրեանը, անոր մաքուր, բիուրեղացած արտահայտութիւնը։ Յ. Թումանեան, Յովհանէսեան եւ ուրիշներ չեն հասած այդ բարձրութեան…
Պատերազմէ առաջ ոչ Րաֆֆի, ոչ Մուրացան, ոչ Աղայեան եւ ոչ ալ Պռօշեանց կային։ Հիմա անոնց երկերը կը յափշտակուին… Առաջ պատմութիւն չկար, հիմա անցեալը գնահատւում է լայն չափով։ Ընթերցանութիւնը, կարդալու սէրը իրենց գերագոյն չափին են հասել։ Ամէն գիրք շուտով կը սպառի։ Անգրագէտ մարդ չէ մնացած ինչպէս Խորհրդային Միության, նոյնպես Հայաստանի մէջ»։

Այլ մանրամասներ չենք ներկայացնի, որովհետեւ գրքի մասին տեղեկանալու լավագույն միջոցը հենց գիրքը կարդալն է։ Իսկ «Դէպի Էջմիածին երթուդարձի նօթերը» արժի կարդալ, ինչպես «Ժամանակ-100» մատենաշարի բոլոր գրքերը։ Նշենք, որ գրքում զետեղված են նաեւ բացառիկ լուսանկարներ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930