Ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» հոգեբանական դրամայի հիմքում կույր եւ խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սյուրիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Հելլեն Քելլերի ճակատագիրը հիացական է եւ ունի կարեւոր ուղերձ. այս կյանքում մարտահրավերները հաղթահարվում են, միայն թե չպետք է տրվել երկփեղկված կարծիքներին։ Իր այդ կարգավիճակում ամերիկացի գրողը բազմաթիվ գրքեր հեղինակեց, հանդես եկավ դասախոսություններով։ Այդ կյանքային ու իրական պատմությունը տեղ գտավ նաեւ հայ ժամանակակից բեմում։
Օրերս կայացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ Ս. Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի համատեղ ներկայացման՝ Ու. Գիբսոնի «Հրաշագործը» երկու գործողությամբ դրամայի երեւանյան պրեմիերան։ Բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է։
Յոթնամյա Հելլենը (դերակատարը 9-ամյա Անգելինա Զաքարյանն է) քմահաճ, անհամբեր, կամային աղջիկ է։ Նա անում է այն, ինչ ուզում է։ Հայրը՝ կապիտան Քելլերը (Տիգրան Գայոբյան) եւ մայրը՝ Քեյթ Քելլերը (Արփինե Մխիթարյան) չեն էլ փորձում վիճել նրա հետ, այլ փորձում են կռահել յուրաքանչյուր ցանկություն, խղճում ու շոյում են՝ երբեմն հազիվ զսպելով իրենց անհամբերությունը, եւ միայն խորթ եղբայրը՝ Ջեյմս Քելլերն (Սարգիս Ղարիբյան) է իրերն իրենց անուններով կոչում՝ կոչ անելով ազատել տունը նման «սարսափից», որը չի ենթարկվում ոչ ոքի եւ անկառավարելի է։ Սակայն ծնողները ընդդիմանում են եւ որոշում, որ պետք է ուսուցչուհի աշխատանքի վերցնեն, որը նաեւ կկարողանա փոխել երեխայի բնավորությունը։ Ներկայացման ռիթմիկ ընթացքն ապահովում էր ուսուցչուհու՝ Էննի Սյուրիվենի դերակատար Նարինե Գրիգորյանի օրգանական դերասանախաղը։
Դերասանուհին իր մտքի, գիտակցության, խոսքի եւ մարմնի հնարավոր արտահայտչամիջոցներով անկրկնելի է։ Նրա ցանկությունը՝ Հելլենի գիտակցությունն արթնացնել՝ սովորեցնելով խուլուհամրերի այբուբենը, որ նա սկսի հասկանալ խոսքի իմաստը, որովհետեւ «թռչունն ինչպե՞ս է սովորում թռչել… Մենք օգտվում ենք բառերից, ինչպես թեւերից, բայց ժամանակ է պետք»։ Հելլենի դերակատար Անգելինա Զաքարյանն անկասկած հավատում է այն պատմությանը, որի մեջ է հայտնվել։ Եվ ամենակարեւորը՝ հավատում է ինքն իրեն ու իր հնարավորություններին։ Իսկ տան սպասավորը՝ Վիննին (Տաթեւ Ղազարյան), կարծես միակն է, որը փոքր-ինչ հավատում է Էննի Սյուրիվենի հնարավորություններին, թեեւ երբեմն հուսալքվում է։ Տպավորիչ էր նաեւ Տաթեւ Ղազարյանի դրվագային խաղը։
Բեմադրիչը կյանքային ու ճշմարիտ պատմություն է ներկայացրել՝ հենվելով իր կողմից որդեգրած գեղագիտական սկզբունքներին, գաղափարներին ու անհատական մոտեցումներին։ Ներկայացման տեսարանից-տեսարան անցումները գտել էին երաժշտական (երաժշտական ձեւավորումը՝ Հայկ Իսրայելյանի), ինչպես նաեւ ստվերախաղի լուծումներ, ինչը հանդիսատեսի հոգեբանական գիծը վերափոխում էր հոգեվիճակի։ Հարկ է նշել, որ ներկայացման բեմանկարչությունը ստատիկ է, իրապաշտական միջավայրը ստեղծելու համար բեմանկարիչը հիմքում ունեցել է իրական պատմությունը (նկարչական ձեւավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի)։
Կարդացեք նաև
Այս ներկայացումն ունի գաղափարական կարեւոր հենք՝ այս կյանքում մարդն ամենահզորն է։ Իսկ մարդն այդ աստիճանին հասնում է, երբ գիտակցում է, հավատում եւ երբ խոսքը սկսում է ապրել իր մեջ։ Սա տանում է ներդաշնակության՝ կյանքի ու մարդու, մարդու ու մարդու միջեւ։
«Հրաշագործը» ունի հստակ ուղերձ, որը եւ հնչեցնում է Էննի Սյուրիվենի դերակատար Նարինե Գրիգորյանը. «Առանց գիտակցության ենթարկվելը նույն կուրությունն է»։ Միանշանակ, համամարդկային խնդիր է, որի մասին թեեւ անընդհատ բարձրաձայնվում եւ խոսվում է, եւ թվում է, թե լուծման տարբերակն արդեն գտնվել է, սակայն առ այսօր մարդկանց մեծամասնությունն այդ երեւույթը չի ընկալում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.11.2022