44-օրյա չարաբաստիկ պատերազմը անտարբեր չանցավ նաեւ Ղարիբյանների ընտանիքի կողքով, այն խլեց ընտանիքի մինուճար որդուն՝ Տիգրանին։ Լուսավոր ու բարի Տիգրանը 44-օրյա պատերազմի հերոսներից մեկն է:
Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 15-ին Սեւան քաղաքի Գագարին գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցում 9-ամյա կրթություն ստանալուց հետո Տիգրանը ընդունվել էր Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ։ Նա նաեւ պատանեկության տարիներին սովորում էր Գագարին գյուղի արվեստի դպրոցում՝ նկարչական բաժնում։ 2019թ. հունվարի 14-ին զորակոչվել էր բանակ՝ իր պարտքը կատարելու։
«Տիգրանը Խնձորեսկում էր ծառայում, բավականին հումորով էր, նրա հետ երբեք չէիր ձանձրանում: Երբ նրա հետ էիր, դժվար թե կարողանայիր մեկ վայրկյան լուրջ մնալ, բոլորիս միայն ծիծաղեցնում էր։ Տիկս մեծ սիրտ ուներ, աշխույժ էր, բարի, ամեն հարցում պատրաստակամ էր, շատ երազանքներ ուներ:
Քոլեջն ավարտելուց հետո ուզում էր անպայման բարձրագույն կրթություն ստանալ, ՀՄՄ-ի մեխանիկ վարորդ էր, ընդամենը 4 ամիս էր մնացել իր զորացրվելուն»,-նշում է Տիգրանի քույրը՝ Տաթեւը։ Վերջին անգամ Տիգրանի հետ խոսել են մայրն ու պապիկը` սեպտեմբերի 29-ին։ Քրոջ խոսքով, Տիգրանը չէր ուզում, որ տնեցիները ինչ-որ բան հասկանային, վերջին զրույցում ասել էր՝ «լրիվ նորմալ ա, չաստում ենք, ֆռֆռում ենք»։
Կարդացեք նաև
Ցավոք, այլեւս ոչ ոք հնարավորություն չունեցավ Տիգրանի հետ խոսելու։ Սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից հրամանատարի հետ միասին զոհվեց նաեւ Տիգրան Ղարիբյանը։
Մերի ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.11.2022