Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խիզախ քայլեր»՝ խաղաղության հասնելու անորոշությամբ

Նոյեմբեր 10,2022 12:00

Բանակցությունների սեղանին մնում են սկզբունքներ, տարրեր, որոնք պաշտոնական Երեւանի համար ընդունելի չեն

Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների արտգործնախարարների հանդիպումը: Եռակողմ հանդիպումից առաջ նախ տեղի էր ունեցել հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների առանձնազրույցը: «Ուղիղ երկխոսությունը իրական, տեւական խաղաղության տանելու լավագույն ձեւն է, եւ մենք ուրախ ենք աջակցել դրան: Միացյալ Նահանգները լիովին սատարում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային անկախությունը», նշել էր ԱՄՆ պետքարտուղարը: Բլինքենի կարճ ելույթից հետո հանդիպումը շարունակվել էր դռնփակ ռեժիմով:

Բանակցությունների մեկնարկին պետքարտուղար Բլինքենն արձանագրեց, որ Երեւանն ու Բաքուն՝ «խիզախ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու ուղղությամբ», եւ որ Վաշինգտոնը աջակցում է այդ ջանքերին: Վաշինգտոնը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել: Եռակողմ բանակցություններից առաջ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել էին երկկողմ ձեւաչափով: Բլինքենն ընդգծել է, որ «ուղիղ երկխոսությունը տեւական խաղաղության տանող լավագույն ձեւն է»:

Մինչ Բլինքեն-Միրզոյան- Բայրամով հանդիպումը, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, որից հետո տեղի էր ունեցել նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախորդ անգամ Միրզոյանն ու Բայրամովը Աստանայում էին հանդիպել Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ սեպտեմբերի վերջին՝ սահմանային արյունալի բախումներից մեկ շաբաթ անց։ Սոչիում նախորդ շաբաթասկզբին ղեկավարների հանդիպումից հետո Միացյալ Նահանգները հայտարարել էր՝ կշարունակի ներգրավված լինել բանակցությունների գործընթացում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսին Աստանայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը անդրադարձել էին սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նրանք մտքեր էին փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Միրզոյանն ընդգծել էր ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարեւորվել էր սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։

Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը Հայաստանին կոչ է արել գործնական աշխատանքներ սկսել նաեւ հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Նշյալ հանդիպման մեկնարկին Սերգեյ Լավրովն ասել էր, թե հանդիպման ընթացքում հույս ունի քննարկել երեք երկրների ղեկավարների 2020 եւ 2021թթ. պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»: «Ելնելով այն հանգամանքից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ եւ տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ»,- ասել էր Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Իսկ այս եռակողմից երկու շաբաթ անց Սոչիում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում հանդիպումների ընթացքում «մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ եւ արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն», ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը «պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու եւս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»: Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները, փոխանցում է ՀՀ արտգործնախարարությունը:

Թերեւս, կարեւոր փաստ է, որ ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո անցկացված հանդիպումից հետո նշվում է՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունների մասին:
Ըստ Բլինքենի՝ Երեւանն ու Բաքուն խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար, եւ վաշինգտոնյան հանդիպման նպատակն է զարգացնել այն դրական արդյունքները, որոնք արձանագրվել են անցած մեկուկես ամսում` ամերիկյան կողմի նախաձեռնած քննարկումներում:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ավելի քան երեսուն տարիները ահռելի մարդկային ու նյութական կորուստների են հանգեցրել, մարդկային կյանքեր խլել` թողնելով սպիներ, որոնք խորն են: Բայց այժմ մենք երկու երկրներից էլ տեսնում ենք իրական ու համարձակ քայլեր` անցյալը ետեւում թողնելու եւ դեպի կայուն խաղաղության գնալու ուղղությամբ»,- նկատել է Բլինքենը: Նա, սակայն, չի հստակեցրել` որոնք են այդ քայլերը: Նա հարկ է համարել ընդգծել, որ Վաշինգտոնը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ եւ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում նպաստել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը. «Ամերիկան՝ որպես ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք` աջակցելու ձեզ տեւական խաղաղության հասնելու ջանքերում, աջակցելու ձեզ այն կերպ, որ կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի հեռանկար է: Եվ ես դրվատում եմ ձեզ ու ձեր կառավարություններին` խիզախության ու այն հանձնառության համար, որ ի ցույց եք դնում այդ ճանապարհին»:

Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում էին պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը: Դատելով տարածված պաշտոնական հաղորդագրությունից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները թափ կհաղորդեն բանակցություններին ու եւս մեկ հանդիպում կանցկացնեն առաջիկա շաբաթներին: Այս ամիս հնարավոր է Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպման անցկացումը՝ Բրյուսելում:

Շաբաթներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն հոկտեմբերի սկզբին Ժնեւում հայկական կողմին փոխանցել է «խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, որոնք հիմնված են առավել վաղ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների վրա»: Թե ինչ են ենթադրում այդ տարրերը, Բայրամովը չէր մանրամասնել, սակայն հույս էր հայտնել, որ հայկական կողմը Վաշինգտոնում դրական կարձագանքի դրանց:

Հավելենք, որ իր հերթին Միրզոյանը հոկտեմբերի սկզբին ԱԺ ամբիոնից հաստատել էր, որ նման առաջարկներ են փոխանցվել, եւ որ հայկական կողմը դրանք ուսումնասիրում է. «Անշուշտ, կան բաներ, որոնք մենք դեռ վերլուծում ենք եւ անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք կրկին մեզ համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն՝ ընդունելի չեն լինի, կլինեն առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավելու»:

Հաշվի առնելով Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում նշյալ հիշատակումը՝ «…հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ» արձանագրել են, որ՝ «առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն», կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երեւանի համար բանակցությունների սեղանին մնում են սկզբունքներ, տարրեր, որոնք ընդունելի չեն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930