Սթրեսի նվազեցումն ընդհանուր առմամբ է կապվում սրտի առողջության բարելավման հետ, սակայն ուշագրավ եզրահանգում են կատարել ամերիկյան մի լայնածավալ հետազոտության հեղինակները․ պարզվում է՝ սրտի կաթված տարած մինչև 55 տարեկան մարդիկ, որոնք երջանիկ, խաղաղ ամուսնություն կամ հարաբերություններ ունեն, ավելի լավ և արագ են ապաքինվում սրտի կաթվածից հետո, քան նրանք, որոնք սթրեսային հարաբերությունների մեջ են գտնվում իրենց զուգընկերոջ հետ։ Վերջիններն ավելի հաճախ են զգացել ցավեր կրծքավանդակի շրջանում և սրտի կաթվածից հետո մեկ տարվա ընթացքում ենթարկվել են կրկնակի հոսպիտալիզացման։
Ընդ որում, հետազոտության մասնակիցները տարիքային նույն խմբում են գտնվել, ունեցել են կրթական, ֆինանսական, աշխատանքային, ապահովագրական նմանատիպ կարգավիճակ։
«Ես սիրտ անոթային հիվանդություններ ունեցող երիտասարդ պացիենտներին կուզեի զգուշացնել, որ սթրեսը նրանց ամուսնությունում կամ հարաբերություններում կարող է բացասաբար անդրադառնալ սրտի կաթվածից հետո իրենց ապաքինման վրա», – ասել է Նյու Հեյվենի Եյլի Հանրային առողջապահության դպրոցի մասնագետ, բ․գ․ թ․ Սենցզին Չժուն․ «Սթրեսի կառավարումը կարող է նույնքան կարևոր լինել, որքան վտանգի կլինիկական այլ գործոնների կառավարումը, ինչպիսին օրինակ արյան ճնշման վերահսկումն է ապաքինման շրջանում»։
Չժուն նաև ասում է․ «Ընդհանուր խորհուրդ բոլորին․ պարզեք՝ ունե՞ք արդյոք սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններ, որոնց թվում են զարկերակային բարձր ճնշումը, խոլեսթերինի բարձր մակարդակը, դիաբետը, ճարպակալումը, ծխելը, եղե՞լ են արդյոք ձեր ընտանիքում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ»։
Կարդացեք նաև
Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ներկայացուցիչ Նիկա Գոլդբերգը, որը չի մասնակցել հետազոտությանը, ավելացնում է․ «Պացիենտները պետք է իմանան, որ կապ կա ընտանեկան սթրեսի ու ապաքինման դանդաղեցման միջև․ եթե կա ընտանեկան սթրես, ապա այդ մասին պետք է հայտնել բժշկին և նրա հետ քննարկել վերականգնման ռազմավարությունը»։
«Իմ վերջին միտքը հետևյալն է՝ կանանց հաճախ են ասում, որ նրանց սրտային ախտանշանները կապված են սթրեսի հետ, այժմ մենք գիտենք, որ սթրեսն ուղղակի ազդեցություն ունի ֆիզիկական առողջության վրա, և այլևս ոչ թե արդարացում է, այլ գործոն, որից կախված է մեր ֆիզիկական առողջությունը», -ասում է նա։
Սենցզին Չժուի խոսքով՝ շատ հետազոտություններ են փաստում, որ հոգեբանական սթրեսը կապված է սրտի առողջության վատացման հետ, սակայն քիչ բան է հայտնի սրտի կաթված տարած երիտասարդների վրա սթրեսային հարաբերությունների ազդեցության մասին։
Հետազոտությանը մասնակցել են 1593 պացիենտներ, որոնցից 1020-ը կանայք են եղել։ Նրանք բոլորը բուժվել են ԱՄՆ 30 նահանգների 103 հիվանդանոցներում։ Սրտի կաթված տարած այդ մարդկանց մեծամասնությունն ամուսնացած է եղել, 8%-ը մշտական զուգընկեր է ունեցել։ Մասնակիցների միջին տարիքը եղել է 47։
Սրտի կաթվածից մեկ ամիս հետո նրանք պատասխանել են իրենց զուգընկերների հետ ունեցած սեռական և հուզական հարաբերություններին վերաբերող հարցերի, իսկ մեկ տարի անց՝ մի քանի հարցաթերթիկ լրացրել իրենց առողջության վերաբերյալ։
Հետազոտության արդյունքներով, մեկ տարի անց նրանք, որոնք հայտնել են իրենց լարված, սթրեսային հարաբերությունների մասին, ֆիզիկական, հոգեկան առողջության ու կյանքի ընդհանուր որակի վերաբերյալ նշանակալիորեն ավելի վատ ցուցանիշներ են ունեցել, քան այն պացիենտները, որոնց ընտանեկան կյանքը ավելի բարենպաստ է եղել։
Սթրեսային ամուսնություն ունեցող պացիենտների 49 տոկոսը հայտնել է կրծքի շրջանում հաճախակի ցավերի, ստենոկարդիայի մասին և 45 տոկոսով ավելի հաճախ է կրկնակի հոսպիտալիզացիայի ենթարկվել, քան այն պացիենտները, որոնք ընտանեկան խաղաղ պայմաններում են ապրել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից