Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Չինարիի վարչական ղեկավար՝ Սամվել Սաղոյանը։ «Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ոչ միայն արդիականացվում է գյուղի ոռոգման համակարգը, այլև կառուցվում նոր պոմպակայան և 800մ․ ջրագիծ։ Այս բոլոր աշխատանքները կատարվում են Կառավարության, համայնքապետարանի և «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի միջոցներով։ Ամենակարևորն, իհարկե, խաղաղ երկնքի տակ է այս բոլորը կատարվում։ Ուզում եմ նաև նշեմ, որ զուգահեռ 7 կմ․ գիշերային լուսավորության ցանց է անցկացվում։ Բոլոր աշխատանքներն էլ կարևոր խնդիր են լուծում գյուղում։
Օրինակ այս տարի մեր խաղողի այգիները գյուղացիներն ընդամենը 1 անգամ են կարողացել ջրել՝ ոռոգման ջրերի բացակայության պատճառով, ջրերի մի մասն էլ հոսում էր սահմանի հակառակ կողմ՝ Ադրբեջան։ Հիմա արդեն պոմպակայանի շնորհիվ վերջապես կլուծվի գյուղացիների համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրը և կկարողանանք օգտագործել ջրերի պաշարը»,- հավելեց Սաղոյանը։ Նշենք, որ Չինարին Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից է։ Այստեղ բնակելի որոշ տներ գտնվում են ադրբեջանական դիրքերից 600-650 մ․ հեռավորության վրա։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի