Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանն ակնկալում է լեհ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու հարցում

Նոյեմբեր 09,2022 22:22

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:

Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով Բոգդան Կլիխին խորհրդարանում, նշել է, որ այս տարին խորհրդանշական է երկու երկրների համար. հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է: Նա գոհունակությամբ փաստել է, որ այս տարիներին արձանագրվել է հարաբերությունների դինամիկ զարգացում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի ձեւաչափը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նշելով, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան՝ նա գնահատել է նման բարձր մակարդակի երկխոսության հնարավորության ընձեռումը:

Էդուարդ Աղաջանյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել մի շարք կարեւոր հումանիտար խնդիրների, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օր առաջ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ Հայաստանն ակնկալում է լեհ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող ջանքերին:

Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ երեկ է վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Նա հյուրին ներկայացրել է իր եւ գործընկերների մտահոգությունն Արցախում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:

Բոգդան Կլիխը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք ակնկալում ենք տարածաշրջանում հասնել անվտանգության շատ արագ փոխակերպման: Անվտանգության ճարտարապետությունն արագ փոփոխվում է, եւ մենք՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, փորձում ենք առավել զարգացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում: Մենք ունենք բավականին փորձառություն եւ պատրաստ ենք ծանոթացնել Հայաստանին եվրոպական գործիքակազմին, ինչն օգտակար կլինի»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930