Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքս տեսել եմ Ղարաբաղից ոնց են փախնում՝ խալու մեջ փաթաթած, գրուզավիկի կուզովը գցած, ինչ է պոստերը հելնեն». Ինչ է պատմում զոհված հրամանատարի հայրը

Նոյեմբեր 09,2022 22:33

«Ես գալիս եմ այստեղ նստում եմ, իրան (նկատի ունի զոհված որդուն) հարց եմ տալիս՝ խի՞: Պատասխաններ չունեմ: Շրջապատման մեջ է եղել, վաշտի հրամանատար է եղել, մի զինվոր է զոհվել: Իրենից հետո են իր զինվորները զոհվել: Մինչեւ 44-օրյա պատերազմը գիտեինք, որ մեր բանակը հզոր է: Մեզ 20 տարի ասել են՝ հզոր ենք, այս ունենք, այն ունենք, բայց 44-օրյայի ժամանակ պարզ եղավ, որ իրենց ասածների 20%-ն էլ չունեինք, շատ էին չափազանցնում: Բայց 44-օրյա պատերազմում, եթե մեր դավաճանությունը չլիներ, աշխարհում չկար այնպիսի պետություն, որ կարող էր Լեռնային Հայաստանում հայոց բանակին հաղթեր, ինչ զենքով ուզում է կռվեին: Թող մահանա չբռնեն ԱԹՍ-ները: Մեր հերոս տղերքը այնպիսի բաներ են արել…Ուղղակի մեր մեջ լիքն են դավաճանները: Դուք էլ եք լսել, որ 400$, 300$, 200$-ով վաճառել են, բա ի՞նչ էիք ուզում: Կռվի դաշտում, երբ որեւէ սրիկա 100 հազար դրամով վաճառվել է, կոորդինատ է տվել, թե վաշտը որտեղ է, բա ի՞նչ էիք ուզում լիներ»,- այսօր Եռաբլուրում մեզ հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս, հրամանատար, կապիտան Լեւոն Բաղինյանի հայրը՝ Սամվել Բաղինյանը:

Ճշտեցինք՝ խոսքը մա՞նր օղակի դավաճանության մասին է, թե՞ ավելի վերեւների՝ նա պատասխանեց. «Այնտեղ մանր օղակ չկա, եթե գնդապետը մանր օղակ է, մայորը մանր է, գեներալը մանր օղակ է, էլ որտե՞ղ լինի, երկրի նախագա՞հն է դավաճան: Թող բռնեն փակեն բոլորին»:

Դիտարկմանը՝ ընդդիմություն ասում է՝ հողերը ծախել են ու դավաճանությունն այդտեղ է եղել՝ նա արձագանքեց. «Կան ելույթներ մեր առաջվա 3 նախագահների՝ ֆեյսբուքում, youtube-ում գցած է, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ ասում էին, որ եթե մենք ճանաչեինք Ղարաբաղի անկախությունը, դա նշանակում է կարմիր գիծ, որը չի կարելի: Բա, եթե չէր կարելի, ինչի՞ մենք 88-ից քյալլա տվեցինք, Եռաբլուրի մյուս կողմում իմ ախպերներն են, ինչի՞ համար քյալլա տվինք, այդքան զոհ տվեցինք, բերինք հասցրինք, դուք չեք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Հելնում ասում եք՝ Ֆրանսիա կամ Ամերիկա, ճանաչեք Ղարաբաղի անկախությունը: Ուրեմն ես իմ երեխուն տիրություն չանեմ, հարեւանին ասեմ տիրությո՞ւն արա: Սխալն եկել է Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ գրվեց զինադադար: Ես ոչ մեկին էլ չեմ հարգում, չեմ ընդունում, նույնն էլ սրան՝ նախկին ու ներկա չկա, մեկը մյուսի կեղտերը ծածկում են: Այսօր խի չգիտե՞ն ով է թալանել, ոնց գեներալները դառան միլիարդատերեր, նայում ես՝ վիլլաներ ունեն: Նայում ես՝ սաղ բանակի փողերն են, կամ նախարարները՝ 3-4 մլն դոլար ունեն, Ալիեւը ճիշտ է ասում՝ քյասիբ Հայաստանն էր ու մենակ 5 մլն-ի զենք թողեցինք Ֆիզուլիում ու Ջաբրայիլում իրենց: Նայում ես՝ 100 մլն դոլարանոց հյուրանոցներն են սարքում, որտեղի՞ց են սարքում, մենակ ցեմենտի, ավազի ու ջերմուկի հանքո՞վ: Չէ:

Իսկ ընդդիմության մեջ ես չեմ տեսնում ազգի նվիրյալ մարդ, կա՞ մեկը, ցույց տվեք: Հավաքների շատ մասնակցել եմ, չեմ մոտիկացել: Ասում են՝ թող ինքը դուրս գա, ես գամ նստեմ: Լավ, եկար, ի՞նչ ես անելու: Հավաքվեք սաղդ սրա կողքը, ասեք, արի երկրի խնդրին լուծում տանք: Լուծումը տվեք, նոր ասա՝ ախպեր, դու չես կարում, դուրս արի: Ես դրան համաձայն եմ: Կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե իրենցից ինչ-որ մեկը՝ ինձ չի հետաքրքրում, կա՞ մեկը, որ երկրի մասին մտածում է, բոլորն էլ մտածում են գան, թալանեն»:

Հիշեցրինք, որ ընդդիմադիրներն ասում են՝ այս իշխանությունները դավաճան են, ապիկար են, իրենց շուրջը ո՞նց հավաքվենք, ի՞նչ օգնենք՝ նա պատասխանեց. «Իշխանությունները դավաճան են, համաձայն եմ: Փաշինյանն ասեց՝ կարայինք այնպես անեինք, զոհ չլիներ: Ինքը իմ համար ոչ մի բան է: Ես տղամարդ եմ, անեծք չեմ սիրում, որ ասեմ՝ իր բալեն թող այսպես լինի, Աստված վերեւն է, թող դատի, ես իրավունք չունեմ դատեմ: Բայց ես բոլոր նախագահների ելույթներն ունեմ, որ ասում են՝ մենք չենք կարա Ղարաբաղը ճանաչեինք: Եթե չէիք կարա, հետ տայիք հողերը, քառօրյան ինչի՞ համար եղավ, այդ 5 տարածքների համար եղավ: Տայի՛ք: Թող ասեին՝ տալիս եմ, ես քոնն եմ ճանաչում, դու՝ իմը, մենք չենք գրում զինադադար, գնում ենք՝ խաղաղություն: Այդ 5 տարածքները մերը չէին, եղե՞լ եք Ֆիզուլիում, Ջաբրայիլում՝ անապատ է: 25 տարի փողեր էիք դրել Արցախի վրա: Մի անգամ Պուտինն իր ելույթում ասեց՝ հողը նրանն է, ով այդ հողում ապրում է: Եթե Ֆիզուլին մերն էր, Ջաբրայիլը մերն էր, ի՞նչ կար այնտեղ՝ մի հատ զորամաս ու ուրիշ ոչինչ, մեկ էլ երկու հատ սպայական կետ: 26 տարի փող դրիք, ի՞նչ էիք անում՝ Ստեփանակերտ էիք սարքում, Շուշին մի քիչ, Մարտակերտը, Ասկերանը, բա մնացածն էլ անեիք: Եթե Ղարաբաղը մերն էր, պետք էր պահել մինչեւ վերջ, փող ներդնել: Եթե մերը չէր, ինչո՞ւ էինք գնում կռվում, 90-ականներից 700 անհայտ կորած ունենք: Հարգարժան Լեւոն Տեր-Պետրոսյան, ոչինչ չարեցիր, Տեր-Պետրոսյանի օրոք թալանը գնաց, Քոչարյանի օրոք գնաց, Սարգսյանի օրոք գնաց, սրա վախտով էլ ասում է՝ թալան չկա, բա որ չկա, ո՞ւր են այդ փողերը: Սա էլ ասֆալտով մարդկանց բերանն է փակում: Ասֆալտ մեզ պետք չի, 2 մլրդ պետք չի ասֆալտին, զե՛նք առեք: Մենք տղերք ունենք սահմանին, զենք է պետք: Գնում-գալիս եմ, գիտեմ ինչ է կատարվում: Այսօր ադրբեջանցին եկել է Ջերմուկ, Շորժայի գլխին կանգնած է, Իշխանասարի տակն է, 3 կմ էլ չկա մեզնից: Երեկ էլ Շուշիից խոսում է, ասում է՝ բարձունքները իմն են, Կապանին էլ կխփեմ, Գորիսին էլ, Սեւանին էլ, ինքը ուժեղ դիվանագիտություն ունի: Ինչի՞ չտվեցին դատարան, սաղ աշխարհում կորոնավիրուս էր, Ալիեւը պատերազմ սկսեց՝ տվեք դատի: Մենք դիվանագիտություն չունենք, ամեն մեկն իր կաշին է փորձում փրկի»:

Հարցին՝ վարչապետ Փաշինյանը վերջին շրջանում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ներկայացնում է ոչ թե կապիտուլյացիա, այլ՝ ավելի շատ Հայաստանի փրկության թուղթ, որտեղ կարեւոր արձանագրումներ է տեսնում, դուք ո՞նց եք դա ընկալում՝ նա պատասխանեց. «Նախ Փաշինյանը Արցախը տվեց, ես այդպես եմ ընկալում: Եթե ամեն տեղ ինքը Ղարաբաղի հարցը չի բարձրացնում, ուրեմն ինքը ձեռքերը լվացել, հետ է քաշվել: Ինքը վերցնում է եսիմ ինչ թվի քարտեզ, ինչի՞ համար ես դա վերցնում: 20-21 թվի քարտեզը հանեք, Նախիջեւանն էլ է հայկական հող: Ալիեւը չի ասում արի նստեմ խաղաղություն կապեմ, կգրի՝ իր պահանջները դնելով, իսկ դա նշանակում է, որ կորցնելու ենք Հայոց աշխարհը, էլ պետականություն չենք ունենա: Մեր դարերով թշնամին՝ թուրքը, գա, մտնի 150 կմ քշի, թքի մեր հողի վրա ու գնա՞, իսկ ինչ-որ սպիտակ թուրքն էլ ասում է՝ ճանապարհը ես հսկե՞մ: Ո՛չ: Մենք կարա՞նք Ադրբեջանից մտնենք, Ռուսաստանով ինչ ապրանք ուզենանք՝ տանենք-բերենք: Չենք կարա 100 մետր քշենք Ադրբեջանում, իսկ Ալիեւն ուզում է այն էլ վերցնի, այն էլ, մենակ միջանցքով չի, մահանա է: Ռուսը մեզ միշտ էլ թշնամի է եղել: Հիշենք մեր պատմությունը՝ ռուսը երբ Հայաստանի կողքին կանգնել է, իր մեծ կտոր չալաղաջը տարել է»:

Դիտարկմանը, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կանչում է, ասում է՝ եկեք, դուք եք մեր երաշխավորը՝ նա պատասխանեց. «Արայիկ Հարությունյանն էլ է դավաճան: Ղարաբաղում ինչքան նախագահներ եղել են, բոլորը սրիկաներ են ու ես ոչ մեկից չեմ վախենում: Իրենք թող մտնեին Հայաստանի կազմի մեջ: Չէին ընդունում Ղարաբաղի անկախությունը, բա ինչի՞ համար մեր տղերքը զոհվեցին: Փաշինյանը 4 տարի նստած է, 4 անգամ չի եղել Ղարաբաղում, ի՞նչ հայրենասեր: Դու երկրի համար մեկ պաշտոնյան  ես, բա չգնա՞ս տեսնես ինչ խնդիրներ կան: Ես 4 զավակ ունեմ, իմ 4 զավակները տարբեր բնակարաներում ապրեն, բա չե՞մ այցելի գոնե ամիսը մեկ, որ տեսնեմ ինչ խնդիրներ կան, կարողանամ լուծեմ: Ինքը Արցախից ձեռքերը լվաց ու հետ քաշվեց: 44-օրյա պատերազմից հետո էլ ասում է՝ գնացեք ռուսին ասեք, ռուսն է այնտեղ: Ես լավ գիտեմ ինչ է կատարվում: Կրակոց լինում է, ռուսը ընդհանրապես մատը մատին չի տալիս, փախնում է, հելնում է տեղերից գնում, հլը մեր տղերքին էլ ասում է, թողեք դիրքերը, իջեք, տվեք իրենց: Ավելի լավ է ֆրանսիական լեգիոնը գար կանգներ, պարսիկները գային, քան թե ռուսը: Ռուսը մեզ բան չի անում, սաղ խաղեր են: Ուղղակի, եթե այս երեխեքի արյունով է եղել, պիտի իրենց արյունը ջուր չդառնա: Ինչի՞ համար Բերձորը տվեց, Լաչինը տվեց: Ալիեւը բռնեց 6 ամսվա մեջ զամոկեց սաղ ու փակեց գնաց, մեր գերիներին էլ հետ չտվեց: Մենք հլը երեխեք ունենք անհայտ կորած, ոչ դիերն են տալիս, ոչ մի բան: Ես միշտ ասել եմ ու էլի եմ ասում՝ թող վերջին զոհը լինի իմ տղեն: Այս անգամ, որ կռիվ եղավ, պիտի բոլորս գնանք ու ինչքան մտել են հայոց հողի մեջ, պիտի հետ շպրտենք»:

Հարցին՝ ռեսուրս ունե՞նք՝ նա պատասխանեց. «Ռեսուրս ունենք, 44-օրյա պատերազմում մեր ռեսուրսների 40%-ը չի օգտագործվել: Այնպիսի մարդիկ են ասել, որ ռեսուրս ունենք, այնպիսի մարդիկ են Օնիկ Գասպարյանին դիմել, որ մենք մեր ռեսուրսները չենք օգտագործել, հանեք…Չես հասկանում, այստեղ բռնում, այնտեղ բաց են թողնում: Պատրոն Դավիթին խի՞ բաց թողեցին, ինքը Հայաստանի համար 1 թշնամին է: Փչացած զենքերը բերեց, ոչ մեկը չի կրակում: Իրեն պիտի ազգի դավաճանով գնդակահարեն: Մեր գեներալների 40%-ից ավելին թափթփուկ են, այնքա՜ն բան գիտեմ այս կռվի մասին: Ես բողոքել եմ, քննչականում է մեր գործը: Գեներալ Առուստամյան Կարեն կա Ղարաբաղւմ, բոլորը գիտեն, Աղաբեկյան Արթուրը, նրանք այնքան բաներ են արել, բայց այսօր ոչ մեկի վրա գործ չեն հարուցում, եթե գործ կա հարուցված, գցած է բարձի տակ: 94-ից այնքան ղարաբաղցիք եկան այստեղ լցվան, Ղարաբաղը դատարկվեց, ա՛յ այդ ղարաբաղցիքին չպիտի թողնեին այստեղ գային: Պիտի ասեին՝ արի-գնա, խնդիր չկա, քո հողն է, բայց պիտի այնտեղ մնաս: Որ մնային, այնտեղ կլինեին 180 հազար, մենք էլ իրենց կողքն էինք, մի ազգ էինք, այս օրը չէինք ընկնի: Իսկ 44-օրյայի  կռվին սաղ փախնում գալիս էին: Ես ականատես եմ եղել Գորիսի ճանապարհի վրա, թե ինչեր էր կատարվում փախնելուց: Հոկտեմբերի 14-ին տղես վիրավորվել է ծանր, մենք 16-ից գնում-գալիս էինք ծնողներով Ղարաբաղ, Արայիկը գոռում, լացում էր, ասում էր՝  պադվալներից դուրս եկեք, ես ինքս տեսել եմ Ղարաբաղից ոնց են փախնում՝ 22 տարեկան, 24 տարեկան,  խալու մեջ փաթաթած, գրուզավիկի կուզովը գցած, ինչ է պոստերը հելնեն: Ես տղա ունեմ, որ հաշմանդամ է, երբ գնում եմ զորամաս, առաջինը ինքն է գալիս նստում մեքենան, որ հետս գա: Խի իմ տնից կարան սաղ տղամարդիկ գնան կռիվ, իմ տունը սաղ զոհվեն, տղամարդ չլինի, իսկ տներ կան՝ 5-6 հատ տղամարդ կան, ցույցերի վախտ սաղ հելնում են, բայց որ պետք է գնան Ղարաբաղ կռվի՝ պադվալներից դուրս չեն գալիս: Մենք էս ազգն ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այսինքն, այս մեծ տեքստը, որը ոչ մի քաղաքական կամ իդեոլոգիական ուղերձ չի պարունակում՝ ընդամենը մեկ դառնացած մարդու մտորումներ են, տպել եք զուտ նրա համար, որ վերնագիրը լիներ հակաղարաբաղյա՞ն։
    Իմաստը՞։
    Գուցե Ղարաբաղից մուտքը ՀՀ վիզայով սարքեք։ Մտածեք, լավ առաջարկ է՝ փողաբեր։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930