Լրահոս
Օրվա լրահոսը

Մանսկու «Գորբաչով. Դրախտ» ֆիլմով բացվեց «Արտդոկֆեստ» փառատոնը

Նոյեմբեր 09,2022 22:55

Երեւանի Կինոյի տանը Վիտալի Մանսկու «Գորբաչով. Դրախտ» կինոնկարով բացվեց «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի փառատոնը՝ արտագնա ձևաչափով: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը: «Արտդոկֆեստ»-ը խոշորագույն միջազգային փառատոն է, որը հիմնադրվել է 2007-ին։ Փառատոնի նախագաhն է կինոռեժիսոր, սցենարների հեղինակ, հեռուստատեսության և ոչ խաղարկային կինոյի բնագավառում «Դափնու ճյուղ» ազգային մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Վիտալի Մանսկին։

Արդեն երկու տարի է «Արտդոկֆեստ»-ը ինչ-ինչ խոչընդոտների եւ սահմանափակումների պատճառով անցկացվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ արտագնա ցուցադրությունների ձևաչափով:

Ինչպես փառատոնի բացմանը նշեց Վիտալի Մանսկին, «Արտդոկֆեստի արձագանքը Երևանում» փառատոնը նվիրված է փառատոնի մտերիմ ընկեր, մեդիա մենեջեր ու պրոդյուսեր Մանանա Ասլամազյանի հիշատակին, որը օգոստոսին մահացավ ողբերգական ավտովթարից։ Մանսկին ասաց, որ իր համար դժվար է Մանանա Ասլամազյանի մասին խոսել անցյալ ժամանակով, որովհետեւ ինքը տպավորություն ունի, թե նա դահլիճում է: Մանսկին փառատոնին աջակցության համար շնորհակալություն հայտնեց ՆՓԱԿ-ին, «Ոսկե ծիրանին»՝ այն որակելով մոլորակի լավագույն կինոփառատոն, փառատոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանին: Ասաց, որ փառատոնի կազմակերպիչները առաջարկել են իրեն 3 րոպեի սահմաններում ներկայացնել փառատոնային 10-ը ֆիլմերը, ինչն, ըստ էության անհնար է, ապա կես կատակ-կես լուրջ հարցրեց՝ ով համաձայն չէ, թող ձեռք բարձրացնի:

Նա ասաց, որ Երեւանում հյուրընկալված «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի փառատոնը գերազանց ծրագիր ունի: Ռեժիսորները կներկայացնեն իրենց ֆիլմերը: Ընդգծեց, որ երբեք չի լարվում, երբ որեւէ փառատոնի ժամանակ ցուցադրվում են իր ֆիլմերը, սակայն այս անգամ թերեւս կլարվի, որովհետեւ դահլիճում ներկա է Արտավազդ Փելեշյանը:

«Գորբաչով. Դրախտը» Ֆիլմը ներկայացնում է Մոսկվայի մերձակայքում գտնվող ծառայողական տանը ապրող 90-ամյա Միխայիլ Գորբաչովի առօրյա կյանքն ու մտորումները։ Ֆիլմը ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի դիմանկար է։ Մի մարդու, որը փաստացի միայնակ սկսեց կազմաքանդել խորհրդային համակարգը համակարգը և անսպասելիորեն ազատություն առաջարկեց միլիոնավոր մարդկանց։ Ոմանք դրա համար նրան փառաբանում են, իսկ ոմանք՝ անիծում։ Գորբաչովը հենց այդպես էլ ապրում է՝ դրախտի ու դժոխքի արանքում։

Գորբաչովն ասում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ազատության իրավունք, բայց ազատության փնտրտուքը Ռուսաստանում նման է օնանիզմի: Նա իրեն համարում է սոցիալիստ, ժամանակին այդպիսին համարել է նաեւ Ստալինեն, անգամ ռազմական աստված որակել, սակայն տարիներ անց ԽՍՀՄ ղեկավար դառնալուց հետո, երբ ծանոթացել է Ստալինյան բռնաճնշումների ողջ ծավալին, գնդակահարված մարդկանց թվերին, գիտակցել է, որ նա կատարյալ բռնակալ է եղել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Միխայիլ Գորբաչովի եւ Վիտալի Մանսկու լուսանկարը՝ վերջինիս ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930