Ռուսաստանն աջակցություն կցուցաբերի Բաքվին ու Երևանին` գտնելու «փոխըմբռնելի հանգուցալուծում»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում`պատասխանելով հարցին, թե արդյոք վաշինգտոնյան հանդիպումը չի նշանակում, որ ցանկություն կա խաղաղության պայմանագիր ստորագրել Արևմուտքի հովանու ներքո, ոչ թե Ռուսաստանի:
«Հաշվի առնելով մեկնաբանությունները, որ մենք տեսել ենք երկու կողմերից, շարունակվում է մտքերի փոխանակումը խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ: Քննարկումը տարվել է` այդ թվում հաշվի առնելով Սոչիի գագաթնաժողովի արդյունքները: Ես չեմ տեսել, որ կողմերը հրաժարվեն ձեռք բերված պայմանավորվածություններին հղում տալուց»,- ասել է Զախարովան:
Զախարովան նաև նշել է, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին ընդունված համատեղ հայտարարությամբ պետության ղեկավարներն ընդգծել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման կարևորությունը:
«Մենք աջակցություն կցուցաբերենք այդ գործընթացին: Ինչ վերաբերում է կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարությանը, ապա Սոչիում առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածություններին»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ