«Առաջ պայուսակիս մեջ օծանելիք էի պահում, հիմա խունկ եմ պահում, փայտի կտորներ, կրակայրիչ, անձեռոցիկ, տղայիս նկարները… Զգացողությունների մասին չեմ կարող խոսել, ահավոր է, ցավն ավելի մեծանում է: Կարոտում ես: Կարոտը խեղդում է: Չես դիմանում: Շաբաթը 2 անգամ գալիս եմ: Մի անգամ մենակ, մի անգամ՝ ընտանիքով, բայց դե ոչ մի բանով չեմ կարողանում մխիթարվել: Զավակ կորցնելն ահավոր է, մանավանդ, որ հերոս տղա եմ կորցրել»,-մեզ հետ զրույցում հուզմունքից դողացող ձեռքերով դուրս թափելով պայուսակի պարունակությունը՝ ասաց 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արտաշես Խալաթյանի մայրը՝ Սուսան Պողոսյանը:
Արտաշեսը կամավոր է գնացել պատերազմ՝ ժամկետային զինծառայող որդուն մենակ չթողնելու համար: Բայց իրեն այլ ուղղությամբ են տարել՝ Ջաբրայիլ, ու այդպես էլ մարտի դաշտում որդուն չի հանդիպել:
Կարդացեք նաև
Փոխարենը հասցրել է փրկել տասնյակ զինվորների կյանք. «Մարտի դաշտում չի կարողանում բլինդաժի մեջ մնա, դուրս է գալիս, ծանր վիրավորներին քաշ է տալիս, բերում, փրկում է: Մոտ 10 հոգուց ավելի փրկում է ու զոհվում՝ ցավալի ձեւով: Հոկտեմբերի 10-ին իմ տղան զոհվել է, բայց ես իրեն գտել եմ 5 ամիս հետո: Հերացիում է եղել 5 ամիս: Փաստորեն, ԴՆԹ-ն ինձնից վերցրել են, դա մնացել է թղթի վրա գրված, կոմպյուտերի մեջ չեն անցկացրել: Չգիտեմ դա ինչ էր: Իմ տղային գտա ուշ: Իմ անգլուխ ձիավորին գտա, իմ տղայի գլուխը վրան չէր: Սարսափելի ցավ է, աննկարագրելի ցավ, որ չգիտեմ ում մեղադրեմ, ինչ անեմ: Ես էլի զավակներ ունեմ, թոռներ ունեմ, բայց գիտեք, ոչ մի ձեւով չեմ համակերպվում ոչ մի բանի հետ: Չեմ կարողանում ինչ-որ մի բանի վրա ուրախանալ: Միշտ հիշում եմ, որ ուղղակի Արտաշեսը չկա»,- ասաց տիկին Պողոսյանը:
Հարցին՝ պատկան մարմիների կողմից բավարար ուշադրություն եղե՞լ է այս ընթացքում, նա պատասխանեց. «Տղայիս պարգեւատրեցին Մարտական խաչ շքանշանով, բայց ինքը ավելի բարձր պարգեւի էր արժանի, որովհետեւ ինքը հենց այնպես չի զոհվել, մարդկանց կյանքեր է փրկել: Իմ դժգոհությունը դրանում է: Դա ինձ ոչինչ չի անում, բայց հետագայում դա պետք է իր թոռների, երեխաների համար, ոնց որ ես հպարտանում եմ իմ հոր, իմ պապիկի շքանշաններով, որ Հայրենական պատերազմի մասնակիցներից են եղել, 20-ից ավելի մեդալներ ունեն: Իմ տղան ավելիին էր արժանի, որովհետեւ զոհաբերել է իրեն՝ կյանքեր փրկելով»:
Հարցին՝ հիմա խաղաղության պայմանագրի մասին են խոսում ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման մասին են խոսում, դուք, որպես կորուստ կրած ընտանիքի անդամ, ի՞նչ եք մտածում այդ մասին՝ նա պատասխանեց. «Ուղիղ 100 տարի առաջ 15 թվին մորս ծնողները գաղթել են, Տարոնի դաշտավայրից են եղել, իսկ 20 թվին թուրքը գալիս է Խնկոյան գյուղը ու ամբողջ գյուղին քաշում է սրի բերան, քանի որ պապիկիս կողմը եկեղեցականներ են, բոլորին լցնում են եկեղեցի, չոր խոտը լցնում, ծխից խեղդում են, մնացածին տանում են ձորի բերանին կանգնացնում են ու գլորում դեպի ձորը: Փաստորեն, 100 տարի հետո պատմությունը նույնությամբ կրկնվեց, այսինքն, պապիկս մի կերպ է փրկվել, հիմա էլ իմ տղան զոհ դարձավ: Պապիկս ասում էր՝ բալիկ ջան, թուրքի ոտքը տրորես, մինչեւ քեզնից արյուն չհանի, չի հանգստանա: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Ներկա պահին ես իմ տղային կորցրել եմ, ի՞նչ հաշտություն, ես նույնիսկ դրա մասին չեմ ուզում լսել, թուրքը մնում է թուրք: Ուզում է դարեր անցնի, թուրքն իր արածը կանի: Պարսիկ շահն ասել է՝ հային պետք է չսպանես, պետք է 10 տարին մեկ հային թալանես, բայց թուրքը ե՛ւ սպանել է, ե՛ւ թալանել է»:
Հարցին՝ վարչապետ Փաշինյանը վերջին շրջանում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ներկայացնում է ոչ թե կապիտուլյացիա, այլ՝ ավելի շատ Հայաստանի փրկության թուղթ, որտեղ կարեւոր արձանագրումներ է տեսնում, դուք դա ո՞նց եք դա ընկալում՝ նա պատասխանեց. «Ես ամեն ինչը բացասական ձեւով եմ ընկալում, ինձ համար Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան նույն սանրի կտավն են, երեքն էլ նույնն են: Ես ոչ մեկին էլ չեմ ուզում տեսնել, չեմ ուզում լսել նույնիսկ, ինձ համար բոլորն էլ առաջին թշնամիներն են: Կուզեի Հայաստանի իշխանություն լիներ մի մարդ, որը խելքի կբերեր, սա ի՞նչ վիճակ է մեր վիճակը: Մենք չենք ապրում, մենք գոյատեւում ենք, սա ապրել չի: Անհնարին է բացատրել, մեծ ցավ եմ ապրում:
Ուզում է 2 տարի անցնի, ուզում է 10 տարի, ուզում է՝ 20 տարի անցնի, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չեմ կարողանում մոռանալ: Ախր որդիս իր մահով չի մահացել, պատերազմի դաշտում է մահացել ու ում ձեռքով՝ թուրքի, ադրբեջանցու ձեռքով: Տղայիս գլուխը վրան չէր: Նախ, մեր ԴՆԹ-ն իրար հետ համընկավ, հետո երբ զանգեցին, ասեցին՝ թող ձեր տան տղամարդիկ գան, ես հրաժարվեցի, որովհետեւ մեր տղաներն իրենց եղբորը ման գալուց արդեն այնքան դիակներ էին տեսել, արդեն խելագարվում էին: Ես քարացել էի արդեն, ես կոմպյուտերի առաջ տղայիս գլուխը վրան չէր, բայց ճանաչեցի: Հագուստից ճանաչեցի, զինվորական հագուստով էր, կանաչ սվիտերով ու չարոխներով, որը ինքը գնալուց մի 10 օր առաջ էր առել: Ես անմիջապես ճանաչեցի, հետո մերկ մարմինը ցույց տվեցին, կույրաղիքի վիրահատությունից հետո բավականին մեծ սպի ուներ: Ես իմ տղային ճանաչեցի, ճիշտ է, բայց գլուխը վրան չէր, տղաս դարձել էր անգլուխ ձիավոր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ