Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի և HSBC-ի համագործակցությամբ՝ Տավուշում մեկնարկել է «Զբաղվածության ապահովում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը
Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում մեկնարկեց Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի և HSBC-ի համագործակցությամբ իրականացվող՝ «Զբաղվածության ապահովում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակը Տավուշի մարզում բնակվող երիտասարդներին հնարավորություն ընձեռելն է անվճար հիմունքներով ձեռք բերել տարբեր հմտություններ, սովորել ծրագրավորում, ինչպես նաև աջակցել նրանց՝ կապեր ստեղծելու տեղական ՏՏ ընկերությունների հետ։
Մասնավորապես, 42 շահառու հնարավորություն կստանա մասնակցելու 6-ամսյա անվճար դասընթացների հետևյալ թեմաներով` «Համակարգչային տեխնիկա/հիմնական հմտություններ», «Վեբ ծրագրավորում (HTML / CSS / JavaScript)», «Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)» և «Գրաֆիկ դիզայն (Graphic Design)»:
Կարդացեք նաև
Իջևան համայնքի ղեկավարի խորհրդական Նարեկ Ճաղարյանն Aravot.am–ի հետ զրույցում կարևորեց ծրագրի իրականացումը։ «Ողջունելի է նման կարևոր նախագծի մեկնարկը, այն շատ կարևոր դեր կունենա Տավուշի մարզի երիտասարդների զբաղվածության ապահովման հարցում: Վերջերս էլ մեծ հետաքրքրություն է նկատվում երիտասարդների կողմից՝ դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներ,ինչը շատ ուրախալի է »,-նշեց Ճաղարյանը։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն նաև նոր ծանոթություններ ՏՏ ընկերությունների և ԳՏՏԿ գործընկեր կազմակերպությունների շրջանում` ընդլայնելով հետագայում աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները:
ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով` Իջևանում այս պահին գործող ՏՏ ընկերություններն ունեն մասնագետների կարիք, իսկ այս ծրագիրը կարող է լրացնել այդ բացը։ HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանն իր հերթին միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ծրագրից ակնկալվող դրական արդյունքները։ Հավելենք, որ նախագծի ավարտից հետո շրջանավարտների մեծամասնությունը կապահովվի աշխատանքով։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ