Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հլը թող գնա, տեսնենք ով է գալիս…Ի՞նչ իմանանք ով է գալու, կարող է ավելի բեթարն է գալու Փաշինյանից». Զոհված գնդապետի հայրը հուսահատվել է

Նոյեմբեր 09,2022 18:40

Եռաբլուրում տղամարդը մի փունջ դեղին վարդերով մոտենում է որդու շիրիմին, խոնարհվում ու լուռ խոսում շիրմաքարի հետ: Նոյեմբերի 9-ն է: Մոտենում ենք, զրույցը դժվար է ստացվում, որովհետեւ կողքին, առջեւում եւ հետնամասում շիրիմների մոտ արտասվող հարազատներ են: Հուսահատություն է:

«Ի՞նչ զգացողություն ես պետք է ունենամ այսօր, միայն վատ: Հերոս տղա է՝ պալկովնիկ, ընկերն էլ այնտեղ: Ոչ մի հեռանկար, ոչ մի բան չենք տեսնում: Մեր տները թողել ենք Ղարաբաղում, եկել ենք այստեղ բոմժի նման: 200 հազար տղերքս տներին վարձ են տալիս, 3 տղա ունեմ, երեքն էլ այդպես ու ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում: Անտարբերություն է»,- մեզ հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս, գնդապետ Սերգեյ Միրզոյանի հայրը՝ Ալեքսեյ Միրզոյանը:

Նա այլեւս ոչ մի բանի հետ հույս չի կապում. «Ոչ Ամերիկան է գալու մեզ այստեղ պահի, ոչ ռուսը, ոչ մեկը: Սաղ սուտ են, մեր հույսը միայն մեր վրա պիտի դնենք, մեր պետության: Պետությունն էլ ո՞ւր է՝ չկա»: Հարցին՝ եթե մեր հույսը մենք ենք, հանրությունը ինչո՞ւ ոտքի չի կանգնում պատերազմից հետո, իշխանափոխություն ինչո՞ւ չի լինում, դուք ունե՞ք բացատրություն՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարա բացատրեմ, որովհետեւ մեր ժողովուրդը, երբ ինչ-որ մի բանի հավատում է, չի նկատում, որ էդ մի բանը չկա էլ: Իշխանափոխությունը պիտի լինի, բա ի՞նչ պիտի լինի»:

Ալիեւը Շուշիում էլի սպառնում ու հոխորտում է, իսկ մեր իշխանությունները խոսում ու խոսում են խաղաղության պայմանագրի մասին: Ալեքսեյ Միրզոյանն ասաց՝ բա ի՞նչ պիտի անի Ալիեւը, Թուրքիայի հետ 3 մլն-անոց պետության դեմ է. «Ադրբեջանը պոզերը տնկած ամեն ինչ էլ կարա ասի: Պարսկաստանն է, այն էլ նետրալ կանգնած է: Ի՞նչ անես: Ուժ չունես, զենք չունես, որ դիմադրես: 30 տարի է՝ մի հատ նոր բան չեն բերել, ինչո՞վ դիմադրեն, զինվորն այնտեղ կանգնած ի՞նչ անի, ավտոմատով ինչի՞ դեմ կռվի»:

Հարցին՝ իշխանափոխությունից հետո հույս ունե՞ք, որ իրավիճակ կփոխվի՝ նա պատասխանեց. «Ոչ մի բանի չեմ հավատում: Փաշինյանը հլը թող գնա, տեսնենք ով է գալիս եւ ինչ է անում: Ի՞նչ իմանանք ով է գալու, կարող է ավելի բեթարն է գալու Փաշինյանից»: Ըստ նրա, ամեն դեպքում ավելի լավ կլիներ երկրորդ նախագահ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930