Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ խոսեմ, հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ». Իշխան Սաղաթելյանը՝ «բժշկականի» գործի մասին

Նոյեմբեր 09,2022 18:06

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ վերջին 4 տարիների ընթացքում, իսկ վերջին երկու տարիներին՝ ավելի մեծ ծավալներով, Հայաստանի ողջ իրավական համակարգն իր եւ իր հարազատների, ընտանիքի նկատմամբ տարբեր տեսակի ոտնձգություններ է իրականացրել: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բժշկական համալսարանում հափշտակությունների քրեական վարույթին, որն առնչվում է նաեւ իր հորը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Իմ հարազատների շրջապատում չկան մարդիկ, որ հարցաքննված չեն, երկու ամիս առաջ խուզարկություն են արել, հորս էլ են հարցաքննության կանչել, եղբորս ու հորեղբորս տղայի վրա մեկ այլ դրվագով, իբր ցույցերի ժամանակ մարդ են ծեծել, գործ են հարուցել: Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են՝ ինչ կարողացել են: Ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձնից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, դա անհնար է»:

Քրեական վարույթը ընդդիմադիր գործիչը որակում է որպես շինծու, ու դրա վառ օրինակներից մեկն էլ համարում է այն, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մեղքն այս պատմության մեջ այն է, որ իրենք ուսանողական տարիների ընկերներ են. «Այս գործը 4 տարվա է, այս գործը քննել է ԱԱԾ երկու պետ, հետո գնացել է ՀՔԾ, հետո քննչական, հետո վերադարձել է ինչ-որ հիմնարկ: Ամեն կերպ ստիպում են՝ մի բան գտեք, մի բան արեք, էդ խեղճերն էլ ինչ կարողանում, անում են, բայց չի ստացվում: Ուղղակի չեմ ուզում շեղվեմ, այդ հարցերից խոսեմ, որ խոսեմ, հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ»:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ։

Ըստ առաջադրված մեղադրանքի, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ՝ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930