ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
«Մեր դերն այս հարցում եղել է որպես օժանդակող: Մենք երեկ օրվա ընթացքում տարածք տրամադրեցինք՝ Բլեր Հաուսը, որպեսզի երկու երկրները նստեն միասին ճիշտ այնպես, ինչպես արեցինք Նյու Յորքում մի քանի շաբաթ առաջ՝ սեպտեմբերի վերջին: Բայց սա համաձայնություն չէ, որը Միացյալ Նահանգները փորձում է կամ ձգտում է, կամ նույնիսկ կարող է պարտադրել երկու կողմերին: Մենք պարզապես փորձում ենք ստեղծել տարածք և հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հավաքվեն, բացահայտեն իրենց տարաձայնությունները, որոնք շատ են, և փորձեն դրանք հաղթահարել»,- ասել է Փրայսը:
Նրա խոսքով՝ հանդիպումը դրական էր այն առումով, որ երկու կողմերը հանդիպեցին, բացահայտեցին իրենց տարաձայնությունների բազմաթիվ ասպեկտներ: Օրվա վերջում նրանք կարողացան պայմանավորվել համատեղ հայտարարության շուրջ, ինչպես նաև համաձայնության գալ հաջորդ շաբաթների ընթացքում շարունակել հանդիպումները և ներգրավվել ուղիղ երկխոսության և դիվանագիտության մեջ:
«Դա մեզ համար բավականին կարևոր է,- ասել է Փրայսը։- Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև այս կայուն համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց չենք ներկայացնում փաստաթուղթ, որը պատրաստ է ստորագրման։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք՝ հնարավորություն տալու դիվանագիտությանը, որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և դա չի տարբերվում ամբողջ աշխարհում մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ մեր մոտեցումից»:
Կարդացեք նաև
Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը բազմիցս ապացուցել է այդ մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը: Մասնավորապես, նրա խոսքով Իսրայելի և Լիբանանի միջև ընդամենը մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված պատմական համաձայնության գործում «Միացյալ Նահանգները խաղում էր օժանդակողի, միջնորդի դեր, բայց իհարկե մենք չէինք թելադրում պայմանները»:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների պարտականությունն է օգտագործել իր լծակներն ու հեղինակությունը, ունեցած փորձը՝ օգնել այդ գործընթացներին:
«Կարծում ենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի հետ դա անելու հնարավորություն էր, և արդյունքները, կարծում ենք, բավականին դրական են»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ