Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ հավասարության մասին է խոսքը, երբ այսօր ՀՀ-ի միջոցներով Արցախում բնիկ արցախցիների համար տներ են կառուցվում»․ քաշաթաղցիները հակադարձեցին պաշտոնյաներին

Նոյեմբեր 09,2022 17:50

«Քաշաթաղցիներին չենք տարբերում․ խնդիրները նույնն են, ինչ հադրութցիներինը, մյուս տեղահանվածներինը։ Ես ինքս հադրութցի եմ»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ԱՀ Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչների բնակարանային ապահովման, տեղահանման հետևանքով կրած նյութական վնասների փոխհատուցման վերաբերյալ քննարկման ժամանակ, ի պատասխան տեղահանված քաշաթաղցիների բարձրացրած խնդիրների, ասաց ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ որոշ քաշաթաղցիներ չունեն սեփականության վկայականներ՝ նա ասաց․ «Ներկայացվում է համայնքի ղեկավարի կողմից տեղականք, որ այս անձը Քաշաթաղում ունեցել է համապատասխան սեփական հողատարածք։ Տնամերձի հետ կապված որոշման մեջ նման բան չկա։ Այդ հարցը մնում է բաց»։

Նա հայտնեց, որ Քաշաթաղի կադաստրի բաժինը գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում, նաև շարունակում են տրամադրվել բնակարանի ձեռքբերման վկայականները։ Սասուն Սավադյանի տեղեկացմամբ՝  երեկվա տվյալներով՝ 3230 ընտանիքի՝ 8708 քաղաքացիների, որոնք համարվում են Արցախի առանձին շրջաններից տեղահանված բնակիչներ, տրվել են այդ վկայականները։

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Վրեժ Հարությունյանն արձագանքեց․ «Ի սկզբանե է եղել խտրականությունը քաշաթաղցու և բնիկ արցախցու միջև։ Ի՞նչ հավասարության մասին է խոսքը, երբ այսօր ՀՀ-ի միջոցներով Արցախում բնիկ արցախցիների համար տներ են կառուցվում, իսկ մենք մեր սեփականությունը կորցրել ենք։ Սեփականություն կորցրած մարդուն տրամադրում են ինչ-որ ժամանակավոր կացարան»։

Սասուն Սավադյանն էլ այս առիթով ասաց․ «Առանձին շրջաններից տեղահանվածները, որոնք պատրաստ են Արցախում ապրել, Արցախի կառավարությունը պատրաստ է նրանց  բնակարանով ապահովել»։

Այս հայտարարությունը վրդովեցրեց քաշաթաղցիներին։ Վրեժ Հարությունյանն ասաց․ «Նորից «ստրուկնե՞ր» են պետք Արցախին։ Պարոն Սավադյան, փոխանցեք Արցախի իշխանություններին՝ դադարեցրեք ապօրինի զորակոչը քաշաթաղցի երեխաների հաշվին։ Ե՞րբ է քաշաթաղցին եղել Արցախի քաղաքացի»։

Թագուհի Թովմասյանը պետական գերատեսչությունների՝ քննարկմանը մասնակից ներկայացուցիչներին հարցրեց՝ ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի քաշաթաղցուն տրամադրվի այնքան գումարի վկայական, որ նա կարողանա այդ գումարով միջին բնակարան ձեռք բերել, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ 8-10 միլիոն դրամով Երևանում, թե մարզերում միջին բնակարան գնել հնարավոր չէ։ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Կարեն Թովմասյանն ասաց․ «Ուղղակի մեզ պետք է տվյալների բազա, որ կարողանանք որևէ կարծիք ու դիրքորոշում ներկայացնել հարցի մնացած մասի խնդիրները լուծելու համար։ Այս պահին որևէ այլ հարցի պատասխանել չեմ կարող, քանի որ եկել ենք լսելու խնդիրները, խորհրդակցելու մեր ղեկավարության հետ»։

Վրեժ Հարությունյանն առաջարկեց, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն նաև քաշաթաղցիներ, որը կզբաղվի այս բոլոր խնդիրների քննարկմամբ։

ՀՀ Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն այս առիթով մի առաջարկ արեց․ «Աշխատանքային խմբի գաղափարը լավն է։ Որպեսզի այդ խմբի կշիռն ավելի բարձր լինի, միգուցե, տիկին Թովմասյան, դիմեք կառավարությանը՝ խնդրելով կառավարության որևէ վարչության ղեկավարությամբ այդ խումբը ձևավորել, քանի որ, ինչպես տեսանք՝ հարցերը բազմազան են»։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ հայտնեց՝ այս պահին 11-12 ֆինանսական կառույց է ներգրավված՝ որպես միջնորդ, որ Արցախից տեղահանված բնակչության բնակարանային խնդիրները այն ճանապարհով, ինչով այսօր կառավարությունը հաստատել է, իրականացվեն.«Ֆինանսական համակարգն ընդամենը իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում այս ճանապարհին աջակցում է երկու կողմերին էլ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930