Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Հայաստանի, Արցախի հողը, որ ներկված է նաեւ իմ տղայի արյունով, ինձ համար անգին է»

Նոյեմբեր 09,2022 17:27

44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը որդեկորույս մյուս ծնողների հետ հիմա պայքարի է ելել հանուն արդարության, «Հայելի» ակումբում ասաց. «Իհարկե, ինձ համար Հայաստանի, Արցախի հողը միշտ եղել է ամենամեծ արժեքը, բայց հատկապես այն բանից հետո, որ այդ հողի համար տվել եմ իմ զավակին, եւ այն այժմ ներկված է նաեւ իմ տղայի արյունով, այդ հողն ինձ համար անգին է: Հետեւաբար, արդարությունն ու վրեժն՝ իրենց հերթին, բայց երբ բանն արդեն գալիս է հայրենիք կորցնելուն… բացի իմ որդուց, մինչ օրս քանի՞ հազար զոհ ենք տվել, ի՞նչ ներդրումներ, ռեսուրսներ, ջանք, քրտինք է ներդրված եղել, ու այդ ամենը հենց այնպես վերցնել ու նվիրե՞լ… սրբապղծություն է»,- ասաց տիկին Նաիրան:

Նա հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունները թշնամուն հանձնված տարածքների ադրբեջանական անուններն են հնչեցնում, ասում, իբր, դրանք ադրբեջանական հողեր են, իսկ մեր ժողովրդի մի հատվածը դա լսում եւ այդպես էլ ընկալում է: «Նրանք չեն հասկանում, որ թուրքն այն տեսակն է, որ ուր մտնում, առաջինը տվյալ ժողովրդի ինքնությունն ու պատմական հիշողությունն է ջնջում: Իսկ մենք այնքան անհեռատես ու անհետեւողական ենք, որ դրանց վռնդելուց հետո անգամ հայկական անունները չենք վերականգնում ու որպես աքսիոմ այդ անունները մեր բառապաշար չենք մտցնում: Եվ դա հետո օգտագործում են մեր դեմ»,- ասաց տիկին Մելիքյանը եւ տեղի ունեցողը կոչեց աններելի ամոթ:

«Ես մի առիթով ասել եմ, որ մենք մի ազգ ենք, որն ունի հինգ հազար տարվա պատմություն, բայց չի հասունացել: Մենք մնացել ենք երեք տարեկան. մի հատ կակա ցույց տան, մոռանում ենք ամեն բան: Այդպես չպետք է լինի», ասաց որդեկորույս մայրը ու ժողովրդին հորդորեց, որպեսզի ուշադիր նայի, տեսնի, թե իր հետ ինչ են արել, ինչ են անում եւ ինչ են ուզում անել, վերլուծի եւ ամեն ինչ պարզ կլինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930