Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի պատճառով՝ Նարեկ Գյոզալյանը չի կարող դիմել պայմանական վաղաժամկետ ազատվելու համար

Նոյեմբեր 09,2022 17:07

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  4 տարի պատիժ կրող Նարեկ Գյոզալյանին հիմնարկի վարչակազմը չի կարողանում ներկայացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, քանի որ Գյոզալյանը դեռեւս չունի դատապարտյալի կարգավիճակ։ Գործն այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է։ Նարեկ Գյոզալյանն  անազատության մեջ է 2018թ.-ի փետրվարից։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունիսի 6-ի դատավճռի (ԵԴ/0233/01/18)  համաձայն` նա  մեղավոր է ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կետերով (ավազակություն) եւ դատապարտվել ազատազրկման՝  7 տարի ժամկետով։ 2021թ. հունվարի 18-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  ստորադաս ատյանի  կայացրած դատավճիռը թողել է նույնը։ Վերաքննիչ դատարանի որոշումը  վճռաբեկ դատարան բողոքարկել են դատավարության  բոլոր կողմերը՝ պաշտպան Սյուզաննա Խչեյանը, դատախազն ու տուժողի ներկայացուցիչը։

«2021թ. հուլիսի 22-ին փոստային առաքմամբ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ որի, իմ ներկայացրած բողոքը վարույթ չի ընդունվել, իսկ դատախազինն ու տուժողի ներկայացուցչի վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել։ Մինչեւ օրս գործը դեռ քննության փուլում է»,-ասում է Նարեկ Գյոզալյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը (լուսանկարում)։  Վերջինս 2022թ-ի ապրիլի 4-ին դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարին սույն գործով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 5 դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքերով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

2022թ․ հունիսի 14-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը գրությամբ պատասխանել է, որ «հանձնաժողովը գտել է՝ դատավորներին վերագրվող գործողություններում առկա չէ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի, ինչպես նաեւ դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»։

Սյուզաննա Խչեյանի փաստմամբ՝  քրեական գործի եւ ավելի քան 4 տարի ժամանակով ամբաստանյալ Նարեկ Գյոզալյանի շարունակական կալանքի տակ գտնվելու հանգամանքները մի բան են ապացուցում՝ խախտվել եւ խախտվում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված նրա արդար դատաքննության իրավունքը։

Այս ընթացքում Նարեկ Գյոզալյանը  փաստացի կրել է դատավճռով  նշանակված  7 տարվա ազատազրկման պատժի՝ «ՀՀ  քրեական օրենսգրքով» սահմանված նվազագույն ժամկետը՝ 4 տարի 10 ամիս 6 օր:

«ՀՀ քրեական օրենսգրքի» 85-րդ, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» 130-րդ, 132-րդ, 133-րդ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատապարտյալը դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինվել։ Փաստորեն, Նարեկ Գյոզալյանը արդեն իսկ փաստացի կրել է դատավճռով սահմանված պատժի նվազագույն ժամկետը, բայց նա զրկված  է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնելու հնարավորությունից, քանի որ  նման դիմում կարող է ներկայացնել դատապարտյալը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը Նարեկ Գյոզալյանին  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու եւ դրա մասին որոշում կայացնելու հնարավորությունից։

«Ըստ էության՝  քրեական գործի 4 տարի տեւած եւ դեռեւս շարունակվող քննությունը որեւէ կերպ չի կարող արդարացվել, քանի որ գործն առանձնակի բարդություն եւ մեծ ծավալ չունի, այս գործով միջազգային որեւէ գործոններ չկան, դատավարությանը նոր անձիք չեն ներգրավվել, հաշվարկներ չեն կատարվել եւ  փորձագետների անհրաժեշտություն չի եղել։ Դատաքննության ձգձգումները բացառապես պետության մեղքով են»,-մեզ հետ զրույցում նշեց  ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սյուզաննա Խչեյանը։

Չնայած Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված է վճռաբեկ դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետ՝ 15 ամիս,  սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ որոշումը պետք է կայացվի վերջին՝ 14-րդ կամ 15-րդ ամսում։ Փաստաբանի խոսքով՝ այս պարագայում էլ վճռաբեկ դատարանը սահմանված 15 ամիսը լրանալուց հետո էլ չի կայացրել որոշում։

Սյուզաննանա Խչեյանը օրեր առաջ կրկին դիմել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարին ՝ խնդրելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ (նախագահող Հ․Ասատրյանի, մասնակցությամբ Ս․Ավետիսյանի, Լ․Թադեւոսյանի, Ա․Պողոսյանի, Մ․Օհանյանի)  դատավորների կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքերով հարուցել կարգապահական վարույթ։

 «Դատավորները խախտել են  ոչ միայն դատավարական ժամկետները, այլեւ կողմերի արդար եւ ողջամիտ ժամկետում դատաքննության հիմնարար իրավունքը, զրկել է Նարեկ Գյոզալյանին օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո օգտվելու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հնրավարությունից։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը՝ ինչից տվյալ դեպքում Նարեկ Գյոզալյանը զրկված է»,-Aravot.am-ի հետ զրույցը եզրափակեց Սյուզաննա Խչեյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930