Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Նոյեմբեր 09,2022 16:35

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ.

Մինչ աշխատանքներին անցնելը՝  Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության  մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը:

«Երկու տարի առաջ այս օրը շատ ծանր էր մեր ժողովրդի համար: Հիշելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին՝  պետք է հավատանք, որ մեր վերածնունդը լինելու է։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ»,- բացելով խորհրդակցությունն՝ ասել է պետնախարարը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերել է պետական նախարարի և հանրապետական գործադիր մարմինների միջև աշխատանքների կազմակերպման սկզբունքներին: Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է երեք սկզբունք՝  թիմային աշխատանք, թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ: «Եկել եմ ոչ թե պարզապես պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու, այլ ճգնաժամային իրավիճակում  ձեզ հետ միասին աշխատելու համար,-ընդգծել է նա։Ինձ համար կարևոր է  թիմային աշխատանքը, և ես պատրաստ եմ  բոլորիդ հետ միասին  այդ սկզբունքով աշխատել։ Երկրորդը թափանցիկությունն է մենք ամեն ինչ պետք է անենք մեր աշխատանքի, կայացվող որոշումների և իրականացվող ծրագրերի թափանցիկությունն ապահովելու համար։ Մյուս կարևոր սկզբունքը պրոֆեսիոնալիզմն է: Ես վստահ եմ, որ բոլորդ երկար մասնագիտական ճանապարհ եք անցել, բայց ներկա իրողություններում մրցունակ մասնագետներ լինելու համար մենք  բոլորս պետք է շարունակ աշխատենք մեր կարողությունների զարգացման ուղղությամբ»:

Պետնախարարն առանձնացրել է այս իրավիճակում Արցախի համար այն հինգ հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանը պետք է ուղղված լինի Արցախի Հանրապետության կառավարության գործունեությունը.

  • Արցախի սուբյեկտայնություն,
  • անվտանգության հետ կապված հարցեր,
  • տնտեսության, ենթակառուցվածքների զարգացում,
  • մշակութային, կրթական, սոցիալական հարցեր,
  • պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Պետնախարարը ներկայացրել է նաև իր նորանշանակ խորհրդականներին և նշել այս փուլում նրանց համակարգման ոլորտները. Արտակ Բեգլարյանը զբաղվելու է արտաքին քաղաքական, սոցիալական, հումանիտար խնդիրներով, Գրիգորի Մարտիրոսյանը՝ ենթակառուցվածքների ոլորտով, Նարինե Աղաբալյանը՝ կառուցվածքային և կազմակերպչական, Մեսրոպ Առաքելյանը՝ ֆինանսական, իսկ Արման Հակոբջանյանը՝ օպերատիվ հարցերով:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքներին և հրատապ խնդիրներին:  ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մանրամասն տեղեկություններ են ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ընթացքի և դրանց կազմակերպման մասին:

Խորհրդակցությանը ներկայացվել է նաև 2020թ. պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների  բնակարանային կարիքների բավարարման պետական ծրագրի ընթացքը: ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը տեղեկություններ է հաղորդել կատարված աշխատանքների և ծրագրերի ընթացիկ վիճակի մասին:

Ամփոփելով խորհրդակցությունը ՝ պետնախարարը մի շարք հանձնարարականներ է տվել օրակարգային հարցերի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ թիմային, կազմակերպված ու պրոֆեսիոնալ աշխատանքը մեծ արդյունքներ է ապահովելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930