Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ամփոփվեց հանդիսավոր արարողությամբ․ հայտնի են հաղթողները

Նոյեմբեր 09,2022 16:14

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը հայտարարվել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միության (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտոնական մրցանակաբաշխության ընթացքում։

Փառատոնի մեկնարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լավագույն ֆիլմերի ցուցադրություններ էին տեղի ունենում։

«Արևորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգերի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրներից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից, որոնցից յուրաքանչյուրի առանցքում հանրությանը մեր ժամանակների մեծագույն արհավիրքներից մեկի՝ կլիմայի փոփոխության մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակա միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյությանը։

Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։

«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ․ Քարթերի և Ռալի Ի․Լեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):

«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժ․՝ Սոհելիա Փուրմահամադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ում հանձնվեց «Սառույցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանության աջակցությամբ կփոխանցվի ռեժիսորին։   Ըստ դեսպան Ռիխտերի․ «Ի խնդիր ապագա սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանության համար սահմանված նպատակների իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանադանիական „Into the Ice“ ֆիլմն իր անվանակարգում գրավել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպես գլոբալ տաքացման ցուցիչ»։

«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը հաղթող ռեժիսորին փոխանցել հանձն առավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնն ի դեմս տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի։

«Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխությանը, ցույց տալիս թե՛ մարդկության կողմից դրական արդյունք գրանցելու հաջողած փորձերը, թե՛ ավելի կայուն ապագայի համար մղվով բարդ պայքարը, և թե՛ բնապահպանության ավելի գորշ ու ծանր կողմը։ Շատերի համար, թերևս, բավականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով հիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողությունների մասին․ շատ հաճախ մենք պարզապես փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականության ավելի դրական ու բազմերանգ դրվագների վրա։ Փառատոնում ցուցադրվող ֆիլմերը պարզապես կինոարվեստի գործեր չեն, դրանք կարևոր ուղերձ ունեն, և եթե դրանք դառնում են շարժառիթ ձեր մեջ հուզական թեկուզ և չնչին արձագանքի, ապա իզուր չեն փառատոնը կազմակերպելու մեր ջանքերը», – նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Կազմակերպիչներն ընդգծեցին, որ հաջորդ տարի «Արևորդի»-ն փառատոնի հիմնադիր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) 20-ամյակի շրջանակում նախատեսված միջոցառումների կիզակետը կլինի՝ ընդարձակված ծրագրով, նոր մրցանակներով և անվանակարգերով։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 12-րդ «Արևորդին» ավելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցություն կունենա՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների։ «Փառատոնը կարող է նաև խաղաղության երկխոսության յուրատիպ հարթակ լինել, որտեղ կքննարկվեն բոլորիս միավորող և բոլորիս համար ընդհանուր շրջակա միջավայրի առավել հրատապ մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները», -հավելեց պարոն Խաչատրյանը։

Հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի միջով» ֆիլմի ցուցադրությունը։

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը և Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930