Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում այսօր մահվան առեղծվածային դեպք է տեղի ունեցել. տներից մեկի հատակին հայտնաբերել են ընտանիքի անդամների` 31֊ամյա Զարինե Մ.֊ի և նրա երկու անչափահաս երեխաների` 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու մարմինները։ Ըստ մեր տեղեկությունների՝ տղա երեխայի ոտքերը կապված են եղել տուկի թելով։ Եղել են արնանման հետքեր։
Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից։ Նա հայտնեց, որ ոստիկանությունը ժամը 13.45֊ին ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի 911 ծառայությունից ահազանգ է ստացել, որ Պեմզաշեն գյուղում կա փակ դուռ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ընտանիքի անդամների մարմինները։
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում այս պահին աշխատում է օպերատիվ քննչական խումբը։
Մենք փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանից, նա միայն փոխանցեց, որ ինքը ևս դեպքի վայրում է, այստեղ աշխատում են ոստիկանները և քննչական խումբը, այլ մանրամասների չի տիրապետում։
Կարդացեք նաև
Արթիկի փոխհամայնքապետ Վարդան Մակեյանից տեղեկացանք, որ տան հայրը ՀՀ֊ում չէ, նա արտագնա աշխատանքի է Ռուսաստանի Դաշնությունում։
Մայրը` Զարինե Մ.֊ն, աշխատում է Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գործող “Պեմզաշենի առողջության կենտրոն” ՊՈԱԿ֊ում` որպես օպերատոր։ Այսօր երեխաները դասի չեն հաճախել, մայրն էլ աշխատանքի չի գնացել։ Երբ դպրոցից ու աշխատավայրից հետաքրքվել են, թե ինչ է եղել, զանգահարել են, բայց նրանք հեռախոսազանգերի չեն պատասխանել, հարևանները թակել են դուռը եւ, տեսնելով, որ այն փակ է, միանգանից ահազանգել են ԱԻՆ ճգնաժամային կենտրոն։
Ընտանիքի 3 անդամների մարմինների վրա էլ եղել են բռնության հետքեր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ