Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարություն Մերդինյանը որպես հավաքականի ավագ բացեց մեդալների հաշվարկը եւ ոգեւորեց Արթուր Դավթյանին». Հակոբ Սերոբյան

Նոյեմբեր 09,2022 15:42

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, հենացատկերի աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը եւ նժույգ թափերում աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հավաքականի մրցելույթները:

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ հայկական մարմնամարզությունը մարզիչների եւ մարզիկների ջանքերի շնորհիվ տարեցտարի լավացնում է արդյունքները: «Լիվերպուլում էլ մեր մարզիկները ցույց տվեցին, որ  նվիրվածությամբ եւ քրտնաջան աշխատանքով հնարավոր է ունենալ այսպիսի փառահեղ հաղթանակներ», – ասաց նա:

Հավաքականի գլխավոր մարզիչը, որն աշխարհի առաջնությունում ներգրավված էր մրցավարական աշխատանքներում, ընդգծեց, որ մեդալների սպասում էին, սակայն չեմպիոնական ոսկի ակնկալում էին, բայց չէին հավատում, որովհետեւ այն նվաճելը շատ դժվար էր: «Արթուրը աշխարհի առաջնության մեդալ չուներ: Մեկ ուրիշը նրա փոխարեն կարող էր մտածել, որ արծաթն էլ նորմալ է: Սակայն Արթուրը ոսկի էր ուզում եւ իր ցատկերն էլ բարդությամբ ու մաքրությամբ չեմպիոնական էին», – ասաց նա եւ անդրադարձավ նաեւ Հարություն Մերդինյանի մրցելույթներին՝ դա համարելով սխրագործություն:

«Հարությունը վաղուց կարող էր մարզական կարիերան ավարտած լինել: Սակայն չպատկերացրեց իրեն առանց մարմնամարզության, առանց մեր մարզական ընտանիքի: Մենք էլ մեզ չենք պատկերացնում առանց իրեն: Հարութը թիմի ավագն է ու որպես իսկական ավագ, գնաց, բացեց մեդալների հաշվարկը ու դրանով էլ ոգեւորեց Արթուրին: Մի խոսքով, այս արդյունքը միասնական կոլեկտիվի, ամուր ու համերաշխ ընտանիքի արդյունք է», – ասաց նա:

Հակոբ Սերոբյանը նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին եւ մարզիչ Հայկ Նազարյանին:


«Գագիկ Վանոյանը թեեւ անսահմանափակ հնարավորություններ չունի, սակայն լինելով «ներսի» մարդ, ամբողջությամբ տիրապետում է խոհանոցին եւ մարզաձեւի ու հավաքականի առջեւ ծառացող յուրաքանչյուր խնդիր կարողանում է կարգավորել առավելագույն կարճ ժամանակում:

Իսկ Հայկ Նազարյանը իսկական պրոֆեսիոնալ է բոլոր առումներով, ինչի համար ես հանգիստ կարողանում եմ նմանատիպ մրցումներում զբաղվել միայն մրցավարությամբ՝ վստահ լինելով, որ թիմը նրա հետ միասին խնդիրների չի ունենա: Ես եւ համեմատաբար տարիքով մարզիչներս հանգիստ խղճով կարող ենք հավաքականի ղեկը փոխանցել ընկեր Հայկին ու մյուս երիտասարդ մարզիչներին»,- ասաց նա:

Գլխավոր մարզիչը նաեւ վստահեցրեց. «Փաստերը ցույց են տալիս, որ կարող ենք ավելի բարձր արդյունքներ ունենալ: Դրա համար պետք է լինենք հետեւողական, աշխատենք եղած սխալները վերացնելու եւ վարժությունների բարդությունը ավելացնելու ուղղությամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930