«Մուշեղ Օհանջանյանը եղել է Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում գտնվող ԼՂՀ ինքնավար մարզի մարզային խորհրդի նախագահը Ադրբեջանի ԳԽ նախագահի առաջին տեղակալ, բայց Սեմյոն Բաբայանը, որը ընտրվել է անկախացումից հետո, չի գրանցվել Ադրբեջանի ԳԽ-ում, իբրեւ Ղարաբաղի ներկայացուցիչ. այս փաստն ասում է, որ սրանով Ադրբեջանն ընդունել է, որ ԼՂՀ-ն իր կազմից դուրս է»,- այս մասին այսօր, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների կազմակերպած «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը՝ նկատելով, որ այս իրողությունների մասին հայկական կողմը քիչ է խոսում, մինչդեռ դրանք կարեւոր են:
Կիմ Բալայանը հիշեցրեց նաեւ հայր Ալիեւի ստորագրությամբ նամակները՝ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկված 1992-ի զինադադարի պայմանագրում ղարաբաղյան կողմի մասնակցության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ կտրականապես համաձայն չէ պնդման հետ, որ ընտրված իշխանությունը կարող է անել ամեն ինչ, որովհետեւ իշխանությունն ընտրվել է այլ գաղափարախոսությամբ, այլ օրակարգով. «Հետեւաբար, քանի դեռ իշխանության են այս մարդիկ, պետք չի ռեսուրս ծախսել ու մտածել, թե ի՞նչ ենք անում: Պետք է ամեն ինչ անել, որ իշխանությունները փոխվեն, բանակցողը փոխվի: Կարող է առաջին քայլը լինի այն, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանը փոխվի, իր փոխարեն գալիս է ուրիշ մարդ, ով կբանակցի արդեն ընկալելով: Չի կարող լինել իշխանական պրոցես, որտեղ քո ԱԳ նախարարի թուրքական գործակալ լինելու փաստը չի հերքվել պաշտոնապես: Էդ մարդը չի ասել՝ ես գործակալ չեմ: Ակնհայտորեն լուրջ հիմք կա ենթադրելու, որ գործակալ է»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Քաղաքական քայլերի անհրաժեշտություն կա»,- իր ելույթում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ իրողություններին դիմագրավելու միակ տարբերակը դա է: Բանախոսն առաջարկեց ոչ իշխանական ուժերին՝ ընդունել հայտարարություն, որ Արցախն անկախ սուբյեկտ է, այլապես, իր գնահատմամբ, կստացվի, որ լուռ սատարում են իշխանությունների վարած քաղաքականությանը:

‘Armenia’ and ‘I have the honor’ factions of the RA National Assembly hold a joint public discussion on the topic of the challenges that threaten Armenia’s sovereignty at Ani Grand Hotel Yerevan, Armenia
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ Կոսովոյի նախադեպի մասին խոսեց՝ ըստ որի, եթե բնիկ ժողովուրդը ինքնորոշվել է որեւէ տարածքում, ապա որեւէ մեկը դա ճանաչելու խնդիր չունի: Այս համատեքստում, նա չի հասկանում, թե ինչո՞ւ Արցախը իրեն չի հռչակել, որպես այդպիսին, չի դիմել այլ երկրների՝ դեսպանատներ բացելուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ