Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության առաջնային օղակում բուժաշխատողների տարիքը միջինից բարձր է. փոխնախարար

Նոյեմբեր 09,2022 15:37

Առողջապահության առաջնային օղակի բարեփոխումները մեկնարկել են արդեն մեկ տարի, արվել են փուլային ուսումնասիրություններ, հարցումներ, արձանագրվել են խնդիրներ՝ սկսած շենք մուտք գործելուց, մինչև անկետաներ, հերթերի կուտակումներ, ինչպես նաև մասնագետների որակի խնդիրներ, հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն այսօր «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում:

«Առաջնային օղակում ունենք կադրերի լուրջ խնդիր` բուժաշխատողների տարիքը, ցավոք, միջինից բարձր է: Ունենք նաև շենքային վատ պայմաններ, և ունենք սարքավորումների հետ կապված խնդիրներ` ինչ- որ տեղ շատ հին է, ինչ-որ տեղ որակն է վատը»,– նշեց նա։

Ջումայանի խոսքով, բարեփոխումները համապարփակ են լինելու, մեծ աշխատանք է կատարվել էլեկտրոնային առողջապահության ներդրման ուղղությամբ, նախատեսվում է հերթերի էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, անաշխատունակության թերթիկների, մատյանների թվայնացում, այս պահին արդեն թվայնացվել են դեղատոմսերի դուրս գրումը և կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղորայքը տրվում է միայն էլեկտրոնային տարբերակով: «Վերջին 2 ամիսներին 60 հազար և ավելի էլեկտրոնային տարբերակով դեղատոմս է դուրս գրվել: Բուժառուին ոչ մի տեսակի թուղթ այլևս չի տրվում, բժիշկը ախտորոշելով հիվանդությունը` դեղորայքը դուրս է գրում համակարգի մեջ։ Հիվանդը դիմելով դեղատուն` ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և դեղատան աշխատակցից ստանում է իրեն անհրաժեշտ դեղորայքը»,-ասաց փոխնախարարը:

Նրա փոխանցմամբ, խրոնիկ հիվանդությունների պարագայում, երբ բուժառուների համար ամեն ամիս նույն դեղերը դուրս են գրվում, էլեկտրոնային տարբերակով աշխատելու դեպքում գործը բավական կհեշտանա: «Արմմեդ» համակարգում կա շաբլոնային ձև, որտեղ մեկ անգամ նույն դեղը դուրս գրելուց հետո տվյալները պահպանվում են, հաջորդ անգամներն արդեն այդ գործընթացի վրա երկար ժամանակ չի ծախսվի: Արդյունքում, ստացվում է ժամանակի խնայողություն, ինչը կտրամադրվի բուժառուին հիվանդի հետ ավելի երկար աշխատելու համար:

Մատյանների թվայնացում կնպաստի, որպեսզի տարբեր մատյաններում լրացվող միևնույն տեղեկատվությունը հայտնվի բժշկի մոտ հենց այն պահից, երբ բուժառուն էլեկտրոնային ճանապարհով գրանցվում է այցի համար: Աշխատանքներ են տարվում նաև Էլեկտրոնային առողջապահությունում մասնագիտական ռեգիստրի ուղղությամբ, որտեղ յուրաքանչյուր բուժաշխատողի մասին կհավաքագրվի ամբողջական տեղեկատվություն: Հարցին, առողջապահության առաջնային օղակում նախատեսվո՞ւմ է արդյոք աշխատավարձի բարձրացում՝ փոխնախարար Ջումայանը նշեց, որ նախատեսվող բարձրացումը ոչ թե պասիվ եղանակով է լինելու, այլ բոնուսային համակարգի ճանապարհով:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930