Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան․ «Ես եկել եմ բուն էներգիայով, որ պայքարեմ բանկերի դեմ, բայց ինչքան օրենք ընդունեցի, պարզվեց՝ բանկերի համար է»

Նոյեմբեր 09,2022 15:20

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։

Երկար քննարկումից հետո ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ նախագծի գերակշիռ մասն իր համար անընդունելի է։

Նա դիմելով ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին՝ ասաց, որ եթե շտապ չի նախագծի ընդունումը, մի հատ մանրամասն քննարկեն․ «Սրա մեծ մասն անընդունելի է ինձ համար կամ չեմ հասկանում, որովհետեւ այս մոտեցումը խաթարում է այն հարաբերությունները, որ մենք դրել ենք։ Սա այնպիսի օրենք չի, որ ընդունենք ու վերջ։ Հսկայական ծավալի աշխատանք է, ես չեմ հասցնի հիմա ըմբռնել ու կողմնորոշվել»։

Փոխնախարարն առաջարկեց ցանկացած ժամանակ միասին քննարկել այն, եւ եթե ցանկություն կա, ապա հրավիրել նաեւ բանկերի միության ներկայացուցիչներին։

Աղազարյանը պարզաբանում խնդրեց․ «Ասենք, լավ, բանկը գրավ է վերցրել հողակտոր եւ վարկ տրամադրել, հիմա երբ գնահատում են 80%-ը, պարզվում է, որ հողակտորի իրական արժեքից բարձր է, Այստեղ խնդիր է, այն դեպքում, երբ 80%-ը շուկայականից բարձր չի կամ ցածր է, բանկն ի՞նչ է անում»։ Փոխնախարարը պարզաբանեց՝ այդ դեպքում բանկն ասում է՝ եթե 80%-ի գինը պայմանական ասած՝ 100 միավոր է, բայց բանկը վաճառում է 300-ով, հարկը կվճարի այդ 300-ից։

Աղազարյանը նկատեց, որ այս դեպքում չարաշահման հնարավորություն կա, բանկը կարող է ավելի էժան գին ցույց տալ, թանկով վաճառելու դեպքում։ Փոխնախարարն էլ ի պատասխան ասաց՝ եթե այդ կանխավարկածով շարժվենք, ապա պետք է ամեն ինչի վրա, հացից սկսած մինչեւ աղը նվազագույն գին սահմանենք։

«Դե գիտեք ինչ կա․․․ իմ պատգամավոր եղած ժամանակահատվածից՝ վերջին չորս տարում, ես եկել եմ բուն էներգիայով, որ պայքարեմ բանկերի դեմ, բայց ինչքան օրենք ընդունեցի, պարզվեց բանկերի համար է»,– արձագանքեց ՔՊ պատգամավորը։

Արման Պողոսյանն էլ ի պատասխան պատգամավորի դիտարկմանն, ասաց՝ պետք է ոչ թե ինչ-որ բանի դեմ պայքարել, այլ հանունի։

«Հա, հանուն էն նպատակի, որ տոկոսադրույքներն իջնեն, հիփոթեքը դառնա մատչելի։ Ես եկել եմ այդ նպատակով, ես եկել եմ վարկային կազմակերպությունների դեմ պայքարելու, բայց էլի, ինչ օրենք ընդունեցինք, դարձավ իրենց համար»,– ասաց Հովիկ Աղազարյանը։

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել․ «Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կանոնը չի կիրառվում նաեւ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից նույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում։

․․․ Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով»։

Նախագծի մանրամասները տե՛ս այստեղ 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930