Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի արտադրության համակարգում ներդրվում է հաշվեկշռման ծառայություն

Նոյեմբեր 09,2022 15:04

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում անելու նախագիծը։

Այս նախագիծը ներկայացնող ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց՝ նախագծով մի կարեւոր խնդիր է լուծվում, ներդրվում է հաշվեկշռման ծառայություն։

«Ծառայության կարեւոր կոմպոնենտն այն է, որ պետք է լինի էլեկտրարտադրող մի կառույց, որը կկարողանա տատանումները հաշվեկշել։ Այսինքն, գերարտադրության դեպքում իր վրա վերցնի ծանրաբեռնվածությունը եւ այն վերաբաշխի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտահանի, գերարտադրությունն էլ չեզոքացնի սեփական արտադրության նվազեցմամբ։ Պատկերացրեք՝ եթե համակարգի դինամիկ հավասարակշռությունը հարյուր միավոր է, այդ թվում՝ այդ ընկերության երեսուն միավոր մասնակցությունը, եւ ունենք տասը միավոր ու գերարտադրություն, այդ օպերատորի ազդանշանի պարագայում այդ ընկերությանը լիազորում ենք, որ իր երեսուն միավորը կտրուկ իջեցնի, ու այն քսան միավորի արդյունքում հավասարակշռությունը պահում է։ Ընկերությունը չի տուժում, որովհետեւ բոլոր հաշվանցումները, հաշվարկները որոշակի ալգորիթմով է, իր արտադրածի գնով կստանա փոխհատուցում՝ կվերցնի ավելցուկը, եւ ունի պայմանագիր երեսունի համար, կվճարվի երեսունի համար։ Նույնիսկ կշահի՝ եթե ավելցուկը վերցնի ավելի էժան գնով»,-այսպես ներկայացրեց Տերտերյանը։

Նա ասաց՝ որպես այդ օպերատոր, առայժմ տեսնում են «Երեւան ՋԷԿ»-ին, քանի որ, ըստ փոխնախարարի, միայն այդ ընկերությունն է, որ իր հզորություններով, արագ արձագանքման տեխնոլոգիական հնարավորություններով ու գնային սպեկտորով կարող է ընդհանուր համակարգում այդ ծառայությունը մատուցել․ «Հետագայում, եթե մեր շուկան մեծանա բավական չափով, ու հայտնվեն նոր էլեկտրաարտադրողներ, պիտի մտածենք ծառայությունները մրցակցային դաշտ տեղափոխելու մասին»։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ եթե ոչ մի ընկերություն չհամաձայնի հաշվեկշռության ծառայություն մատուցել, այդ դեպքում ի՞նչ է լինելու։ Վաչե Տերտերյանը պատասխանելով հարցին, ասաց․ «Այդ դեպքում մենք ոչ թե հաշվեկշռման ծառայություն կմատուցենք, այլ այն, ինչ այսօր մատուցում ենք՝ մեր օպերատորը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, որը պետական կազմակերպություն է, կչեզոքացնի վտանգներն իր գործիքակազմով, ինքը հրահանգով անմիջապես կանջատի ավելցուկը»։

Նախագիծը, թեեւ առաջին ընթերցմամբ ընդունվեց, սակայն Թունյանն առաջարկեց մինչեւ երկրորդ ընթերցում հանձնաժողովի իրավաբանների հետ աշխատեն նախագծի վրա, քանի որ վերջիններս գտել են, որ նախագիծն օրինականության հետ կապված խնդիր ունի։

Նախագծով սահմանվում է հաշվեկշռման ծառայության գործառույթները․ «Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին բացառիկ իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետեւյալ գործառույթներով.

1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առեւտուր,

2) շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել եւ վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,

3) շուկայի կանոնների համաձայն արտահանել եւ ներկրել էլեկտրական էներգիա,

4) լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:

Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին»:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է․ «Հաշվեկշռման ծառայության մատուցումն անհրաժեշտ է շուկայի մասնակիցների կողմից նախապես պլանավորած էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքի չափաքանակներից տարբեր հանգամանքներով պայմանավորված տեղի ունեցող շեղումների առաջացման դեպքում շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Բացի այդ, ներկայում լայն տարածում գտած էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը հիմնականում իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները եւ սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը»:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930