Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք պատմության մեջ մնալու են դագաղների իշխանություն»․ Հովհաննես Գալստյան

Նոյեմբեր 09,2022 15:00

«Դա իմ կյանքի դաժան գիշերներից մեկն էր, եթե ոչ ամենադաժանը․․․ Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ էլ չէինք հասկանում՝ երբ ենք արթուն, երբ ենք քնած․․․Երկու տարի առաջ էլ աչքներիս չէինք հավատում, երբ կարդացինք այդ փաստաթուղթը։ Նույնիսկ կնոջս կանչեցի՝ մի անգամ էլ կարդա, ախր դա մի սարսափելի բան էր»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ խոսելով երկու տարի առաջ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի մասին։

«Հաղթանակը նրա համար է, որ դու հետեւություններ անես եւ արժանի լինես հաղթանակին, որովհետեւ հաղթանակները օդից չեն լինում։ Իսկ պարտությունը նրա համար է, որ դասեր քաղես։ Ցավոք, մենք հաղթանակին արժանի չեղանք, հաղթանակի ժամանակ չկերտեցինք հաղթանակի լեգենդը, հաղթանակը չդարձրինք ուսուցման առարկա, կենսակերպ ու մտածողություն։ Ընդ որում, ես ինչքան ֆիլմ նայել եմ պատերազմի մասին, մասնագիտական որակի առումով դրանք եղել են սարսափելի վատ ֆիլմեր, հետո դրանց մեջ տեսել եմ հավասարության մարազմատիկ մղումը երկու կողմերի միջեւ»,-ասաց ռեժիսորը։

Նրա խոսքով․ «Քանի որ արժանի չեղանք հաղթանակին, չկերտեցինք հերոսների կերպարները, ոչ միայն ակնհայտ հերոսների, որոնք հաջողության պատմություն ունեին պատերազմում եւ այնուհետեւ եկել-հասել էին հասարակական դիրքի, նաեւ այն պարզ հերոսների կերպարները, որոնք այդպես էլ չճանաչվեցին, որոնք եւս հաղթողներ էին, բայց նրանց մասին ոչ ոք չիմացավ․․․Այսինքն, մենք տեր չկանգնեցինք մեր հաղթանակի պտուղներին, դրա համար էլ այժմ կուլ ենք տալիս պարտության դառը պտուղները․․․Հիմա որ որոշ հիմարներ ասում են՝ դա քոնը չէր, բա որ մերը չէր, ինչու էր Ադրբեջանն ուրախացել այդ հողերը վերցնելով․․․Եթե իրենն էր, պիտի վերցնելը համարեր բնական մի բան, ասեր՝ ուրախանալու բան չկա, իմն էր»։

Հովհաննես Գալստյանը Փաշինյանի ու նրա թիմի մասին շեշտում է․ «Պարտությունն էլ մեզ ոչինչ չսովորեցրեց, որովհետեւ եթե սովորեցրած լիներ, պարտությանը հաջորդած ընտրություններին մարդիկ չէին գնա ու նույն ուժերին նորից ձայն տա։ Իսկ այդ մարդիկ եկան ու հստակ խորհրդանշեցին իրենց գաղափարները՝ դագաղներ, սգո սեւ ժապավեններ։ Բերեցին ու հասարակությանը ասացին՝ սա է, այլ ակնկալիքներ չունենաք։ Եթե գնանք Ֆրեյդի ուսմունքով, ապա ասելիքը սա էր՝ մեզանից այլ բան չսպասեք։ Իրենք պատմության մեջ էլ են մնալու որպես դագաղների իշխանություն։ Դա չափազանց սարսափելի սիմվոլ է․․․Ի՞նչ աստիճանի պետք է ատելություն ունենաս քո մեջ, որ ողջ մարդու անունով տանես իր ընտանիքին, իր շրջապատին եւ ողջ հասարակությանը ի ցույց դագաղ դնես, անունը գրես որպես մահացած․․․Էդ ի՞նչ մեսիջ էին տալիս, ասում էին՝ այ դուք կաք, բայց հեսա երկիրը լցնելու ենք դագաղներով»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930