Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք եկել այստեղ ասելու` երեք կիլոգրամ մակարոնի փոխարեն տասը կիլոգրամ տվեք: Մերն իրավական պահանջ է». քաշաթաղցին՝ ՀՀ ԱԺ-ում

Նոյեմբեր 09,2022 14:29

«Մինչև 2018-ը ՀՀ կառավարությունը, ինչպես նաև Արցախի կառավարությունը, օգտագործելով թրաֆիքինգի գործիք հանդիսացող Քաշաթաղի շրջվարչակազմը, ՀՀ-ում և Արցախում զբաղվել են թրաֆիքինգով»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ԱՀ Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչների բնակարանային ապահովման, տեղահանման հետևանքով կրած նյութական վնասների փոխհատուցման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ ներկայացուցիչ Վրեժ Հարությունյանը (լուսանկարում):

Նա վստահեցրեց՝ իրենց պայքարն իրավական դաշտում է. «Մենք չենք եկել այստեղ ասելու՝ երեք կիլոգրամ մակարոնի փոխարեն տասը կիլոգրամ տվեք: Մերն իրավական պահանջ է: Առողջ մտքով քաշաթաղցիները երբեք Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց չեն եղել»:

Վրեժ Հարությունյանը նշեց, որ 18.000 քաշաթաղցիներ ունեն բնակարանային և այլ խնդիրներ: Ու հայտնեց՝ բնակարանի տրամադրման վկայականները քաշաթաղցիները «սև թուղթ» են կոչում և պարզաբանեց. «Այդ վկայականով առաջարկվում է մինչև տասը միլիոն դրամ: Ո՞վ կարող է այսօր այդ գումարով բնակարան գնել կամ կառուցել: Իբր թե մի մեծ բան են արել, սոցապնախարարությունը քաշաթաղցիներին առաջարկում է տեղափոխվել սահմանամերձ գոտիներ: Ի՞նչ է նշանակում՝ ծակ գրպանով քաշաթաղցու միջոցով սահման ե՞ք պահելու, թե՞ թնդանոթի միս եք ավելացնում: Ենթադրենք մի հյուղակ գնել է քաշաթաղցին, ի՞նչ է անելու. ոչ գույք ունենք, ոչ մի գործ ձեռնարկելու միջոց: Այնտեղ ուղարկեք գործարարներին, օլիգարխներին»:

Քաշաթաղցիները նաև մտահոգված են, որ իրենց տրամադրվել են 070 կոդով ճամփորդական անձնագրեր. «Մենք արցախցի չենք համարվում, բայց մեզ այդ կոդով անձնագրեր են տրամադրվել, և ՀՀ-ում այդ անձնագրով մարդիկ համարվում են օտարերկրացիներ: Սա գժվելու բան է՝ ո՞նց կարող ենք օտար լինել մեր հայրենի հողում»:

Պարոն Հարությունյանն ասաց՝ իրենք պահանջում են շուկայից տեղեկանալ, գները ճշտել, որ քաշաթաղցին գոնե վկայականով կարողանա միջին որակի տուն գնել:

Քաշաթաղցիներն ասացին, որ իրենցից շատերը չունեն անգամ սեփականության վկայականներ: Տեղահանված Մարիամ Հայրապետյանն ասաց. «Երբ մենք ի սկզբանե գնացել ենք Քաշաթաղ, պայման կար, որ բնակվում ենք տասը տարի, հետո ունենում ենք սեփականաշնորհման վկայական: Կային մարդիկ, որոնք արդեն ստացել էին, իսկ կոնկրետ իմ տասը տարին լրանում էր 2020-ի սեպտեմբերին, բայց պատերազմը խանգարեց»:

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ փոխհատուցում ստանում են այն քաշաթաղցիները, որոնք մեծ այգիներ ունեին, գյուղտեխնիկա, անասուններ: Բայց իրենք այդ խմբերում չեն, մինչդեռ նշեց, որ, օրինակ՝ իր տնամերձը 0.6 հա էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930