Աշխարհահռչակ դիրիժոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական ընթացքին պարբերաբար անդրադառնում են՝ մեծապես ուշադրության կենտրոնում ունենալով այն հանգամանքը, որ մաեստրոն իր համաշխարհային ընդգրկում ունեցող գործունեության ընթացքում մշտապես հայ արտիստների հետ է նաև ելույթ ունենում, նպաստում նրանց մասնագիտական աճին։
Օրեր առաջ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ նշանավոր Զալգիրիս բեմահարթակում տեղի ունեցած համերգը հայազգի նշանավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և տաղանդաշատ երգիչ Կարլ Մագնուս-Ֆրեդրիկսոնի մասնակցությամբ ցնծությամբ ընդունվեց դասական երաժշտության երկրպագուների կողմից։ Բացառիկ համերգային երեկոն լավագույն նվերն էր բարձր արվեստը գնահատող հանդիսատեսի համար։
Մեր հարցին ի պատասխան, թե որքանով է մերօրյա պատերազմական թոհուբոհի մեջ կարևորվում դասական երաժշտությունը՝ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը հետեւյալը նշեց․ «Դասական երաժշտության շնորհիվ աշխարհը հենց այսօր առավելապես կարիք ունի արժեհամակարգի վերանայման, մեզ շրջապատող իրականությունը այլ հայացքով դիտարկելու, բարության կաթիլը ավելացնելու։ Վստահեցնում եմ, որ դասական երաժշտությունը այս հարցում առավելագույնը կարող է անել, ի վերջո աշխարհին խաղաղություն է պետք, իսկ երաժշտությունը այդ հարցում կարող է նեցուկ լինել»։
Ներկայումս պարոն Օրբելյանը մեծածավալ աշխատանք է իրագործում Կաունասի թատրոնում՝ զուգահեռաբար կատարելով նաև Նյու Յորքի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի աշխատանքը։
Կարդացեք նաև
Իր գործունեության ընթացքում մաեստրոն պարբերաբար հայ արտիստների հետ է ելույթներ ունենում, իսկ Հասմիկ Գրիգորյանի հետ համագործակցությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Մենք ջերմ բարեկամներ ենք։ «Ինձ համար իսկապես անչափ հաճելի է Հասմիկի հետ համագործակցությունը, յուրաքանչյուր ելույթից հետո մենք նորովի ենք ոգեշնչվում հանդիսատեսի ջերմ արձագանքը ստանալով՝ ինչն էլ նորանոր համերգների հիմք է հանդիսանում։ Տարիներ առաջ, երբ Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգը նախաձեռնեցինք Երևանում, այդ ժամանակ Հասմիկը աննկարագրելի կատարումով սիրվեց նաև հայաստանյան հանդիսատեսի կողմից։ Վառ են տպավորությունները Հասմիկի կատարած Տիգրանյանական «Անուշից» հատվածներով։ Հուսանք, որ ոչ հեռու ապագայում Հասմիկ Գրիգորյանի կատարմամբ կներկայացվի ամբողջական «Անուշը»։
Իրինա ՍԱՀԱԿՅԱՆ