«2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում երկիրն, ըստ էության, չի փոխանցվել ռազմական ռելսերի եւ դա է պատճառը, որ ռազմական թատերաբեմում՝ ուժերի ոչ ճիշտ դասավորությունները, գործողությունների ոչ ճիշտ գնահատականն է, որ բերել է պարտության: Ըստ էության, ոտքի վրա որոշումները մեծ հարված են եղել մեր պետական կառավարման եւ ռազմական կառավարման գործունեության մեջ: Կառավարությունը, ԱԺ-ն, ԱԽ-ն, ԶՈՒ ղեկավարությունը, ԳՇ-ն այն վայրերը պետք է լինեին, որտեղ մանրակրկիտ քննարկումներից հետո, պետք է ունենայինք ծանրակշիռ որոշումներ՝ բանակին թիկունք կանգնելու, վերադասավորումներ իրականացնելու եւ հակառակորդին ինչ-որ մի հատվածում կանգնեցնելու: Այսինքն, զգացողություն, որ պետության, նաեւ ԶՈՒ կառավարման համակարգում իշխանավորները պետք է ունենան՝ զգալով գործողությունների թատերաբեմի յուրաքանչյուր նրբություն»,- այսօր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների կազմակերպած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Քննարկման թեման է՝ «Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերները»: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի պատերազմում զոհվածների հիշատակը:
44-օրյա պատերազմի ընթացքը վերլուծելով Սեյրան Օհանյանը եզրակացնում է, որ եթե պատերազմի ընթացքում, պետական կառավարման եւ ռազմական կառավարման համակարգի՝ ռազմական թատերաբեմի չգիտակցելը, բերեց պարտության, բայց մարտական գործողությունների տարբեր հատվածներում, մեր հրամանատարներն ու զինվորները ուղղակի հերոսություններ են ցուցաբերել՝ իրենց վրա վերցնելով կատարվողի ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը:
Բանախոսի հավաստմամբ, այդ ամենը դաս չհանդիսացավ նաեւ 44-օրյա պատերազմից հետո. պետք է անցկացվեր լուրջ անվտանգային միջավայրի գնահատական՝ նոր ձեւավորված աշխարհագրական իրողությունների հիման վրա, որի արդյունքում ձեւավորվեին նպատակներ՝ ազգային եւ միջազգային երաշխիքներ՝ խաղաղության համար:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՀՀ ԱԺ ղեկավարությունը մինչեւ հիմա էլ համարձակություն չգտավ ՝ ՀՀ-ԱՀ խորհրդարանների միջեւ համատեղ քննարկում իրականացնելու՝ Հայաստանի եւ Արցախի դուռը բախող մարտահրավերները հաղթահարելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ