Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հետեւողականորեն հակամարտություն հրահրել Իրանի հետ. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 09,2022 12:17

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հետեւողականորեն հակամարտություն հրահրել Իրանի հետ։ Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում համաժամանակյա կտրվածքով տեղեկատվական-քարոզչական աշխատանքներ են տարվում համապատասխան հանրային տրամադրություններ ձեւավորելու համար։ Ակտիվորեն շրջանառվում է «հարավային ադրբեջանցիներ» արհեստածին եզրույթը, որով հավակնություններ են ցուցաբերում Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Այս նկրտումները նոր չեն, տարբեր ժամանակահատվածներում դրանք շրջանառության մեջ են դրվել, սակայն տարածաշրջանում առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել դրանք օրակարգ բերելու համար։

Մասնավորապես` թուրքական «TRT Haber» կառավարամետ հեռուստաալիքով Ատրպատականի մասին սադրիչ ռեպորտաժ է հրապարակվել. «Այժմ նրանք Իրանի մի մասն են, ադրբեջանցի թուրքերը։ Նրանք խոսում են թուրքերեն, ինչպես ես եւ դու։ Այսօր նրանք դուրս են գալիս փողոց եւ վանկարկում են թուրքերի համար ազատություն, արդարություն եւ ազգային իշխանություն պահանջող կարգախոսներ։ Մի մոռացիր, սիրելի հանդիսատես, այնտեղ՝ Թավրիզում, ապրում են քո եղբայրները, որոնք մոտ 35 միլիոն են։ Նրանք ինձ եւ քեզ նման են: Եթե նույնիսկ մենք չկարողանանք որեւէ կերպ օգնել նրանց, մենք նրանց սրտանց կասենք. «Ողջույն, Թավրիզ: Մենք քեզ շատ ենք սիրում»: Սոցիալական հարթակներում լուսանկարներ են տարածվում, որոնցում երեւում են Ադրբեջանի դրոշները, որոնք, իբր, կախված են Թավրիզում։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե իսկապես դրոշները Թավրիզում են կախված, թե դրանք կեղծ քարոզչական քայլեր են, սակայն առավել կարեւոր է այն, թե ինչպիսի արձագանք է ստանում նման քարոզչությունն ադրբեջանական հասարակության շրջանում, այն հասարակության, որը դեռ Արցախյան երկրորդ պատերազմի «հաղթանակից» առաջացած էյֆորիայի մեջ է։

Թուրքական լրատվաքարոզչական թեզերը կիրառվում են նաեւ Ադրբեջանում: Օրինակ՝ Բաքվի «Xəzər TV» հեռուստաալիքը լուրերը սկսում է «Սալամ, Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջան» բառերով։ Այդպիսով` հասարակության ընկալումներում ներարկվում է «միավորման» անհրաժեշտությունը։ Ի դեպ, վերջերս ադրբեջանական «AzTV» հեռուստաալիքը հարցազրույց է ցուցադրել «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման» ղեկավար ներկայացող Մահմուդալի Չոհրագանլիի հետ։ Նա Իրանից արտաքսվել էր 1998-ին եւ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ Այսպես ասած «հանուն Ադրբեջանի անկախության եւ միասնության» հանդես եկող ակտիվիստը վերջին անգամ Բաքվում եղել էր 2006 թ., որից հետո նրա մուտքն արգելվել էր։ 2013 թ. փորձել էր մուտք գործել Ադրբեջան, սակայն արտաքսվել էր Բաքվի միջազգային օդանավակայանից։ Ավելի վաղ՝ 2012-ին, Չոհրագանլիին թույլ չէին տվել մտնել Թուրքիա՝ Ստամբուլի օդանավակայանից վերադարձնելով Վաշինգտոն։ Հասկանալի է, որ թե Թուրքիայում, թե Ադրբեջանում այդ տարիներին խուսափել են սրել հարաբերություններն Իրանի հետ։ Հետեւաբար, այս փուլում «Մահմուդալի Չոհրագանլի» նախագծի շրջանառումն ադրբեջանական լրատվական դաշտում ցույց է տալիս պաշտոնական Բաքվի մոտեցումներում տեղ գտած փոփոխությունը եւ Չոհրագանլիին օգտագործելու նպատակները։

Անկարայի եւ Բաքվի գործողությունները վկայում են Իրանի դեմ ապագա ագրեսիվ ծրագրերի համար իրավական եւ գաղափարական հիմք նախապատրաստելու մասին։ Նույն ձեռագիրը տեսնում ենք նաեւ Հայաստանի դեմ տարվող ապատեղեկատվության տարածմամբ։

Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում հակակառավարական ապստամբություններ հրահրելու Ադրբեջանի փորձերից հետո Թեհրանը նույնպես տեղեկատվական հակազդեցություն է դրսեւորում։ Իրանական լրատվամիջոցներն ակտիվորեն աշխատում են Նախիջեւանում եւ Ադրբեջանում Թալիշստանի պատմական տարածքում հանրաքվե անցկացնելու սցենարի վրա` ինչ-որ տեղ հայելային կերպով որդեգրելով Իրանի դեմ ուղղված մարտավարությունը։ Այս պարագայում թալիշների՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից մեկի իրավունքների պաշտպանությունն ու օրակարգ մտցնելն ամենաարդյունավետ տարբերակը կարող է դառնալ նվազագույնը՝ Ադրբեջանին զսպելու, իսկ առավելագույն ծրագրով՝ արհեստածին պետությունը քաղաքականապես ներսից պայթեցնելու համար։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930