Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թռչունն ազատվա՞ծ է». ինչպիսին կլինի Իլոն Մասկի Twitter-ը՝ վստահելի աղբյուր, թե՞ ապատեղեկատվության տարածման հարթակ

Նոյեմբեր 09,2022 12:05

«Ամերիկայի ձայն». Տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռք բերումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում ընթանում են միջանկյալ ընտրություններ: Փորձագետները նախազգուշացնում են, որ ընտրական գործընթացի վստահելիության մասին առցանց ապատեղեկատվությունը կարող է իրական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա:

Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը երկուշաբթի օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակը, որպեսզի իր 114 միլիոն հետևորդներին հայտնի երեքշաբթի կայանալիք միջանկյալ ընտրություններում հանրապետական թեկնածուների օգտին քվեարկելու մասին:

Այսօր նա արդեն հարթակի սեփականատերն է ու որպես դրա ղեկավար, առերեսվում է կարևոր մի խնդրի, թե ինչպես վերածել հարթակը ընտրությունների համար վստահելի ու ճշգրիտ տեղեկատվության աղբյուրի: Facebook-ի հանրային քաղաքականության գծով նախկին տնօրեն Քեթի Հարբաթն ասում է, որ Twitter-ի համար ավելի դժվար կլինի վերահսկել ընտրական բովանդակություն ունեցող տեղեկատվությունը, քանի որ Մասքն անցյալ շաբաթ աշխատանքից ազատել է հարթակի անձնակազմի կեսին:

«Ես պարզապես անհանգստացած եմ նրանով, որ մարդիկ պարզապես կարող են հավատալ այն ամենին, ինչը հայտնվում է հարթակում, քանի որ նրանք ի վիճակի չեն արագ հեռացնել ապատեղեկատվությունը»,- ասում է տեխնոլոգիաների և ընտրությունների հարցով փորձագետ Քեթի Հարբաթը:

Twitter-ը վաղուց դարձել է կարևոր թվային հարթակ՝ վստահելի լրատվական աղբյուրներից ամենաթարմ տեղեկություն ստանալու համար: Այն նաև ակտիվորեն օգտագործվում է կեղծ և անանուն հաշիվների միջոցով ապատեղեկատվություն, կեղծիքներ և ատելության խոսք տարածելու համար:

«Այս պահին մտահոգությունն այն է, որ առկա է մի կայք, որն արդեն լցված է կեղծ տեղեկություններով: Ծայրահեղականներին վստահություն ցուցաբերելը ավելի է վատթարացնում վիճակը»,- ասում է Հարավում աղքատության իրավունքի կենտրոնի փորձագետ Մայքլ Էդիսոն Հեյդենը:

Հարթակի սեփականատերը դառնալուց հետո Մասկը Twitter-ում գրել է, որ «թռչունն ազատված է»՝ ակնարկելով Twitter-ի տարբերանշանին և այն երկարատև քննադատությանը, որ ընկերությունը չափազանց խիստ մոտեցում ուներ տարբեր մտքերի շուրջ, ներառյալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվեհամարի ժամանակավոր չեղարկումը հունվարի 6-ի ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումից հետո:

Մասկն ասում է, որ հետագայում «բովանդակությունը ուսումնասիրող խորհուրդը կքննարկի այս հարցերն ու փակված հաշիվների վերադարձման հարցը:

Որոշ օգտատերեր Մասկի առաջ գալը Թվիթերի ղեկավարի պաշտոնում դիտարկում են որպես Twitter-ի վերադարձ իր արմատներին՝ որպես «ազատ խոսքի հարթակ»:

Սակայն Twitter-ի զարգացման ուղղության անորոշությունը, ըստ որոշ տեղեկությունների, ստիպել է որոշ խոշոր բրենդներին դադարեցնել իրենց Twitter-ի գովազդը: Մասկն ասում է, որ դա անարդար ճնշման արդյունք է։

«Կարծում եմ, անկեղծ ասած, սա հարձակում է Սահմանադրության Առաջին փոփոխության վրա: Եթե ակտիվիստական խմբերը կարող են ճնշում գործադրել գովազդատուների վրա, որոնցից Twitter-ը հիմնովին կախված է, որպեսզի ճնշեն խոսքի ազատությունը, ապա դա ճիշտ չէ»,- ասել է նա:

Իրավական հարցերով փորձագետ Ֆայզա Պատելն էլ ասում է, որ սոցիալական ցանցը շահութաբեր դարձնելը կնշանակի նոր կանոններ:

Skype «Իլոն Մասկը չի գնել Twitter-ը պարզապես այն փակելու համար: Ենթադրում եմ, որ նա ցանկանում է գումար աշխատել Twitter-ից: Եվ եթե դա այդպես է, ապա նա պետք է պահպանի գովազդը: Իսկ եթե նա ցանկանում է պահել գովազդատուներին, ապա պետք է համոզվի, որ բովանդակության մոդերավորման կանոնները ողջամիտ են և կիրառելի»,- նշել է նա:

Սակայն կանոնները փոխվում են րոպե առ րոպե:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի Ձայն»-ի Նյու Յորքի թղթակից Թինա Տրինհենի նյութի հիման վրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930