Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն մոտ 7 հազար գլուխ ոչխար են առևանգել ադրբեջանցիները, այլև խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր. կառավարությունն ինչ-որ որոշում պետք է կայացնի՝ խնդիրը լուծելու համար». «Հրապարակ»

Նոյեմբեր 09,2022 10:36

Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քշում սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ հայ հովիվներից գողացած ոչխարի հոտերը։ Մենք ավելի վաղ անդրադարձել էինք Ներքին եւ Վերին Խնձորեսկի գյուղացիներին պատկանող ոչխարի հոտի առեւանգման փաստին։ Մասնավորապես, Ներքին եւ Վերին Խնձորեսկ վարչական շրջանների ղեկավար Երվանդ Մալունցն ասել էր, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Խնձորեսկն ադրբեջանցիների կողմից առեւանգված ոչխարների ու տեխնիկայի մեծ կորուստ է ունեցել: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 350 միլիոն դրամ, որը մեկ գյուղի համար ահռելի գումար է՝ մարդիկ առանց ապրուստի են մնացել։

Ներքին Խնձորեսկի բնակչի խոսքով՝ բոլորը կորուստ են ունեցել։ Իրենք` Կարապետյանների ընտանիքը կորցրել է 603 ոչխար, շարժական տնակը՝ ամեն ինչով ապահովված, երկու ձի, հոտը հսկող շները։ «Խաչատուրը՝ ընկերս, խոտը «Զիլ»-ը բարձած, բերել էր, որ ձմռանը ոչխարներին կեր լինի․ ավտոն բարձած էլ թողել ենք, որովհետեւ վերեւ որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին։ Կադրեր կան, որ ցույց է տալիս, թե ոնց են ադրբեջանցիները մտնում։ Դա հենց մեր յուրդի վերեւն է»,- ասում է Խնձորեսկի բնակիչը։

Ըստ Տիգրանի հոր՝ Համլետ Կարապետյանի, ոչխարները վարկով են ձեռք բերած եղել։ «Ամեն օր զանգում են բանկերից, ոչ ոք ոչ մի բան չի ասում, գյուղի 30 ընտանիքի ոչխար են թշնամիները գողացել, մոտ 6 հազար 900 ոչխար է եղել՝ դա 30 ընտանիքի ոչխար էր, բոլորս որոշել ենք գնանք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատուն, որոշել ենք գյուղից գնանք՝ 30 ընտանիք։ Թող մեզ մի ձեւի օգնություն տան՝ մենք գնանք այստեղից։ Որովհետեւ մեզ ոչ ոք հաշվի չի առնում՝ թե՛ մարզպետ, թե՛ ով լինի, փաստորեն, մեզ ոչ մեկը տիրություն չի անում՝ գյուղապետի ձեռքն էլ բան չկա, իր ոչխարներն էլ են գողացել։ Պարոն Փաշինյանը մենակ լավ ասֆալտ է անում, չի ասում, որ էս մարդը զոռով է յոլա տանում իր տունը, երկու ամիս է՝ չգիտեմ ոնց ենք ապրում, երկու անչափահաս երեխա ունեմ, նրանց մասին հոգ տանել է պետք»,- պատմում է ընտանիքի հայրը։

Փորձեցինք կապ հաստատել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ փոխմարզպետ Նարե Ղազարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը մեզ ասաց, որ այս խնդրին բախվել են ոչ միայն Վերին եւ Ներքին Խնձորեսկի բնակիչները, այլեւ Գորիս համայնքի այլ գյուղերում, Տեղ համայնքում, ոչ միայն մոտ 7 հազար գլուխ ոչխար են առեւանգել ադրբեջանցիները, այլեւ խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։

«Հատ-հատ գույքագրվել են այդ ամեն ինչի տվյալները, մարզպետարանը գնացել՝ մեկ-մեկ գրանցել է, թե որ համայնքի որ բնակիչն ինչ կորուստ ունի, այդ ամեն ինչը ներկայացվել է կառավարություն։ Քանի որ դա միայն Սյունիքի խնդիրը չէ, նույն խնդիրը կա մյուս երկու մարզում՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Կառավարությունն ինչ-որ որոշում պետք է կայացնի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Ահագին մեծ գումարի մասին է խոսքը, միայն մեր մարզի կտրվածքով՝ միլիոնների մասին է խոսքը գնում»: Ավագյանը նշեց նաեւ, որ այժմ սպասում են կառավարության որոշմանը, որով պետք է լուծում տրվի այդ հարցին, իսկ մարզպետարանը չի կարող այդ հարցը լուծել՝ լուրջ գումար է պետք, մարզպետարանը հաշվետվությունը ներկայացրել է։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930