Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ մի «դրական ազդակ»

Նոյեմբեր 09,2022 10:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունեցել Շուշիում՝ զինվորականության առաջ: Այդ PR ակցիան ակնհայտորեն նվիրված էր 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարելիցին: Ալիեւը խոսեց այն մասին, թե ինչպես է իր երկիրը «դաս տվել» Հայաստանին թե՛ այդ պատերազմում եւ թե՛ դրանից հետո՝ առանձնացնելով «Փառուխ», «Հատուցում» օպերացիաները եւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի հարձակումը մեր սահմանների ուղղությամբ: Հայաստանն, ըստ Ալիեւի, չի կատարել 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ լիարժեք դուրս չի բերել իր ուժերը Ղարաբաղից, ինչպես նաեւ «չի տրամադրել Զանգեզուրի միջանցք»: Նա հիշեցրել է նաեւ, որ Ռուսաստանի խաղաղապահները Ղարաբաղում են գտնվում ժամանակավորապես, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, եւ եթե Հայաստանը շարունակի կրակի հետ խաղալ եւ ինչ-որ մեկի վրա հույս դնել, ապա նրան նոր աղետ է սպասում: Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է նաեւ ռազմական բյուջեի ավելացման մասին, «քանի որ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռեւանշիստական ուժերը»:

Չնայած սա Ալիեւի՝ սպառնալիքներ պարունակող ոչ առաջին, ոչ էլ վերջին ելույթն է, այստեղ կարեւոր է համատեքստը: Ընդամենը 10 օր առաջ Սոչիում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որի արդյունքներով Պուտինը, Փաշինյանը եւ նույն Ալիեւը հայտարարություն են ստորագրել. դրանով կողմերը, մասնավորապես, պարտավորություն են ստանձնել հրաժարվել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից: Բացեիբաց հանդես գալով ուժի կիրառման սպառնալիքով (իսկ Շուշիի ելույթը հենց այդպիսին էր)՝ Ալիեւը ցույց է տալիս, որ չի պատրաստվում կատարել հայտարարության կետերը, եւ, հակառակը, պատրաստվում է «միջանցք» բացել ուժի կիրառմամբ, իսկ երեք տարի հետո, երբ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվի, էթնիկ զտում անցկացնել Արցախում:

Իհարկե, այստեղ ոչ մի նորություն չկա: Պարզապես զարմանալի է, թե ինչու է մեր իշխանությունն այդքան շատ խոսում «խաղաղության օրակարգն առաջ տանելու» մասին: Ո՞ւր են տանում, դեպի ո՞ր կողմ: Պարզ է, որ բանակցությունները բոլոր մակարդակներում եւ աշխարհի բոլոր կետերում պետք է շարունակել: Բայց ներքին լսարանին պետք չէ մատուցել այն հեքիաթը, թե վաղը կամ մյուսը օրը ինչ-որ պայմանագիր կստորագրվի, եւ դրանից հետո կսկսվի «խաղաղության դարաշրջանը»: Դա պատրանք է: Ինչպիսի պայմանագիր էլ կնքվի, նույնիսկ այնպիսի պայմանագիր, որը 100 տոկոսով կհամապատասխանի Ադրբեջանի տվյալ պահի պահանջներին, ստորագրման հաջորդ իսկ օրը հարեւան երկիրը հանդես կգա նոր սպառնալիքներով ու նոր պահանջներով:

Պետք չէ մարդկանց ուղեղը լվալ նաեւ այն հեքիաթով, թե «հեսա լավ Ամերիկան վատ Ռուսաստանից գործընթացը կվերցնեի իր ձեռքը, եւ մենք փրկված ենք»: Կամ հակառակը՝ «լավ Ռուսաստանը վատ Ամերիկայից»: Մեր միակ փրկությունը հայկական բանակն է, զարգացած տնտեսությունը եւ հասարակության մշտական մոբիլիզացիան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ says:

    Պարոն Աբրահամյան,երբ մարդիկ ասում են լավ Ռուսաստան և վատ ԱՄՆ,կամ հակառակը, նկատի ունեն թե նրանցից ով մեզ կզինի։
    Իսկ միայնակ Հայաստանը, ինքն իրեն կարող է միայն համբերությամբ զինել,մեկ էլ Ակ 74 փամփուշտներով։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Զենքը, բնկանաբար, ցանկալի է վերցնել ցանկացած տեղից, որտեղից որ տալիս են: Բայց պատրանքներ չունենալ որեւէ մեկի «լավը» կամ «վատը» լինելու վերաբերյալ: Տալիս են, ուրեմն՝ շահ անեն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930