Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալին դատարան ներկայացնել պատշաճ եւ տարվա եղանակին հարմար հագուստով

Նոյեմբեր 09,2022 13:00
dataran

Մի առիթով նկատել էինք, որ սոցիալական ցանցերում ամենահետաքրքիր քննարկումները փաստաբանների, իրավաբանների էջերում են: Ձեզ եմ ներկայացնում նոյեմբերի 1-ից մինչ օրս նրանց գրառումներից:

Լյուդվիգ Ավետիսյան, Հանրային պաշտպանի գրասենյակ, փաստաբան
ՔԿ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով, ազգությամբ ռուս, Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ, մի շարք հիվանդություններով տառապող, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու համար նա այսօր, ժամը 21-ին, երբ դրսում ջերմաստիճանը 8 աստիճան էր, դատարան էր բերվել առանց տաբատի ու գուլպաների, ռետինե հողաթափերով եւ շորտով, ակնհայտ մրսած վիճակում։ Քննիչը պատճառաբանում է, թե քանի որ նա այդ հագուստներով է բռնվել ու տարվել ՁՊԸ, ապա ինքն իրավունք չունի փոխել նրա հագուստը։ Հետաքրքիր է, թե ով պետք է արգելեր քննիչին, համապատասխան փաստաթղթով, նրա հագուստը փոխել։

Թարմ է հիշողությունները, թե ինչ վրդովմունքի ալիք ապրեցինք, երբ 2013թ. հուլիսի 15-ին Մոսկվայում մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։ Լավ է, որ ամառ էր։ Ինչ է, մենք մեր վերաբերմունքով պետք է կրկնե՞նք ուրիշի՝ անմարդկային վարքագիծը։

Անձը արդեն 2 օր ձերբակալված վիճակում բերվում էր քննչական բաժին եւ վերադարձվում է ՁՊՎ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսվել է այդ ընթացքում պաշտպանական կողմի բազմաթիվ խնդրանք-հորդորները, որ նա Երեւան քաղաքոււմ վարձակալած բնակարանում երեք ճամպրուկներով հագուստ ու կոշիկներ ունի, վերջին հաշվով նրա մոտ կանխիկ գումար է հայտնաբերվել ու վերցվել, սակայն նրա համար տարվա եղանակին հարմար տարրական հագուստ չի ապահովվել։

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, ճանաչեց մեղադրյալի իրավունքների խախտումը, միջնորդության քննությունը հետաձգեց եւ պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին մեղադրյալին դատարան ներկայացնել պատշաճ եւ տարվա եղանակին հարմար հագուստով։

Երվանդ Վարոսյան, փաստաբան
Երեւի կհիշեք, որ ընդդիմության փողոցային պայքարի թեժ պահին, այս տարվա մայիսի 21-ին, քննչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները խուզարկություն իրականացրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա բերման ենթարկեցին նրան։ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով, Արամ Գրիգորյանը կասկածվում էր քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով հավաքներին մասնակցելուն հակելու մեջ։ Զուգահեռաբար իշխանամերձ քարոզչամեքենան օրեր շարունակ ինչ-որ տեսանյութ էր տարածում, փորձելով հանրությանը ներկայացնել, թե իբր ընդդիմության հավաքներին մասնակցության համար գումարներ են բաժանվում։ Ամիսներ տեւած քննության արդյունքում, սակայն, այսօր ստացանք քրեական վարույթը կարճելու մասին որոշումը` Քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցանքի բացակայության պատճառաբանությամբ: Արձանագրենք, որ ինչպես եւ սպասվում էր, պայթեց քաղաքական նպատակներով սանձազերծված հետապնդման տեսք ունեցող հերթական փուչիկը։ Հույս ունենք, որ նման փուչիկներ փչելու, պետական ռեսուրսները նեղ քաղաքական նպատակներով վատնելու սիրահարը վաղ թե ուշ պատասխան կտա նաեւ սրա համար։ Դա կդառնա այն երաշխիքներից մեկը, որ կզսպի ապագա իշխանավորներին քաղաքական նպատակներով իրավապահ մարմինները օգտագործելու գայթակղությունից:

Արսեն Մկրտչյան, փաստաբան
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման իրավունքը տարածվում է նաեւ փաստաթղթային ապացույցների նկատմամբ, ուստի Եվրոպական դատարանի այս դիրքորոշումն իրացնելու նպատակով Օրենսգիրքը սահմանել է, որ քրեական հետապնդման մարմնի աշխատակցի կազմած փաստաթուղթը չի կարող օգտագործվել, եթե մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննել տվյալ փաստաթուղթը ձեռք բերած կամ կազմած պաշտոնատար անձին՝ դրա ձեռքբերման կամ ամրագրման կարգի ենթադրյալ խախտման վերաբերյալ:

Հռետորական հարց՝
– Իսկ եթե ամրագրված կարգի ենթադրյալ խախտմամբ կայացվել է դատավճիռ, այս դրույթն էլ չի՞ գործում:

Հայկ Ալումյան, փաստաբան
Այսօր ամփոփեցի ՀՀ վճռաբեկ դատարան իմ ներկայացրած վճռաբեկ բողոքների վիճակագրությունը եւ պարզվեց, որ գրեթե չի եղել դեպք, որ Վճռաբեկ դատարանը բողոքս բավարարի: Բողոքներիս մոտ 95 տոկոսն առհասարակ վարույթ չի ընդունվել, իսկ այն եզակի դեպքերում, երբ վարույթ է ընդունվել՝ դրանք քննել ու բավարարել է այնպիսի ուշացումով, որ դրա կարիքը վերացած է եղել (օրինակ, անձը արդեն վաղուց ազատության մեջ էր):
Ի՞նչ է ստացվում. կամ ես նորմալ բողոք գրել չգիտեմ, կամ էլ Վճռաբեկում մի բան այնպես չի: Դե իհարկե, ավելի հավանական է առաջին տարբերակը:
Հետո հիշեցի, որ գործերի գերակշիռ մասը, որոնցով Վճռաբեկի մերժումից հետո գնացել ենք Եվրոպական դատարան՝ այնտեղ շահել ենք:

Տիգրան Հայրապետյան, փաստաբան
Շատերը մտածում են, որ մեկ փաստաբանը, թեկուզեւ շատ ուժեղ, չի կարող դիմակայել անարդար համակարգին եւ ցանկալի արդյունք ստանալ իր վստահորդի կամ պաշտպանյալի համար: Գրեթե բոլորը կհամաձայնեն, որ եթե դատավորը մեծ կաշառք է ստացել, ապա այդ գործը հնարավոր չէ շահել: Ցավոք սրտի, երբեմն այսպես են մտածում նաեւ իրավաբանները եւ նույնիսկ որոշ «փաստաբաններ»: Նման կերպ կարող են մտածել նրանք՝ այդ թվում այն դատավորները, դատախազները, քննիչները եւ փաստաբանները, քանի դեռ իրենց հակառակորդը չի եղել այս մարդը: Նրանք կհաստատեն այս խոսքերը, թեկուզեւ ոչ բարձրաձայն: Հայկը մեզ սովորեցնում էր, որ պետք է գործը շահել դեռեւս մինչեւ դատաքննությունը սկսելը: Ընդ որում, սա նա դասական ձեւով ապացուցեց վերջին հայտնի դատաքննության ժամանակ, երբ գործի ելքը վճռվեց դեռեւս գործը չսկսված: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ Հայկը եղել է իմ ուսուցիչը, իսկ հիմա նաեւ ընկերս: Երբեմն երեկոյան ժամը 10:00-ից հետո երբ գրասենյակից տուն եմ գնում, նկատում եմ, թե ինչպես է Հայկը (Ալումյանին նկատի ունի) հիացմունքով համակարգչով աշխատում:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930