Լրահոս
Օրվա լրահոսը

«Շշմելու մարդ է Աստղիկը»

Նոյեմբեր 09,2022 13:30

Աստղիկ Գեւորգյանի 90-ամյակին

«Շատ ուրախ եմ մեր հանդիպման ու ընկերության համար. առ այսօր ես իրենից սովորում եմ, նման գիտելիքներ, ինտելեկտ, աշխարհայացք ունեցող մարդուց անընդհատ ես սովորում»,- Հայաստանի ժուռնալիստների միության նախկին նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանի մասին այսպես է խոսում փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Նաիրա Նահապետյանը: «Ինձ նաեւ ապշեցնում է կյանքի նկատմամբ Աստղիկ Գեւորգյանի ունեցած վերաբերմունքը: Նրա էնտուզիազմն ու բացառիկ լավատեսությունը պարուրում են նաեւ այն մարդկանց, ովքեր իր հետ շփվում են: Ամեն օր, մեր հերթական հեռախոսազրույցից հետո, անկախ այդ օրվա տրամադրությունից, անհնար է Աստղիկի լավատեսությունից չվարակվել: Իսկ նրա հայրենասիրության ու դրա դրսեւորումների մասին անընդհատ ու երկար կարելի է խոսել: Աստղիկ Գեւորգյանի հայրենանվեր արարքները շատ ականատեսների են ապշեցրել»,- հավելում է տիկին Նահապետյանը՝ հիշելով, որ Աստղիկ Գեւորգյանի հետ 2009-ին է ծանոթացել ու մտերմացել են:

Ընկերները տիկին Աստղիկին մեկ բառակապակցությամբ են նկարագրում՝ «հին երեւանցի». միշտ լավատես, կենսախինդ ու կենսուրախ, մարդկանց օգնելու մեծ պատրաստակամությամբ, հայրենիքին ծառայելու պատասխանատվությամբ:

Նաիրա Նահապետյանն այս ամենին մի կարեւոր դրվագ էլ է ավելացնում. «Աստղիկը միշտ եւ բոլոր իրավիճակներում կանացի է՝ կոկիկ, հարդարված, գեղեցիկ, տպավորություն գործող»:

«Շշմելու մարդ է Աստղիկը». այսպես կարճ, բայց հարուստ բնութագրեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Լեւոն Իգիթյանն Աստղիկ Գեւորգյանին: Այս տարի տիկին Գեւորգյանի 90-ամյակն է լրանում ու այդ առիթով Լեւոն Իգիթյանը հարց ունի իշխանությանը. «Ինչի՞ չեն նշում»:

Լեւոն Իգիթյանի հետ մոտ երկու ժամ տեւած՝ «Երեւանի պորտրետը» պայմանական վերնագրով զրույցում, Աստղիկ Գեւորգյանն իր հստակ տեղն ունի:

«Քաղաքի տղերքի մեզնից մեծ սերունդը Խորիկենց (Խորեն Աբրահամյան-Ն. Գ.) սերունդն էր: Իրենք մեզ օրինակ էին: Մի խումբ էր, որին ամեն օր կտեսնեիր Աբովյան փողոցում: Էդ խմբում Հրանտ Շահիրյանն էր, Ալբերտ Ազարյանն էր, Խորիկ Աբրահամյանը, Սվերդլովի Լոլոն՝ ատամնաբույժը: Հետո իրենց միացավ Ազնավուրյանը՝ գիմնաստ: Իրենց հետ էր միշտ մարզիչը՝ Սեմյոն Կարագյոզյանը: Այդ խմբից էր նաեւ Կառլոսը. համալսարանի ուսանող էր, կենսաբանական ֆակուլտետի: Մի անգամ Սիլաչիի կողմերում կռիվ էր եղել, որին ինքը մասնակից է եղել: Գործ էր բացվել: Էդ ժամանակ Աստղիկը Գեւորգյան, Համալսարանի կոմսոմոլի առաջին քարտուղարն էր: Դա մեծ բան էր: Այն ժամանակ մի քանի մեծ բուհեր կային՝ Համալսարանինը, Պոլիտեխնիկինը, որոնց կոմսոմոլի առաջին քարտուղարը ռայկոմի ուժ ուներ: Վերեւից զանգ էին տվել, հանձնարարել էին, որ Համալսարանի կոմսոմոլի կազմակերպությունը Կառլոսի հարցը քննարկի եւ իրեն կոմսոմոլից հանեն: Դա նշանակում էր՝ խաչ քաշել հետագա կյանքի վրա, համալսարանից էլ հեռացնել ու վերջ: Աստղիկը գրավոր պատասխանել էր, որ այդ օրն ամբողջ օրը միասին են եղել՝ այդպիսով փրկելով երիտասարդի ապագան»,-պատմում է Լեւոն Իգիթյանն՝ ամփոփելով. «Մարդկային որակ է, չէ՞: Աստղիկը Գեւորգյան, էդպիսի մարդ է»:

Լեւոն Իգիթյանը պատմում է, որ Աստղիկ Գեւորգյանին հետագայում հանդիպել է նաեւ Երեւանի ավագանիում, որտեղ էլ շարունակել են՝ հանուն Երեւանի եւ երեւանցու աշխատանքը:

Աստղիկ Գեւորգյանը ծնվել է 1932 թվականին Երեւանում։ Սովորել է Երեւանի թիվ 28 միջնակարգ դպրոցում, ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում, ապա՝ ՀԽՍՀ ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղարի տեղակալ, հետո՝ քարտուղար։ 1992-2017 թվականներին եղել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 2008 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ է։ 2009-2018 թվականը՝ Երեւանի ավագանու անդամ: 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի (Մոսկվա) վարչության անդամ է: Աստղիկ Գեւորգյանի «ձեռքի տակով» են անցել երիտասարդ լրագրողներից շատերը:

Պատրաստեց
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտը» շնորհավորում է Աստղիկ Գեւորգյանին՝ մաղթելով առողջ եւ երկար կյանք

«Առավոտ» օրաթերթ
08.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930