Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել եմ աշխարհի 196 երկրում, Ղարաբաղ էլ եմ ուզում գնալ»

Նոյեմբեր 09,2022 12:00

Հայաստան է այցելել անվանի դիրիժոր Շառլ Դյութուան

Առաջին անգամ Հայաստան այցելած հռչակավոր դիրիժոր Շառլ Դյութուան (Շվեյցարիա) «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիայի» եւ Շոպենի 2-րդ դաշնամուրային կոնցերտի մեկնաբանմամբ։ Իբրեւ մենակատար հրավիրված է հայ հանդիսատեսին ծանոթ Նիկոլայ Լուգանսկին։

Արվեստագետի հետ զրույցը սկսեցինք նրա կարիերայի սկիզբը ազդարարող փաստով. 20 տարեկանում երիտասարդ դիրիժորը ֆոն Կարայանի կողմից հրավիրվել է Վիեննայի օպերային թատրոն։ Ինչպես հայտնի է, դիրիժորի կարիերան սովորաբար սկսվում է ավելի հասուն տարիքում։ Այս առնչությամբ մաեստրո Դյութուան ասաց, որ Վիեննայի օպերային թատրոնից հետո անմիջապես հրավեր է ստացել Քովենթ Գարդենից, Մետրոպոլիտենից, Հռոմի, Բեռլինի «Դոյչե», Բուենոս Այրեսի «Կոլոն» եւ այլ հեղինակավոր թատրոններից։

Դիտարկմանը՝ համենայնդեպս, իր կենսագրականում արձանագրված չէ, թե երկար տարիներ աշխատել է որեւէ թատրոնում, մաեստրոն պատասխանեց. «Դա այդպես է։ Սիրում եմ օպերային արվեստը, բայց անցած տարիները ինձ էլ ապացուցեցին, որ իմը նվագախմբի հետ աշխատանքն է։ Ի վերջո, նվագախմբի հետ էլ եմ իրականացրել մի շարք օպերաների համերգային կատարումներ։ Իսկ Չինաստանում իբրեւ բեմադրող դիրիժոր հանդես եմ եկել առաջին անգամ ներկայացվող Ստրավինսկու «Սրբազան գարնան», Բրիտտենի «Պատերազմական ռեքվիեմ», Շտրաուսի «Էլեկտրա», «Սալոմե» օպերաների պրեմիերաներում։ Այս պահին կոնկրետ թվերով չեմ կարող ասել, բայց տասնամյակներ շարունակ աշխատել եմ Ֆիլադելֆիայի, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, յուրաքանչյուր համերգաշրջանում, որը նույնպես տասնամյակներով է հաշվարկվում, համագործակցել եմ Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի նվագախմբերի հետ։ Մշտապես հյուրի կարգավիճակում կանգնել եմ Բեռլինի, Փարիզի, Մյունխենի, Մոսկվայի, Սիդնեյի, Պեկինի, Հոնկոնգի, Շանհայի նվագախմբերի դիրիժորական վահանակների առջեւ։ Բոլորը չես թվարկի»։

Հարցին՝ նպաստե՞լ է որեւէ երիտասարդ դիրիժորի կայանալուն այնպես՝ ինչպես ժամանակին Հերբերտ ֆոն Կարայանը իրեն եւ կա՞ արդյոք որեւէ նվագախումբ, որը ճանաչվել է իր շնորհիվ, մաեստրո Դյութուան հավաստիացրեց, որ երիտասարդ սերնդի նկատմամբ հետաքրքրությունը միշտ դոմինանտել է իր կարիերայում, օրինակ բերեց Ճապոնիայում ավանդաբար անցկացված Sapporo Pacific Music եւ Miyazaki International Music փառատոները, որոնց երաժշտական տնօրենն է հանդիսացել. «Նշածս փառատոները հենց երիտասարդ երաժիշտներին հայտնաբերելու, նրանց ներկայացնելու միջոց էր։ Ինչ վերաբերում է իմ շնորհիվ հայտնի դառնալուն, առանց ավելորդ համեստության նշեմ, որ Մոնրեալի սիմֆոնիկը, որը ղեկավարել եմ 25 տարի, աշխարհում ճանաչում ձեռք բերեց հենց այդ տարիներին։ Եղել են նվագախմբեր, որոնք ղեկավարել եմ 10 եւ ավելի տարիներ, օրինակ՝ մինչեւ 2001թ. Ֆրանսիայի ազգային նվագախմբի՝ սկզբում երաժշտական ղեկավարը, ապա գլխավոր դիրիժորն էի, որից անմիջապես հետո Տոկիոյի NHK սիմֆոնիկի երաժշտական տնօրենն էի, եթե չեմ սխալվում՝ 30 եւ ավելի տարիներ ղեկավարել եմ Ֆիլադելֆիայի նվագախումբը եւ այլն»։

Դիտարկմանը՝ բազմաթիվ մրցանակներ ունեք, նաեւ Գրեմմիի կրկնակի հաղթող եք եւ երաժշտագետները հատուկ նշում են, թե դուք առանձնակի սիրով եք վերաբերվում ձայնագրություններ իրականացնելուն, այն էլ մշտապես խիտ գրաֆիկի առկայությամբ, նույնիսկ աստղաբաշխական թիվ են ներկայացնում՝ ավելի քան 200 ձայնագրություն, մեր զրուցակիցը հաստատեց ասվածը եւ ավելացրեց, թե դա նորմալ է յուրաքանչյուր երաժշտի ստեղծագործական կյանքում։ Ժպտալով էլ հավելեց. «Երկրային կյանքից հետո թողնում ես ի՞նչ՝ ձայնագրություններ եւ տեսագրություններ։ Այստեղ, չեմ կարծում, թե արտառոց բան կա»։

Կատակեցինք՝ այսօր էլ լինելով ամենապահանջված դիրիժորներից մեկը, ով ելույթ է ունեցել հինգ մայրցամաքների երկրների հռչակ վայելող կամ հիմնական նվագախմբերի հետ, նոր եք հայտնաբերում Հայաստանի 97-ամյա ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մաեստրոն ասաց, որ ինքը երբեւէ Հայաստանից հրավեր չի ստացել, սա առաջինն էր, ապա մանրամասնեց. «2000-ականների սկզբին կնոջս հետ իբրեւ զբոսաշրջիկ եղել եմ Հայաստանում։ Մի գաղտնիք բացեմ. ես ու կինս աննկատ ներկա եղանք ֆիլհարմոնիկի փորձին… Սիրում ենք ճանապարհորդել, հատկապես լինել իր պատմությամբ, հնագիտությամբ, արվեստով ու ճարտարապետությամբ առանձնացող երկրներում։ Անձամբ ես եղել եմ աշխարհի 196 երկրում։ Ի դեպ, Ղարաբաղ էլ եմ ուզում գնալ… Կարծում եմ՝ ձեր նվագախմբի ու մաեստրո Թոփչյանի հետ համագործակցությունս չի սահմանափակվի այս այցով»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930